«Իսլամիստ ծայրահեղականներն ավելի վտանգավոր ծրագրեր ունեն Սիրիայի հյուսիսային հատվածի հետ կապված»
Հյուսիսային Իրաքում շարունակվում է եզդիների կոտորածները, սակայն գերտերությունները չեն միջամտում և հաճախ՝ ոչ էլ արձագանքում: Ի վերջո, որտեղի՞ց ի հայտ եկան Իրաքում իսլամական արմատականները: Այս հարցերի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց արևելագետ Սարգիս Գրիգորյանը:
«Նախ՝ պետք է ասեմ, որ քրիստոնյաներն ու հրեաները Իսլամական հանրապետությունում ունեն բոլորովին այլ կարգավիճակ, քան եզդիները: Ինչպես գիտեք, այս ամենի հետևում կանգնած է Իսլամական պետություն խմբավորումը, և եթե ժամանակին իսլամական արմատական խմբավորումները պայքարում էին իսլամական պետություն ստեղծելու համար և եթե դրա համար էին հավաքվում այս թեժ կետերում, ապա այս կառույցն իրեն արդեն հռչակել է իսլամական պետություն և նրան համալրող իսլամականներն ուղղակի գալիս են արդեն այդ իսլամական պետությունը զարգացնելու, ինչո՞ւ չէ՝ կռվելու և այլն, ընդ որում՝ երբեմն ընտանիքներով: Հյուսիսային Իրաքը հենց այս կառույցի բնօրրանն է, այն ձևավորվել է Իրաքում, և հիմնական խնդիրն այն է, որ ուղղակի համապատասխան գնահատական չտրվեց կառույցին, երբ 2012-ի վերջին և 2013-ի սկզբին բավականին ակտիվ գործում էր Սիրիայում և դուրս մնաց մասնագիտական ու փորձագիտական շրջանակների ուշադրությունից: Կառույցը հենց այդ ժամանակ արդեն առանձնանում էր այլ խմբավորումների շարքում իր բռնարարքներով, և նույնիսկ 2014-ին, երբ այն բոլորին ուղղակի պատերազմ հայտարարեց Սիրիայում, ընդ որում նաև այն խմբավորումներին, որոնք կիսում էին նրանց գաղափարները, և նույնիսկ ձեռք բարձրացրեց իսլամական ծայրահեղ արմատականության սրբերի սրբոց Ալ-Քաիդայի վրա:
Կառույցի ներկայիս վարքագծում նկատվում են որոշակի մշակված գործողություններ, և սա է ամենավտանգավորը: Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հյուսիսային Իրաքում, իհարկե, քննադատելի է ու դատապարտելի, բայց չմոռանանք, որ կառույցը բավականին ակտիվ է նաև Սիրիայի հյուսիսում: Այնպես որ՝ պետք է հետևել, գնահատականներ տալ, թեկուզ որոշակի վերլուծոթյունների շնորհիվ պարզ դարձնել, թե ինչ է այս կառույցը, ինչ նպատակներ է հետապնդում, վեր հանել այն բոլոր մարտահրավերները, որոնք կարող են գալ այս կառույցից և համապատասխան եզրահանգումներ անել»,- ասաց նա:
Արևելագետը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ ԱՄՆ-ն է զինում այս կառույցին: Նրա կարծիքով` այս կառույցն սկզբնական շրջանում անվերահսկելի էր, իսկ հիմա կարծես թե որոշակի ուղղություն է նկատվում նրանց գործողություններում.
«Կառույցի ֆինանսավորումը հիմնականում նավթամթերքի վաճառքն է, ժամանակին առևանգումներ իրականացնելով էր գումարներ վաստակում, զբաղվում էր գյուղատնտեսական ապրանքների վաճառքով, այսինքն` բավականին լուրջ, մշակված գործողություններ կան: Կառույցը դարձել է գործոն, որից օգտվում են. այն կարողանում է մարտահրավեր նետել Սիրիային, Իրաքին, կարողանում է ակտիվ և արդյունավետ պայքարել արմատական և այլ ընդդիմադիր ուժերի դեմ, կարողանում է որոշակի ֆինանսական և այլ լծակներ իր ձեռքում պահել: Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն այդքան միամիտ կգտնվեր և կզիներ իսլամիստ ծայրահեղականներին: Իսլամականները զենք ձեռք բերեցին Իրաքում. իրաքյան բանակային ուժերն ուղղակի թողեցին այդ ժամանակակից արևմտյան զինատեսակները և լքեցին տարածքը, փախան: Այդ զինատեսակը հայտնվեց իսլամականների ձեռքում: Բացի այդ` ունեն ֆինանսական հսկայական աջակցություն, որը հնարավորություն է տալիս սև շուկայից ձեռք բերելու որոշակի զինատեսակներ»:
Սարգիս Գրիգորյանը համաձայն չէ նաև զոհերի 1,5 մլն թվի հետ` ասելով, թե դա չափազանցված է. «Իհարկե, մարդահամար էլ դեռ չի անցկացվել այդ տարածքներում, բայց այնուամենայնիվ ես չեմ համաձայնի այդ թվերի հետ: Իհարկե, սա ողբերգություն է, պետք է դատապարտել, բայց պետք չէ սևեռվել միայն Հյուսիսային Իրաքի վրա: Իսլամական պետություն խմբավորման այս գործողությունները, որ իրականացնում են վերջին շրջանում, ցույց է տալիս, որ իրենք շինծու թեժացնում են պայքարը միայն այդ հատվածում, սակայն իրենք ավելի վտանգավոր ծրագրեր ունեն Սիրիայի հյուսիսային հատվածի հետ կապված»: