«Սոչիում Ալիևին հասկացրել են, որ ռազմական գործողություններով չի կարող իրավիճակ փոխել»
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադաձավ այն տեղեկություններին, թե Կրեմլին շատ մոտ կանգնած Սմբատ Կարախանյանը, ասել է, որ որ 2015-ին իրավիճակն էլ ավելի է սրվելու և Սոչիի հանդիպումը Վ. Պուտինի համար ընդամենրը PR է՝ խաղաղասեր երևալու համար.
«Ես հավանական համարում եմ այս փուլում այդ զարգացումները, քան 2015-ին: Այսինքն՝ պետք է ընդամենը հաշվարկել՝ որոնք են այն գործոնները, որոնք նպաստում են պատերազմի վերսկսմանը, և որոնք են այն գործոնները, որոնք խոչընդոտում են»:
Քաղաքագետի խոսքով՝ եթե Ռուսաստանի տեսակետից խնդրին մոտենանք, ապա միանշնական է, որ պաշտոնական Մոսկվան այստեղ չվերահսկվող գործընթացներ չի ուզում տեսնել, իսկ պատերազմը երբևէ հնարավոր չէ պահել վերահսկելիության և կանխատեսելիության շրջանակներում. «Հատկապես այսպիսի տարածաշրջանում, որտեղ արտաքին շահերի բախումը չափազանց մեծ է: Ռուսաստանը հասկանում է, որ Ուկրաինայից զատ՝ եթե ունենա կոնֆլիկտ նաև Հարավային կովկասում, որը սպառնալիք է հետագայում տեղափոխվել նաև Հհյուսիսյաին Կովկաս, բոլոր այս ճակատներում միաժամանակ իրենց շահը չեն կարող պաշտպանել, ու այսօր իրենց հետաքրքրությունների շրջանակներում է կոնֆլիկտը պահել վերահսկելիության և համեմատաբար խաղաղ զարգացման փուլում: Երբ ասում են՝ Կրեմլի մոտ կանգնած աղբյուրներ և այլն, կա ընդամենը աշխարհաքաղաքական շահ: Եթե դիտարկում ենք Ռուսաստանի տեսակետից՝ այսօր Ռուսաստանին դա պետք չէ, և չկան որևէ հիմքեր պնդելու, որ 2015 թվականին իրավիճակ է փոխվելու, և Ռուսաստանը շահագրգռված կլինի տարածաշրջանում պատերազմ տեսնելու համար»:
Խոսելով Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին՝ Հ. Մելիք-Շահնազարյանն ասաց. «Սոչիում Ալիևին հասկացրել են, որ ռազմական գործողություններով չի կարող իրավիճակ փոխել: Խնդիրը լուծվել է ոչ թե Սոչիի բանակցությունների սեղանին, այլ սահմաններին, երբ հայկական ուժերը հակազդել են նրանց ագրեսիային և խաղաղություն հաստատել: Սոչիում ընդամենը դիվանագիտական ձևակերպումներ են եղել»:
Սոչիի հանդիպումից հետո Ն. Նազարբաևը և Վ. Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Ն. Նազարբաևին հիմնականում հետաքրքրել է, թե Սոչիի հանդիպման ժամանակ ղարաբաղյան խնդրի հացով ինչ քննարկումներ են եղել: Հարցին, թե չե՞ք կարծում, որ փորձում են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մտցնել Եվրասիական օրակարգ ու դա արդյո՞ք վտանգավոր չէ Հայաստանի համար, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Ես դա որպես Եվրասիական օրակարգ մտցնելու տեսակետից չեմ նայում: Ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ Ռուսաստանի հարակից տարածաշրջաններում ձգձգում է Եվրասիական միության ստեղծման հնարավուրությունը: Ուկրաինայում ձգձգվող ճգնաժամի պատճառներից մեկը՝ այնպիսի իրավիճակ ստեղծելն է, որի պարագայում Եվրասիական միության ստեղծելու գործընթացը կկասեցվի: Եթե հնարավոր է ստեղծել երկրորդ նման լարված կետ և հատկապես այն պետության համար, որը թեկնածու է Եվրասիական միության անդամակցության, ապա, իմ կարծիքով, միության հակառակորդները կարող են փորձել այստեղ իրավիճակը ձգձգել՝ լավ հասկանալով, որ կոնֆլիկտայնությունը կարող է բերել այդ գործընթացի կասեցմանը, կամ առնվազն հետաձգմանը»:
Հարցին, թե սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենք բաժանելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, քանի որ նրանք այդ հարցով դիմել էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Հ. Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Որպես քաղաքացի՝ կարծում եմ, որ ավելի լավ է, որ այդ ֆունկցիաներն իրականացնի պետությունը: Եթե խնդիր կա՝ ազատ զենք կրելու, ապա կողմնակից եմ, որ դա տարածվի ամբողջ բնակչության վրա, և չլինեն բաժանումներ՝ սահամանամերձ գյուղերի համար է, թե երևանաբնակ: Այնուամենայնիվ, այս միասնականությունը, որը ձեռք է բերվել հակազդելու ադրբեջանական ագրեսիային, կարծում եմ՝ պետք է պահպանել և պետք է հասկանալ, որ պատերազմը միայն Այգեպարում կամ Կարմիրաղբյուրում բնակվող բնակչի համար չէ: Տարաբաժանուներ անել՝ մի տեղ զենք վաճառել, մի տեղ ոչ, կարծում եմ, որ այնքան էլ արդյունավետ չէ: Պետությունն ունի հստակ գործառույթ՝ ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը և, կարծում եմ՝ ճիշտ է, որ այդ գործառույթը հենց պետությունից պահանջել»: