Բաժիններ՝

Հայաստանը պետք է մտքից հանի ինչ-որ միությունների փեշի տակ մտնելու գաղափարից. Տնտեսագետ

«Այդ պատժամիջոցերին պետք չէ նայել որպես մի երևույթ, որը կացնի և կգնա, որովհետև այն, ինչ հիմա կատարվում է աշխարհում, շատ ծանր և երկարատև պրոցես է: Միաբևեռ աշխարհը վերափոխվում է առնվազն երկբևեռության, իսկ երբ բևեռները սկսում են մեկից ավելանալ, դա բերում է աշխարհում ցնցումների: Այսիքին՝ դա կլինի երկարատև և ծանր պրոցես ամբողջ աշխարհում»,- այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ խոսելով Արևմուտքի և Ռուսաստանի կողմից միմյան նկատմամբ սահմանող պատժամիջոցների մասին:

Հ. Մեսրոբյանի խոսքով՝ այն վերլուծաբանները, որոնց թվում է, թե շատ շուտով Ռուսաստանը կչոքի՝ «բառացիորեն տգետ են Ռուսաստանի պատմությունից».

«Ռուսաստանը շատ ավելի վատ վիճակներում է եղել և հետո դուրս է եկել նոր որակով՝ ավելի ագրեսիվ կայսրություն: Դա Ռուսաստանի պատմությունն է առնվազն կես հազարամյակ»:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ սխալվում են նաև այն վերլուծաբանները, որոնք գտնում են, թե այդ պատժամիջոցներից Արևմուտքը նահանջ կապրի, քանի որ, ըստ նրա՝ Արևմուտքի համար էլ դա կյանքի ու մահու պայքար է:

Կարդացեք նաև

Ըստ Հ. Մեսրոբյանի՝ Հայաստանը պետք է մտքից հանի ինչ-որ միությունների փեշի տակ մտնելու գաղափարից. «Երբ սկսում են ստրկամիտ խոսել այն բանի մասին, թե ով է մեզ թույլ տալու, ով է մեզ հարցնում, մեր, այսպես կոչված՝ էլիտայի ճնշող մեծամասնությունը հոգեբանությամբ ստրուկ է: Եվ բնական է, երբ նման էլիտան գալիս է և արդեն 20-25 տարի իշխում է Հայաստանում՝ մտածելով ամեն մի փեշի տակ մտնելու մասին, չեն գիտակցում մի պարզ ճշմարտություն. դրսի նայողը, երբ տեսնում է՝ դիմացինը փորձում է փեշի տակ մտնել, դրան վերաբերվում է համապատասխանաբար:

Եթ նա տեսնում է՝ դիմացը կա պետություն, որի վերնախավը գիտակցում է իր շահերը և ոչ միայն գիտակցում է, այլ նաև տևական ժամանակ քայլ առ քայլ պայքարում է իր շահերի համար, շատ դանդաղ կողքինները սկսում են կամաց-կամաց հաշվի նստել տվյալ պետության հետ: Այս պարագայում հեչ կարևոր չէ՝ Հայաստանը որտեղ է՝ Միացյալն նահանգների փեշի տա՞կ, Ռուսաստանի՞, թե՞ Եվրամիության»:

Հ. Մեսրոբյանի կարծիքով՝ Հայաստանի արտաքին աշխարհում այս դիրքավորումը մեծապես կախված է մեր ներքին նիստուկացից. «Մեզ մոտ 1991 թվականին բավականին անհաջող պետական կառվարման համակարգ է ստեղծվել և մեզանում հաղթել է բացասական ընտրասերումը, երբ ինչքան մարդ քիչ արժանիքներ ունի, այնքան մեծ է հավանականությունը, որ նրա դիրքը կառավարման բուրգում կբարձրանա: Այս պայմաններում, ինչպես էլ շարունակվի այդ հակամարտությունը և պատժամիջոցները և այլն, Հայաստանը օգուտ չի ունենա»:

Կառավարման փորձագետը նշեց, որ հաճախ և՛ տնտեսագետները, և՛ քաղաքական ուժերը օգտագործում են բացառապես թվային դաշտը. «Ասում են ՀՆԱ-ն 1.2%-ով աճեց, իսկ այս պետության մեջ 2 %-ով նվազեց: Եկեք հասկանանք, որ նման մոտեցումը գրագետ մոտեցում չէ: Միշտ խոսում են առաջին հերթին կառուցվածքով:

Օրինակ, ՀՆԱ-ի կառուցվածքը, Առևտրային հաշվեկշռի ներմուծման և արտահանման իմաստով կառուցվածքը և այլն: Օրինակ, 1999-2008 թվականը՝ մինչև ճգնաժամը, ասում են զարգացում է եղել: Ո՛չ, մեզ մոտ աճ է եղել, թվաբանական աճ: Հայաստանը չէր զարգանում: Այն, որ Հայաստանը չէր զարգանում ցայտուն երևաց 2008 թվականի ճգնաժամի ժամանակ, երբ համարյա 15%-ով, այն էլ պաշտոնական տվյալներով, տնտեսությունն անկում ապրեց: Ինչպե՞ս կարող է մի պետություն տարիներ շարունակ զարգանալ, մեկ տարում ունենալ համար 1 անկում: Ուրեմն, չենք զարգացել, աճել ենք»:

Լրագրողի այն դիտարկմանը, որ, բազմաթիվ փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանում ռուսական ընկերությունների վրա այդ պատժամիջոցները չեն անդրադառնա, որովհետև կառավարվում են մեր երկրում մեր Սահմանադրությամբ, տնտեսագետն ասաց, որ այդ մարդիկ ուղղակի կառավարման մասնագետ չեն: Նա նկատեց, որ կառավարման մասնագետը գիտի, որ ցանկացած փոխկապակցվածություն համակարգ է.

«Կառավարման մասնագետը գիտի, որ հերիք է համակարգում որևէ ենթահամակարգի մեջ փոփոխություն լինի, անհնար է ազդեցություն չունենա: Եթե կան մարդիկ, ովքեր դա չեն հասկանում, թող գնան կրթվեն»:

Մեկ այլ լրագրող էլ նկատեց, որ շատ տնտեսագետներ էլ գտնում են, որ այս պատժամիջոցների արդյունքում Հայաստանի արտահանումը Ռուսաստան ավելի կմեծանա: Հ.Մեսրոբյանն ասաց, որ դա տեսականորեն ճիշտ է, բայց Հայաստանն անորակ պետական կառավարման համակարգ ունի, իսկ անորակ համակարգը չի կարող որակյալ օգտվել փոփոխվող իրավիճակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս