
Հաստատվել է քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը

Այսօր ՀՀ կառավարության նիստի օրակարգի մոտ մեկ տասնյակ հարց նվիրված է եղել ՀՀ նորաստեղծ քննչական կոմիտեի գործունեությանը: Նախ կառավարությունը հաստատել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողների ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ տրվող հավելումների չափերը և դեպքերը: Հաջորդ որոշումներով հաստատվել են քննչական կոմիտեի կառուցվածքը, քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, կոմիտեի անվանացանկը և հաստիքացուցակը, սահմանվել են քննչական կոմիտեի խորհրդանիշի նկարագիրը և ձևը, քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը:
Սահմանվել է նաև, որ քննչական կոմիտեում ծառայություն անցնելու կապակցությամբ կոմիտեի ծառայողներին նախկինում շնորհված կոչումները (դասային աստիճանները) պահպանվում են և համապատասխանեցվում օրենքով սահմանված կոչումներին:
Քանի որ ՀՀ քննչական կոմիտեն ձևավորվում է ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների թվակազմերի հաշվին, կառավարության որոշմամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում գույքագրված նյութական արժեքները, անձնական պաշտպանության հատուկ միջոցներն ու գույքային շարժական և անշարժ կազմը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին:
Քննչական կոմիտեի համակարգչային տեխնիկայի, գրասենյակային նյութերի ձեռքբերման և նախաքննության ընթացքում քննիչների կատարած ծախսի փոխհատուցման նպատակով կոմիտեին է հատկացվել մոտ 67 մլն դրամ: