
Գազայի հատվածն օկուպացնելու Իսրայելի ծրագրերը մտահոգություն են առաջացրել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի լիակատար օկուպացիայի ծրագրերի մասին, ինչն արձագանքի է արժանացել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
BBC-ն հաղորդում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան նման ծրագրերը շատ մտահոգիչ է համարում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նա նշել է, որ դա աղետալի հետևանքներ կունենա, և ավելի շատ պաղեստինցիների կյանքը վտանգի կենթարկվի։
Յենչան կրկնել է հրադադարի և պատանդների ազատ արձակման կոչերը՝ հավելելով, որ պաղեստինցիներն անմարդկային վիճակում են գտնվում։
Իսրայելի բանակն արդեն վերահսկում է Գազայի հատվածի 75%-ը, սակայն նոր ծրագրով նպատակ է դրվում օկուպացնել ամբողջ տարածաշրջանը, այդ թվում՝ այն հատվածները, որտեղ այժմ ապրում է ավելի քան 2 միլիոն պաղեստինցի։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների աղբյուրների՝ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրն օգոստոսի 5-ին վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պաղեստինյան անկլավի ամբողջական օկուպացիան վտանգի տակ կդնի ՀԱՄԱՍ-ի մոտ մնացած պատանդներին և ուժասպառ կանի բանակը։
Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կենտրոնացած է Գազայում սննդի բաշխման վրա, իսկ Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացումն Իսրայելի գործն է։