Բնապահպան. «Արարատյան դաշտը կամաց-կամաց անապատի է վերածվում»
Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանի ջրային ռեսուրսները սպառման վտանգի առջև են կանգնել, ինչի արդյունքում հնարավոր է` Արարատյան դաշտավայրն անապատանա:
Բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքով՝ իրավիճակից դուրս գալու եղանակներից մեկն այն է, որ ձկնաբուծարաններն անցնեն շրջանառվող ջրի օգտագործման.
«Հետո այդ ջուրը կարելի է նաև ոռոգման համար օգտագործել: Եթե այդքանն արդյունք չտա, ես չեմ ուզում ասել, որ հորերը պետք է փակեն, բայց ստիպված ենք լինելու: Մարդիկ ասում են՝ անվերահսկելի հորեր կան շատ մեծ քանակությամբ, որոնք չեն օգտագործվում: Ինչ-որ մեկը ժամանակին արել է, ջուրը թափվում է, և չեն օգտագործում: Դրանք պետք է փակվեն: Այն ձկնաբուծարանները, որոնք չեն ուզում ներդրում անել, որպեսզի այդ ջուրը խնայողաբար օգտագործվի, այդ դեպքում իրենք պետք է փակեն իրենց մոտ:
Եթե հորը փակվի, ձկնաբուծարանն էլ կփակվի: Այնպես որ, սա լուրջ խնդիր է: Ավելի շուտ ջուրը պետք է բազմաթիվ անգամներ օգտագործվի, և դրա հնարավորությունները կան, ուղղակի մի քիչ ներդրում պետք է անել: Իհարկե, վստահ ասել, որ այդ ամենն անենք՝ կվերականգնվի արտեզյան ավազանը, դժվար է, քանի որ կորուստները շատ մեծ են: Բայց, այն, որ պետք է դա անել, դրանում կասկած չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կ. Դաինելյանը:
Նրա խոսքով՝ արդեն 7-8 տարի այս վիճակն է, որը կամաց-կամաց է զարգացել: Հարցին՝ արդյոք այս ընթացքում քայլեր չե՞ն ձեռնարկվել այս իրավիճակից դուրս գալու համար, Կ. Դանիելյանը պատասխանեց՝ ոչինչ չի արվել:
Մեր այն հարցին էլ, թե այս իրավիճակն, ի վերջո, ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել, բնապահպանը պատասխանեց, թե ոչինչ չանելու դեպքում՝ հետևանքները շատ մեծ կլինեն. «Որովհետև Արարատյան դաշտն ուղղակի անապատի կվերածվի: Այնպես որ, շատ վտանգավոր է: Արարատյան դաշտը, որ մեր հիմնական գյուղատնտեսական մթերքների արտադրողն է, չի կարող այլևս, պետք է կամաց-կամաց անապատի վերածվի: Այն ուղղակիորեն կապված է և՛ գյուղատնտեսության հետ, և՛ այնտեղ մարդիկ են ապրում, և՛ այնտեղ տուրիզմ է զարգանում: Անապատում տուրիզմ կզարգանա՞»:
Կ.Դանիելյանը նշեց, որ իրենք՝ մի խումբ մասնագետներով, վերջերս գնացել են Արարատ, ծանոթացել են իրավիճակին, բայց նորից պետք է գնան: Այցի ժամանակ շատ մարդկանց հետ են խոսել, բավականին մեծ ինֆորմացիա են ստացել:
Մենք հետաքրքրվեցինք նաև, թե կառավարությունն ինչպե՞ս է վերաբերվում այս խնդրին, ի՞նչ ծրագրեր ունի արտեզյան ջրերի վերականգնման համար: Ի պատասխան՝ Կ. Դանիելյանը նշեց, որ կառավարությունն էլ է այդ ուղղությամբ մտածում. «Հիմա մենք ծրագիր են իրականացնում հ/կ-ների և կառավարության հետ, որտեղ դրել ենք նաև Արարատյան արտեզյան ավազանի հիմնախնդիրը: Պետք է, որ այդ ուղղությամբ զբաղվեն, որովհետև դա շատ լուրջ հարված է Հայաստանին»: