Բ. Նավասարդյանը՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամագրվելու մասին. «Շատ անորոշ իրավիճակ է»
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը, և ցանկանում է մասնակցել նաև Եվրասիական միության ձևավորմանը: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ այդ հայտարարության հենց բովանդակության հետ կապված բավականին փոփոխություններ են տեղի ունեցել այս ընթացքում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ ենթադրվում էր՝ Հայաստանի՝ Մաքսային միությանը մասնակցելու խնդիր չկա, մնում է՝ Հայաստանը դա ցանկանա, և միակ հարցը, որ մնում է՝ արդյոք Հայաստանը դառնո՞ւմ է նորաստեղծ Եվրասիական միության հիմնադիր անդամ, թե՞ ոչ:
«Այդ հայտարարության բովանդակության հեռանկարները մենք արդեն տեսանք, որ չիրականացան: Այսինքն՝ Հայաստանը չի որոշողը՝ ինքը դառնում է Մաքսային միության անդա՞մ, թե՞ ոչ: Այնտեղ կան այլ որոշողներ՝ այսինքն՝ այդ միության հիմնադիր անդամ 3 երկրները: Նրանց միջև, ինչպես տեսանք բազմաթիվ հանդիպումների և հայտարարությունների ժամանակ, միակարծություն չկա այդ հարցում, և արդեն իսկ Հայաստանի մտադրությունը՝ դառանալ Եվրասիական միության հիմնադիր անդամ, չիրականացավ, որովհետև Եվրասիական միությունը հիմնադրվել է, և Հայաստանը հիմնադիրների կազմում չէ»:
Բ.Նավասարդյանի խոսքով՝ բավականին շատ բան փոխվել է, և, ընդհանրապես, Մաքսային միության միանալը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Մաքսային միությունը բնական ճանապարհով արդեն լուծվել է Եվրասիական տնտեսական միության մեջ, որպես առանձին միավոր՝ ինքն այլևս գոյություն չունի, և Մաքսային միության անդամ դառնալը նշանակում է նաև Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալ. «Շատ դժվար է այսօր ասել՝ արդյոք հոկտեմբերի 10-ին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու հարցը կլուծվի՞ դրականորեն, թե՞ ոչ, որովհետև եթե մարտին, ապրիլին մայիսին մենք լսում էինք ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարությունների կարծիքներն այդ հարցի շուրջ, այլ նաև Ղազախստանի և Բելառուսի ղեկավարների կարծիքները, այսօր այդ կարծիքները մենք չենք լսում, և դա դժվարացնում է մեր կանխատեսումները»:
Բ. Նավասրդյանը նկատեց, որ զուգահեռաբար մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի և գոնե Ղազախստանի միջև առաջ են գալիս որոշակի խնդիրներ՝ կապված Ղազախստանի՝ որպես ինքնիշխան պետություն զարգանալու և ուժեղանալու ցանկությանը, և Եվրասիական միության էությունը ինչ-որ տեղ հակասում է դրան.
«Դա է պատճառը, որ մենք վերջին ամիսներին տեսնում ենք, որ Ղազախստանի նախագահ Նազարբաևը անընդհատ փորձեր է անում այլընտրանքային ինտեգրացիոն մոդելների մեջ նաև ներգրավված լինել: Եթե վերլուծենք Ղազախստանի տնտեսական զարգացուները, ապա տեսնում ենք, որ Հայաստանի տնտեսության մեջ ավելի ու ավելի մեծ դեր է սկսում խաղալ Չինաստանը: Այսինքն՝ միաժամանակ Ղազախստանը մասնակցում է 3 տարբեր ինտեգրացիոն մոդելներում, ձևաչափերում՝ փորձելով հավասարակշռել ազդեցությունն այդ 3 մոդելների: Եվ մեջտեղում հայտնվելով՝ Ղազախստանն ինչ-որ տեղ նաև կոմպլիմենտար քաղաքականություն է իրականացնում: Եվ այս պայմաններում՝ ինչքանո՞վ Ղազախստանը կցանկանա, որ Հայաստանը դառնա Եվրասիական միության անդամ, շատ կասակածելի է, որ կցանկանա, քանի որ եթե 4-ն են դառնում Եվրասիական միության անդամները, ապա Ռուսաստանի ձայներն այդ միությունում ուղղակի կրկնապատկվում են, և դա, բնակնաբար, Ղազախստանին ձեռնտու չէ»:
Միևնույն ժամանակ Բ.Նավասարդյանը նկատեց, որ Հայաստանը և Վլադիմիր Պուտինն ապացուցել են, որ շատ վճռական են արտաքին քաղաքականությունը իրականացնելիս. «Այստեղ Հայաստանը դժվար թե լուրջ ազդեցություն կարողանա ունենալ, որովհետև միակ երկիրը, ում հետ Հայաստանը ինչ-որ երկխոսության մեջ է, դա Մոսկվան է: Մոսկվան շահագրգռված է Հայաստանին տեսնել Եվրասիական միությունում, մյուս երկուսը շահագրգռված չեն, բայց Հայաստանի և նրանց միջև, որքան հասկանում եմ, որևէ դիվանագիտական երկխոսություն, պայմանավորվածություններ, համաձայնեցումներ տեղի չեն ունենում: Այսինքն՝ շատ անորոշ իրավիճակ է»:
Բ. Նավասարդյանը նշեց, որ եթե մինչ հոկտեմբերի 10-ը Ռուսաստանը Ուկրաինայի, Արևմուտքի հետ կապված իր հակամարտության պայմաններում հասնի որոշակի հաջողությունների, կարողանա կայունացնել այն իրավիճակը, որ իրեն ձեռնտու է, ապա պարզ է, որ ավելի շատ ներուժ կարող է ներդնել այս մյուս հարցում, եթե ինքն այնտեղ ունենա խնդիրներ, պարզ է, որ թուլանալու է այս ճակատում:
Ըստ Բ.Նավասարդյանի՝ Հայաստանը հնարավորինս պետք է ցույց տա բոլորին, որ ինքն ունի գոնե որշակի ընտրության հնարավորություններ: Նա նկատեց, որ երբ Ռուսաստանի կողմից ճնշումներ են գալիս Հայաստանի վրա, մեր իշխանությունները սկսում են ամեն ինչից՝ բոլոր այլընտրանքներից հրաժարվել, և, փաստորեն, այդ ճնշումների համար տեղի են տալիս. «Դա խոսում է կախվածության աստիճանի մասին: Ինչ-որ տեղ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մի քիչ խորհրդանշական բան էր, բայց ամեն դեպքում ցուցադրում էր, որ մենք ունենք նաև այլ գործընկերներ, մենք կարող ենք մասնակցել նաև այնպիսի ձևաչափերում, որտեղ Ռուսաստանը չկա, կարող ենք նույնիսկ միանալ մի փաստաթղթի, որտեղ բավականին դառը խոսքեր կան Ռուսաստանի մասին: Դրանք փոքր մեսիջներ են, որ մենք էլ ենք ինքնիշխան երկիր և կարող ենք ունենալ Ռուսաստանից տարբերվող ազգային, պետական շահեր»: