«Հոկտեմբերի 27-ի դեպքը հնարավոր կլիներ կանխել, եթե մարդիկ ծանոթ լինեին իմ գրքում ներկայացված փաստերին». քրեագետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քրեագետ Սերգեյ Գալոյանը ներկայացրեց իր նոր գիրքը՝ «Քրոնիկոն»-ը, որտեղ զետեղված են քաղաքական և քրեական աղմկահարույց հանցագործությունների մասին պատմություններ, որոնք իրականացվել են Հայաստանում կամ որոնց իրականացման մեջ մեղադրվում, կասկածվում են հայեր:
Նրա խոսքով՝ գիրքն արդեն վաղվանից հնարավոր է ձեռք բերել «Նոյյան տապան» գրախանութից, թեև շատ քիչ քանակությամբ է հրատարակվել:
Գրքում զետեղված է, օրինակ, 1977 թ.-ի հունվարի 8-ին Մոսկվայի մետրոյում իրականացված երեք պայթյունների մասին պատմությունը. «Նշեմ, որ այս մետրոյի պայթեցման համար մեղադրվեցին Ստեփան Զատիկյանը և նրա երկու ընկերները՝ Հակոբ Ստեփանյանն ու Զավեն Բաղդասարյանը: Մեղադրանքը կեղծ էր և այս գրքում ես ապացուցում եմ՝ ինչով է կեղծ: Ամենապարզ պատճառն այն է, որ այդ օրը ո՛չ Ստեփան Զատիկյանը և ո՛չ էլ նրա երկու ընկերները Մոսկվայում չեն եղել, և նույնիսկ դրանից 2-3 օր առաջ: Նրանք որևէ կապ չունեն մետրոյի պայթյունի հետ, բայց ռուսական սովետական ԿԳԲ-ն կեղծ մեղադրանք ներկայացրեց, և 1979 թ. հունվարի 24-ին այս երեք մարդկանց գնդակահարեցին: Վերջիններիս անմեղությունն ապացուցեց նեոկոմունիստական կուսակցության առաջնորդ Անդրեյ Սախարովը, որին նույնպես կասկածում էին և եթե չկարողանային բանտարկել մեր երեք տղաներին, ապա այդ մարդուն էին բանտարկելու»:
Ս. Գալոյանն ասում է, որ գիրքը գրելիս հնարավորինս անկողմնակալ է եղել՝ որպես հայ մարդ, բայց ամեն դեպքում բոլոր փաստերը ճշտված են մինչև վերջ՝ ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան աղբյուրներ ունենալով ձեռքի տակ. «Ես 11 տարի այս տվյալները հավաքել եմ և փորձել այս գրքում թեկուզ փոքր ծավալով, բայց հրապարակել: Օրինակ՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին մեզ մոտ ահաբեկչություն իրականացվեց, սակայն մենք մինչև այսօր խոսում ենք այն մասին, որ սա ունիկալ, աննախադեպ մի հանցագործություն է եղել: Բայց այդպես չէ: Պառլամենտը գրավելու և զինված ներխուժման ևս երեք դեպք է եղել տարբեր երկրներում՝ Նիկարագուայում, Ռումինիայում, Ուկրաինայում տարբեր թվականներին: Այդ ներխուժումների հետևանքով ընդամենը 2 մարդ է զոհվել: Ես այս գրքում գրել եմ հիմնականում այն մասին, որ եթե մարդիկ մի քիչ ծանոթ լիներին այստեղ ներկայացված փաստերին, ապա հոկտեմբերի 27-ի դեպքը հնարավոր կլիներ կանխել, խելոք մարդիկ կկանխեին: Այսինքն՝ գիրքը հայ ընթերցողին տալու է այն, ինչը մինչ այժմ չգիտեին»:
Սերգեյ Սարգսյանն անդրադարձավ նաև վաղը կայանալիք դատավարությանը՝ բանդայի գործով: Ըստ նրա՝ վաղը նիստի ժամանակ չափազանց շատ մարդիկ են լինելու և շատ կարևոր հայտարարություն է հնչելու. «Ես արդեն շատ լավ ուսումնասիրել եմ այդ գործը, ամեն ինչ շատ լավ գիտեմ, և պարզվում է, որ այս դատավարությունը պարզապես թատրոն է: Բանդայի դատավարության ժամանակ մինչև այսօր որևէ իր չի գտնվել: Մեքենաներ, հսկայական գումարներ, նկարներ են գողացվել, սակայն դրանցից ոչ մի բան չկա: Նրանք, ովքեր դեռևս մնացել են, դեռևս չեն զոհվել, պետք է ազատ արձակվեն: Բանդայի մասին գիրքն արդեն գրվում է: Ես սպասում եմ վերջնական դատավճռին, որպեսզի գիրքը հրատարակեմ»:
Քրեագետի խոսքով՝ գրքում անդրադարձ կա նաև մարտի 1-ի դեպքերին, Մարտիրոս Սարյանի, Այվազովսկու, Հակոբ Կոջոյանի, Էդվարդ Իսաբեկյանի 15 ստեղծագործությունների՝ Ազգային պատկերասրահից անհետացման և այլ աղմկահարույց դեպքերին: Գրքում անդրադարձ կա նաև չբացահայտված մի շարք հանցագործություններին՝ հատկապես սպանություններին.«Մհեր Տեր-Հարությունյանի սպանությունը, որը չբացահայտվեց, 2009 թ.-ին սպանվեց փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը, սակայն որևէ մեկի նկատմամբ որևէ մեղադրանք չներկայացվեց, 2005 թ.-ի փետրվարի 6-ին սպանվեց Ռաֆայել Շահմուրադյանը «Արմենիա-Լադա»-ի շենքում, դրանից առաջ նրա վրա մահափորձ էր կատարվել հենց Երևանում՝ Բարեկամության մետրոյի տարածքում, սակայն էլի չբացահայտվեց՝ ով է եղել, թեկուզ բոլորի համար էլ պարզ է և այլն»:
Աստղիկ Իսկանդարյան