Հայաստանի վերջին դարպասները. Սյունիքի Եղվարդ գյուղը՝ լքվելու սպառնալիքի առջև
Երևանի հարևանությամբ գտնվող Եղվարդ քաղաքը բոլորին քաջ հայտնի է, հարուստներն այստեղ սիրում են ամառանոցներ կառուցել: Իսկ ահա Կապանի շրջանի համանուն գյուղական համայնքը քչերին է հայտնի ու շատ քչերին է հետաքրքրում: Անգամ ընտրությունների ժամանակ է այն անուշադրության մատնված: Եղվարդցիներն ասում են, որ նախագահական վերջին ընտրությունների օրերին ոչ մեկն իրենց «դուռը չի թակել»: Մինչդեռ գյուղի նախկին անունը Աղայուրտ է եղել` «աղայի բնակավայր», որ հետո խորհրդային տարիներին անվանակոչվել է Եղվարդ:
Սահմանամերձ այս գյուղը դարեր շարունակ դիմակայել է թշնամուն, արաբ, մոնղոլ և թուրք հորդաների կողմից բազմիցս ավերվել և վերականգնվել է: Բայց այսօր Արցախյան պատերազմում հաղթանակած գյուղը հետզհետե դատարկվում է: Եթե խորհրդային տարիներին այստեղ 320 երեխա էր դպրոց հաճախում, ապա այժմ ամբողջ բնակչության թիվն ընդամենը 270 է: Շատ ընտանիքներ կողպել են իրենց տան դռներն ու մեկնել Կապան, Երևան կամ Ռուսաստան` ապրուստ վաստակելու հույսով:
«Փողոցները` փոշոտ, ասֆալտ չկա, լուսավորություն չկա, ջուր չկա… Սովետի մասին վատն են խոսում, բայց էնքան ջուր էին տալիս, որ փողոցներն էինք լվանում: Սովետը թփուտները յուրացրել, արտ էր դարձրել, հիմա մեր արտերը թփակալել են: Եթե էն ժամանակ 300 հա էին վարում, հիմա` հազիվ 40-50 հա: Մեր դաշտերն անձրևի հույսին են, գյուղացիք էլ ապրում են անասուն պահելով,- ասում է 50 տարի գյուղում մանկավարժ աշխատած Արծվիկ Հայրապետյանն ու վրդովված շարունակում,- Մենք երկու հոգով` ամուսնուս հետ, երկրորդ կարգի հաշմանդամ թոշակառու ենք, մի կերպ ապրում ենք: Բա ջահելներն աշխատանք չունեն, ո՞նց ապրեն: Մեր կառավարությունն ինչի՞ է էս երկիրը վաճառել` օդանավակայանը, հանքերը, հիմա էլ Համալիրն են վաճառում: «Շուշաններին» տարել, 800 հազար փող են տալիս, փոխանակ էդ փողը բանվորներին տան, որ աղբանոցից հաց չհավաքեն: Մենք ուրիշ բան չենք ուզում, աշխատանք ենք ուզում»:
Արծվիկ տատը 6 երեխա ունի՝ 2 աղջիկ, 3 տղա: Բոլորը հեռացել են գյուղից: Մեկ-մեկ թոռներն են ամռանը հյուր գալիս:
«Աղջիկներս Երևանում են, տղաս ոստիկան էր, հիմա թոշակի է անցել, փոքր տղաս հանքում է աշխատում, ընդամենը 140 հազար դրամ է ստանում: Մի տղաս էլ գնացել էր Ռուսաստան, հիվանդացել, ետ է եկել: Ռուսաստան գնացողը և՛ բարոյապես է քայքայվում, և՛ ֆիզիկապես, և՛ ընտանիքներն են քայքայվում: Էդ երկիրը մեզ լավ բան չի բերում: Հա՛, օգնում, հաց է տալիս, բայց շատերը գնում են էնտեղ ամուսնանում ու սկի չեն էլ հիշում, որ հայրենիքում ընտանիք ունեն: Հիմա տղաս Կապանում վարձով է ապրում: Տան վարձը ես եմ տալիս, դեղը ես եմ առնում: Լացս գալիս է՝ անչափահաս երեխան է ստիպված աշխատում, որ տան միակ աշխատողն է: Էս պետությունից ո՞նց գոհ մնանք»,- արտասուքը հազիվ զսպելով` բողոքում է տարեց կինը:
Տատի հավատարիմ կողակից, 81-ամյա Ալբերտ Հայրապետյանը 90-ականներին պատերազմի ժամանակ վիրավորվել է, դժվարությամբ է քայլում: Նա 34 տարի շարունակ Եղվարդում վարորդ է աշխատել, իսկ Արցախյան պատերազմի ժամանակ որդիների հետ պաշտպանել է գյուղը: «Է՜հ, աղջիկ ջան, 91 թ. ապրիլի 10-ին գյուղում առաջին արկը պայթեց, էդ օրն էլ գյուղում հարսանիք էր: Իսկ ապրիլի 24-ի առավոտյան մեծ հրաձգություն սկսեցին: Մենք անպատրաստ էինք, իրենք էլ` լավ պատրաստված: Որսորդական հրացանով մենք չէինք կարող իրենց դեմն առնել, բայց մնացինք: Գյուղից մենակ ծերերը, մանուկներն ու մայրերը հեռացան, ով քաղաքում մնալու տեղ ուներ: Տղաներիս հետ կամավոր գրվեցինք, մի կերպ դիմացանք: Անաստվածները շատ էին գնդակոծում մեր տները»,- հիշում է Ալբերտ պապն ու տանում-ցույց տալիս մինչ օրս տան պատերին մնացած հետքերը:
Եղվարդն ադրբեջանական սահմանից 1 կմ հեռավորության վրա էր (հարևանությամբ Քաշաթաղի շրջանն է): Արցախյան պատերազմի տարիներին գյուղում մոտ 90 տուն է ավերվել: Մի քանիսի այրված պատերը մինչ օրս մահարձանի նման կանգնած են:
«5 անգամ գրադը կպել ա իմ տանը: Գույք չէր մնացել, քանդվել ու վառվել էր: 20 տարի անցել ա, տանիքը չէինք կարողանում ամրացնել, ջուրը լցվում էր տուն: Բայց ոչ մի փոխհատուցում չեն տվել»,- ասում է Ալբերտ պապը:
Նրա կինը շտապում է ընդհատել ամուսնուն ու հեռակա հանդիմանում պաշտոնյաներին. «Ի՞նչ պարտադիր ա, որ ամեն օր ձեր համար էլիտար շենքեր սարքեք: Էդ մի էլիտարի փողը էս գյուղը ոտքի կկանգնացներ: Մեր գյուղը Հայաստանի վերջին դարպասներից մեկն է: Այդքանից հետո հիմա մեզ մոռացել են: Սովետի ժամանակ գյուղում տրիկոտաժի արտադրամաս կար, ոռոգման ջուր կար, գյուղը մեծանում էր: Հիմա բոլորը թողել-գնացել են, մնացել են կամ մեզ նման անճարները, կամ էլ` ով մեխանիզացիա ունի, հողի հետ շատ ու քիչ աշխատում է»:
Այս ամենով հանդերձ, եղվարդցիները չափազանց հյուրասեր են: Հարևանները տեսնում են, որ տատն ու պապը հյուր ունեն, անմիջապես սուրճ ու միրգ են բերում: Եղվարդի մրգերն էլ շատ համեղ են ու քաղցր: Հնում կասեին` «շարբաթ, ուղղակի շարբաթ»: «Գյուղի ամենամեծ հոգսը հիմա ջուրն է` և՛ խմելու, և՛ ոռոգման: Թե ջուր լիներ, գյուղը նորից կծաղկեր»,- ասում է համայնքի ղեկավար Սպարտակ Զաքարյանը:
ԽՍՀՄ ժամանակաշրջանում 9 տարի գործել է Գեղի-Եղվարդ ջրատարը: Ներկայումս ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի ջանքերով ևս 1 տարի գյուղը ջուր է ունեցել պատերազմի տարիներին: Բայց 1992-ից առ այսօր այդ ջրատարով ոչ մի կաթիլ ջուր չի հոսել: Ջրատարն աշխատում է մինչև Սյունիք գյուղ, իսկ դրանից հետո գտնվող Խդրանց, Ագարակ, Եղվարդ և Ուժանիս գյուղերը ջուր չունեն: 2013 թ.-ին համայնքի միջոցներով և միջազգային ծրագրերի շնորհիվ վերանորոգվել են խմելու ջրի խողովակաշարն ու ջրամբարը, տեղադրվել են ջրաչափեր: Ս.Զաքարյանը նշում է, որ դրա արդյունքում ջրամատակարարումը կարգավորվել է, բայց ամռան ամիսներին 3 օրը մեկ է ջուր լինում, այն էլ` կես ժամով:
«Վարչապետին նամակ եմ գրել: Հիմա Ջրային պետական կոմիտեի նախագահին հանձնարարել են ուսումնասիրել: Ես կամ պետք է ապրեմ էստեղ, կամ բոլորին պետք է ասեմ` մի մարդու նման գնացեք գյուղից: Չեմ կարծում, թե էս պետության համար, էս տեսակ կոմբինատի համար մեծ խնդիր է մի խողովակաշար կառուցելը: Եթե կոմբինատը հնարավորություն ունի 40 կմ մի քանի խողովակաշար անցկացնել մինչև պոչամբար, չի՞ կարող մի 100 միլիմետրանոց խողովակաշար էլ անցկացնել գյուղը ջրով ապահովելու համար: Իրենք պետք է հիշեն, որ բացի իրենցից, մնացածն էլ պետք է ապրեն, ու բոլորն էլ մահկանացու են: Մի նավում ենք, եթե էդ գյուղերը չլինեն, իրանք էլ չեն լինի, հաստատ»,- նկատում է գյուղապետը:
Ոռոգման ջրատարը կա, ջուր տվող չկա: Պոմպակայանը չի աշխատում, որովհետև 700 մմ-անոց խողովակով հոսող ջուրն օգտագործող ու վարձը վճարող չկա: Համայնքի ղեկավարը խնդրի լուծումը տեսնում է ավելի փոքր ծավալի խողովակաշարի անցկացման մեջ: Սակայն դրա համար մոտավոր հաշվարկներով 2 մլն դոլար է անհրաժեշտ:
«Մեծ ծախսատարությամբ այս նախագծի համար դեռևս ֆինանսական միջոցներ չկան»,- նշում է «Ղափան» ՋՕԸ-ի տնօրեն Օնիկ Աթայանը: Ըստ նրա` Եղվարդին և հարակից գյուղերին ոռոգման ջուր մատակարարելու համար անհրաժեշտ է 40կմ երկարությամբ 530մմ տրամագծի ջրատարի տարբեր տեղամասերում մոտ 6 կմ մաշված հատված փոխարինել նորով, վերականգնել II աստիճանի պոմպակայանը, տեղադրել նոր պոմպեր: Բայց նման աշխատանքներ մոտ ապագայում կառավարությունը չի նախատեսել:
«Անցած տարիների ընթացքում 100 մլն դրամով գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին է վերականգնվել, 70 մլն դրամի գյուղտեխնիկայի պարկ է հիմնվել, օգտագործող չկա: Բայց ոչ մի բան չի երևում` ջուր է պետք: Մարդկանց տնտեսությունն ու կոլխոզներն էին պահում: Եվս մի տարի, ու ես քոչելու եմ էստեղից, համագյուղացիներիս էլ հետս եմ տանելու: Թող սահմանն իրենք պահեն` ինչպես կուզեն»,- զգուշացնում է գյուղապետն ու մեկնում Կապան` պաշտոնյաների հետ հերթական հանդիպման: