Մինչև ո՞ւր կգնա Ծառուկյանը. «Ա1+»
«Ա1+»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ
– Գաղտնիք չէ, որ Ժողովրդի մոտ սպասումները քաղաքական աշնանից մեծ են: Ի՞նչ է պատրաստվում անել ԲՀԿ-ն:
– Աշխատել: Ես հաջողության հասնելու ուրիշ բանաձև չգիտեմ: Սա վերաբերում է ցանկացած ոլորտի: Խնդիրները լուծվում են աշխատանքով, տնտեսությունը վերականգնում են աշխատանքով: Ընդ որում` ծանր ու համառ աշխատանքով: Ժողովրդի վստահությունը նույնպես ձեռք են բերում աշխատանքով: Գուցե ուրիշներն այլ ճանապարհ գիտեն, բայց ես դրանց թվում չեմ:
– Հարցն ավելի հստակեցնեմ. Կան քառյակի 12 պահանջները: Ոչ իշխանական ուժերը պահանջատեր լինելո՞ւ են այդ կետերի իրականացմանը:
– Կետերը կազմվել են քառյակում` կոնսենսուսի սկզբունքով, և ժողովրդին հուզող, եթե կուզեք` խեղդող, խնդիրների հիմքի վրա: Դրանք կարող էին լինել 24-ը, 36-ը:
Իշխանությունները շարունակում են նայել իրականությանը իրենց թանկ և նոր ձեռք բերվող մեքենաներից, շքեղ առանձնատների պատուհաններից: Շարունակում են կարդալ ուրիշների գրած գեղեցիկ նախադասությունները և փիլիսոփայական դատողություններ անել արտագաղթի, աղքատության, գյուղի, արդարության մասին: Այնինչ իրականությունը շատ ավելի հասարակ է և շատ ավելի պրագմատիկ:
Մեզ համար արտագաղթը ոչ թե համաշխարհային միգրացիոն պրոցեսներ են, այլ` հստակ մարդկանց ճակատագրերը: Օրինակ` այն թաղամասում, որտեղ ես եմ ապրում, վերջերս բացվել է հերթական մեծ սուպերմարկետը: Շուրջը գտնվող 5-6 փոքր ու միջին խանութները սկսել են փակվել: Դրանցից յուրաքանչյուրը 3-4 ընտանիք էր պահում: Հիմա այդ մարդիկ ինձ, որպես ծանոթ պատգամավորի, ասում են, որ աշնանը փակելու են. մի մասը չգիտի` ինչպես է ապրելու, իսկ մյուս մասը գիտի, թե որ երկիր է արտագաղթելու: Պետք չէ ամեն ինչի մեջ փնտրել խորը փիլիսոփայություն: Երբ կրթված ու երիտասարդ մարդիկ ինձ ասում են` մնանք ի՞նչ անենք, հեռանկարը չենք տեսնում, ես առաջ ամեն կերպ փորձում էի հետ համոզել, երբեմն անգամ խզում էի կապերս ինձ հարազատ մարդկանց հետ, ովքեր թողնում էին Հայաստանը: Բայց այսօր իմ հակափաստարկները սպառման եզրին են: Ամեն օր պաշտոնների են նշանակվում սրա կամ նրա տղան, փեսան, հարսը, եղբայրը: Դե դրանից հետո համոզեք, որ անկախության 24-25 տարում մենք լուծել ենք տարրական արդարության խնդիրը: Հայկական գյուղերը ծայրից ծայր չքավորության մեջ են, մեկ էլ հայտարարում են, թե ձմռան ամիսներին գյուղատնտեսության մեջ աճ է գրանցվել: Անորակ սերմնացուն տալիս են, գյուղացին կիսատ-պռատ բերք կամ ստանում է կամ չի ստանում, մարզպետները ստիպում են գյուղապետերին բարձր ցուցանիշներով զեկույցներ ուղարկել: Այսպե՞ս ենք լուծելու խնդիրները: Դատարկ խոսքերով, դատարկ խոստումներով աշխարհում ոչ մի տնտեսություն չի վերականգնվել, ոչ մի ժողովրդի կյանքը չի լավացել: Մեկը կար, որ խոստանում էր Հայաստանը տարածաշրջանային կենտրոնների վերածել, նոր ատոմակայան կառուցել, Իրան-Հայաստան երկաթուղի կառուցել և այլն: Դրա արդյունքում Հայաստանի տնտեսությունը կոլապսի մեջ հայտվեց: Ի դեպ, այդ մարդը միակ մեղավորը չէ, նա միայնակ չի քանդել տնտեսությունը: Դա եղել է շատերի աջակցության, գովասանքի խոսքերի կամ նվազագույնը` լուռ, պասիվ դիրքորոշման հետևանքով:
Ամփոփեմ ասածս. Հայաստանի հրատապ օրակարգային խնդիրները ամենևին չեն սպառվում 12 հարցով: Դրանք շատ են, և դրանք քաղաքական ուժերի և համաժողովրդական ճնշման տակ, քայլ առ քայլ, պետք է լուծվեն:
– Շատերը քաղաքական զարգացումների հնարավոր սցենարները կապում են ԲՀԿ-ի և անձամբ Գ. Ծառուկյանի դիրքորոշման հետ: Եվ հարցը շատ հստակ է` մինչև ո՞ւր կգնա Ծառուկյանը:
– Ես Ձեր հստակ հարցին կտամ նույնքան հստակ պատասխան: Ծառուկյանը կգնա մինչև մեր պետության և մեր ժողովրդի առաջ կանգնած խնդիրների լուծումը, մինչև Հայաստանի քաղաքացու կենսամակարդակի փոփոխությունը, մինչև տնտեսության մեջ առողջ մրցակցային հարաբերությունների հաստատումը, մինչև այն պահը, երբ մարդիկ չխուսափեն ներդրումներ կատարել Հայաստանում, մինչև այնտեղ, երբ այլևս բիրտ ուժով փայ չեն մտնի ուրիշի գործում, մինչև գյուղացին իրեն մենակ ու լքված չի զգա, մինչև խելոքին ու կրթվածին չի հաղթի բութն ու զոռբան և այլն: Կարծում եմ` միտքը պարզ է: Նա քաղաքականության մեջ չի լուծում որևէ մասնավոր խնդիր: Եվ քաղաքական ուժերի հետ իր բոլոր հանդիպումների ժամանակ նա այս հարցը բարձրացնում է` բոլորից ակնկալելով նույնը:
Վերջին տարիներին Ծառուկյանին մի քանի անգամ առաջարկվել է մաս կազմել կառավարությանը և իշխանական համակարգին: Խոսք է եղել մինչև 6-7 նախարարական պաշտոնի մասին և այլ բազմաթիվ պաշտոնների` իշխանական համակագում: Եթե նրա խնդիրը պաշտոնները լինեին, հարցը վաղուց լուծված էր:Եթե նրա խնդիրը ժողովրդի վստահությունը չարաշահելով իշխանական համակարգի մաս կազմելը լիներ, ապա խնդիրը վաղուց արդեն լուծված կլիներ: Պարզ է, որ նաև նրա խնդիրը իշխանության մեջ փող աշխատելը չէ` սա արդեն ծիծաղելի կլիներ:
Այս պարագայում ես կարծում եմ, որ Ծառուկյանը պետք է շարունակի իր կոնսոլիդացնող դերակատարումը քաղաքական դաշտում և հասարակության մեջ, միասնական օրակարգ ձևավորելու, օրակարգային խնդիրների լուծման ճանապարհային քարտեզի ստեղծման և իրականացման գործը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: