Վահագն Խաչատրյան. ՀՀ-ն հույս ուներ, որ իր կողմից ԱՀԿ-ի հետ կբանակցի ՌԴ-ն
«Փորձը ցույց է տալիս, որ իրենք կա՛մ չեն տիրապետում, կա՛մ մտածված իրականությունը չեն ասում: Գոնե պետք է պարզաբանում տան Իգոր Շուվալովի հայտարարությանը, որ ՀՀ-ն ունի ԱՀԿ-ի հետ կապված խնդիրներ, և ինքը պետք է դա լուծի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նա հիշեցրեց, որ նախկինում, երբ հարց էր բարձրացվել, ՀՀ իշխանություններն ասել էին, թե այդ խնդիրները կլուծի ՄՄ-ն: Ըստ Խաչատրյանի՝ նման նախադեպ կա՝ Եվրամիությունը ԱՀԿ-ի հետ առանձին համաձայնագիր ունի և ԵՄ անդամ բոլոր երկրների խնդիրները լուծում է ԵՄ-ն, ոչ թե առանձին երկրները. «Իսկ ՄՄ-ն չի կարող լուծել, որովհետև ՄՄ անդամ երկու երկիր ԱՀԿ անդամ չեն այսօր: ՀՀ-ն հույս ուներ, որ իր կողմից ԱՀԿ-ի հետ կբանակցի ՌԴ-ն: Բայց ՌԴ-ն այսօր ԱՀԿ-ի հետ խնդիր չունի, նա իր անդամության բանակցությունները վերջերս է ավարտել, իսկ արտոնությունների ժամկետն ավարտվում է 2020 թվականին»:
Վ.Խաչատրյանը նշեց, որ ԱՀԿ-ի անդամության ժամանակ Հայաստանին տրված արտոնությունները վաղուց ավարտվել են և այժմ, ըստ համաձայնագրի, մաքսատուրքերը պետք է լինեն մինչև 10%, ավելի չեն կարող սահմանվել.
«Եթե սահմանենք, պետք է այն երկրներին, որոնց հետ առևտուր ունենք, նախապես զգուշացնենք: Իշխանությունը իրավունք ունի ասել, թե խնդիր չի ունենա ԱՀԿ-ի հետ միայն այն դեպքում, երբ կդիմի բոլոր երկրներին: Օրինակ՝ Բրազիլիայից միս են ներկրում, եթե մսի մաքսատուքը շատ ավելի բարձր լինի, պետք է ավել վճարի: Հիմա Բրազիլիան համաձայնե՞լ է, թե՞ ոչ: Իսկ քանի որ մաքսատուրքերը բարձրացնելու դեպքում ունենում ես առավել շահույթ, պետք է կիսվես մյուս կողմի հետ»:
Վ.Խաչատրյանի խոսքով՝ խնդիրը այն է, որ 2014 թ. մարտին ընդունված «Ճանապարհային քարտեզում» ասվում է՝ դիմել ԱՀԿ-ին այս տարա ընթացքում. «Հստակ գրված է, թե ինչ պետք է արվի: Նախօրոք պետք է արվի, որովհետև եթե հոկտեմբեր-նոյեմբերին անդամակցենք, հետո դիմենք ԱՀԿ, այնտեղ գործընթացը բավականին երկար է ու, եթե որևէ մեկը փետրվարին ապրանք է մատակարարում, պետք է 3 անգամ ավելի մաքսատուրք վճարի՞: Ի՞նչ, պետք է համոզե՞ն «գեղական» կարգով: Իրենք լուրջ չեն վերաբերվում իրենց, ու քանի որ պետությանն էլ լուրջ չեն վերաբերվում, նույն կերպ միջազգային կառույցներին են վերաբերվում: Դրա համար սեպտեմբերի 3 է լինում, միանգամից որոշում են: Նույն կերպ վերաբերվում են Ղարաբաղի սահմանին մաքսակետին: Խնդիրը կա և դեռ չի լուծվել»:
Տնտեսագետը նշեց, որ մի ուրիշ հարց էլ կա, որը հետագայում կարող է խնդիր դառնալ ԱՀԿ սահմաներում՝ գազի ցածր գինը. «ՀՀ-ն ցեմենտ է արտադրում, որի վրա քիչ գազ ու քիչ էլեկտրաէներգիա է ծախսում, արդյունքում հարևանի արտադրած ցեմենտը կորցնում է մրցունակությունը: Այս դեպքում, ԱՀԿ համաձայն, լրացուցիչ շահույթը պետք է կիսվի այդ երկրի հետ»:
Հարցին՝ Թուրքիան կարո՞ղ է խոչընդոտել և ՀՀ-ԱՀԿ բանակցությունները տապալվեն, Վ.Խաչատրյանը պատասխանեց. «Թուքրիան մի քիչ ուրիշ է, որովհետև Թուրքիայի հետ անմիջական առևտուր չունենք: Մաքսայինով ֆիքսված ներկրում կա, բայց դա կախված է, թե ձևակերպումն ինչպես է լինում՝ ծագումը թուրքական է, բայց ստանում ենք Վրաստանից: Եթե ուղիղ Թուրքիայից ստանանք, խնդիր կառաջանա»: