
Մարգվելաշվիլին պատրաստ է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցը քննարկել անձամբ Պուտինի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Լոնդոնում գտնվող Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել երկրի (Աբխազիայի ու Հարավային Օսիայի) ապաօկուպացման հարցը:
Վրաստանի նախագահն ընդգծել է, որ իրենք չեն հասկանում, թե ինչու է խոշոր և միջուկային տերությունն օկուպացրած պահում հարևան երկրների տարածքները, և ինչպես է անհրաժեշտ գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը.
«Բնականաբար, ես կմեկնեմ և՛ Մոսկվա, և՛ յուրաքանչյուր այլ քաղաք, ուր կքննարկվեն այդ հարցերը: Սակայն եթե մենք քննարկելու ենք օրինակ Ստալինի մանկությունը, ապա չեմ կարծում, որ այդ հարցերը պետք է քննարկել նման բարձր մակարդակով:
Ցանկանում եմ մեկ անգամ ևս կրկնել, որ եթե մենք ռուս գործընկերոջ հետ խոսելու ենք, թե ինչպես դուրս գալ այն բարդ իրավիճակից, որն առաջացել է Վրաստանի տարածքների օկուպացումից, ապա բնականաբար ես համաձայն եմ հանդիպել նրա հետ»: