Ամանդա Փոլ. «…Մի գեղեցիկ օր պատերազմի սպառնալիքը և բախումները կբերեն շատ տգեղ հետևանքների»

Հարցազրույց Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» («European Policy Centre») քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլի հետ

– Ինչպե՞ս կգնահատեք սեպտեմբերի 4-ին Ուելսի Նյուպորտ քաղաքում ամերիկյան նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Աշխարհաքաղաքական ի՞նչ նշանակություն ուներ ամերիկյան այդ միջնորդությունը:

– Թեև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մոտ ապագայում կարգավորելու հույսերը քիչ են, այնուհանդերձ կարևոր է, որ խաղաղության գործընթացը շարունակվի, և երկու նախագահները որքան հնարավոր է հաճախ հանդիպեն: Իհարկե, ակնհայտ է, որ գործընթացը պետք է լինի ավելին, քան զրույցի տաղավար` ինչպես ժամանակին ձևակերպել է Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը` «ավելի լավ է շատախոսել-շատախոսել, քան պատերազմել-պատերազմել»: Շարունակելով երկխոսությունը` գրեթե մոռացվում է այն հանգամանքը, որ Եվրոպայի ետնաբակում եռում է շատ վտանգավոր հակամարտություն, որը մեծապես նպաստում է լարվածության ավելացմանը շփման գծում, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին:

Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական նշանակությանը, իհարկե, կարելի է ասել, որ նմանատիպ հանդիպումները թույլ չեն տալիս Ռուսաստանին խնդիրը դարձնել իր մենաշնորհը, բայց, միևնույն ժամանակ, այնպիսի հավաքները, ինչպիսին են ՆԱՏՕ-ի գագաթաժողովը և ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը, որտեղ ներկա են լինում և´ Սարգսյանը, և´ Ալիևը, հիանալի հնարավորություն են ընձեռում այդպիսի երկխոսություն կազմակերպելու համար: Ռուսաստանի դերը պետք է հավասարակշռել, քանի որ նա իրեն ներկայացնում է՝ որպես միակ խաղացող, ով կարող է ազդել Հայաստանի և Ադրբեջանի վրա: Նախագահ Պուտինը ցույց տվեց դա Սոչիի վերջին հանդիպմանը:

Ինչևէ, հաշվի առնելով Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և նրա ապակառուցողական դերակատարությունը տարածաշրջանային մյուս հակամարտություններում` կարելի է ասել, որ Ռուսաստանը հեռու է խաղաղարար լինելուց, ընդհակառակը` նա օգտագործում է հակամարտություններն իր ազդեցությունն ավելացնելու, իր սեփական շահն առաջ տանելու և անվտանգության սպառնալիքը մեծացնելու նպատակով` մասնավորապես շարունակելով զենք վաճառել Հայաստանին և Ադրբեջանին:

– Կարծում եք` ամերիկյան միջնորդությունը և առաջիկայում ֆրանսիական նախաձեռնությամբ կայանալիք եռակողմ հանդիպումը կնպաստե՞ն հետագա սահմանային միջադեպերը կանխելուն և բանակցությունների առաջընթացին:

– Կարծում եմ` այդ նախաձեռնությունները ողջունելի են և պետք է դիտարկվեն որպես կարևոր պայման` երկու առաջնորդների միջև կապը պահպանելու և միգուցե հետագա լարվածությունը կանխելու իմաստով: Նաև կարևոր է, որ միջնորդները դրսևորեն թափանցիկ և չեզոք մոտեցում: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, խոսակցություններ կային, որ քայլեր են կատարվելու Լեռնային Ղարաբաղի հասարակությանը խաղաղության գործընթացի մեջ ներգրավելու ուղղությամբ: Կարծում եմ` նրանց ներկայությունը բանակցություններին օգտակար կլինի` հաշվի առնելով այն, որ բանակցությունները նրանց ապագային են վերաբերում: Բայց մենք պետք է հիշենք, որ երբ ասում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հասարակություն, դա ոչ միայն Ղարաբաղի հայ բնակչությունն է, այլև տեղահանված ադրբեջանցի բնակչությունը: Բոլոր նրանք, ում վրա ազդել է հակամարտությունը, պետք է հնարավորություն ունենան նստելու բանակցությունների սեղանի շուրջ:

– Իսկ այս նոր ձևաչափերը կարո՞ղ են Մինսկի խմբի փլուզման պատճառ դառնալ:

– Չեմ կարծում, որ Մինսկի խումբը կարող է փլուզվել: Իսկապես Ջոն Քերին Ուելսում
ընդգծեց Մինսկի խմբի կարևորությունը: Գուցե Մինսկի խումբն անհրաժեշտ է ընդլայնել, որպեսզի ներարկվեն նոր գաղափարներ: Ի վերջո, ոչ թե Մինսկի խումբն է պատասխանատու խնդրի լուծման համար, այլ Ադրբեջանը և Հայաստանը, և այսօր մենք ավելի հեռու ենք հաշտության պայմանագրից, քան քսան տարի առաջ: Ամեն անցնող տարով հակամարտությունն ավելի խոր արմատներ է գցում, և ավելի բարդ է դառնում այն լուծելը, հետևաբար՝ ավելի վտանգավոր են դառնում բախումները, ինչպես օգոստոսի սկզբին, երբ զոհվեց 20-30 զինվոր:

Ղարաբաղը չպետք է ետին պլան մղվի այն պատճառով, որ բանակցություններում առաջընթաց չկա: Այն պետք է ավելի բարձր տեղ զբաղեցնի միջազգային օրակարգում, և ավելի մեծ ջանքեր պետք է գործադրվեն առաջընթացն ապահովելու համար, որովհետև եթե դա չարվի, մի գեղեցիկ օր պատերազմի սպառնալիքը և բախումները կբերեն շատ տգեղ հետևանքների:

Հետևաբար, Մինսկի խմբի առկայությունը նշանակում է, որ այն պետք է մնա խաղաղ բանակցությունների միակ հարթակը: Նոր ձևաչափերը կարող են լրացնել երկխոսությունը:

– Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին սովորական մի իրադարձությո՞ւն էր, թե՞ այն պետք է համարել յուրօրինակ ուղերձ այն մասին, որ Հայաստանը կարևորում է Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները` գագաթաժողովին մասնակցելով 2013 թ. սեպտեմբերի 3-ից ուղիղ մեկ տարի անց:

– ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների արժևորումն ավելի կարևոր է դարձել Եվրամիության հետ Ասոցացման` ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրից հրաժարվելուց և փոխարենը՝ Ռուսաստանի առաջնորդած Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունից մեկ տարի անց, քանի որ Երևանը չի ցանկանում, որ Հայաստանը դիտարկվի որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լիարժեք վերահսկողության տակ գտնվող երկիր:

Ուստի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը շահավետ է, քանի որ այս տեսանկյունից առայժմ պարզ չէ, թե, ի վերջո, Հայաստանն ինչ տեսակի հարաբերություններ/համաձայնագիր կունենա ԵՄ-ի հետ: Թեև, եթե մի օր Ռուսաստանը որոշի, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները չափից ավելի են սերտացել, նա կարող է պահանջել կուրսի փոփոխություն: Հաշվի առնելով Հայաստանի խորը հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ ռազմական և անվտանգության ոլորտներում` այդպիսի պահանջն անհնար է թվում, բայց, մյուս կողմից՝ մենք գիտենք, որ Պուտինի համար անհնար ոչինչ չկա:

– Քանի որ շատ լավ ծանոթ եք նաև Թուրքիային, նրա ներքին և արտաքին քաղաքականությանը, հետաքրքիր է, թե ինչ եք կարծում հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին: Էրդողանն ընտրվեց Թուրքիայի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ մասնակցեց նրա երդմնակալության արարողությանը` Էրդողանին հանձնելով ՀՀ նախագահի պաշտոնական հրավերը` 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

– Իսկապես Նալբանդյանն օգտագործեց այցն Էրդողանին պաշտոնական հրավերը հանձնելու համար, որպեսզի վերջինս 2015 թ. ապրիլին այցելի Հայաստան և մասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը: Անկարան դեռևս չի պատասխանել այդ հրավերին: Ինչպես Էրդողանը` Ադրբեջան կատարած այցի ժամանակ, այնպես էլ՝ իշխանության մյուս ներկայացուցիչները, այդ թվում` վարչապետ Դավութօղլուն և արտգործնախարար Չավուշօղլուն, հստակ հայտարարեցին, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում իրենց քաղաքականության առաջնահերթությունն է: Այսպիսով, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների առաջընթացն ուղղակիորեն կապում է Լեռնային Ղարաբաղի, մասնավորապես՝ օկուպացված ադրբեջանական տարածքները վերադարձնելու հետ: Թուրքիայի այս քաղաքականությունը չի փոխվի:

 

Տեսանյութեր

Լրահոս