Այսօրվանից կարգելվի Վրաստանի քաղաքացիների՝ մինչև 2005թ. արտադրության մեքենաների մուտքը Ադրբեջան

Վրացագետ Ալիկ Էրոյանցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՝ խոսելով վրաց-ադրբեջանական հարաբերություններից, ասաց, որ Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության ժամանակաշրջանի հետ համեմատած՝ նոր իշխանության օրոք բավականին փոխվել են վրաց-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր շրջանակն այն առումով, որ այն բարեկամական, ընկերական միջավայրը, որը նախկինում կար, հիմա կարծես վերացել է .

«Սա ուղղակի կարծիք չէ, այս մասին բարձրաձայնել են նաև վրացի փորձագետները, որոշ պաշտոնյաներ, այդ թվում ՝ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը վերջերս քննադատեց վրացական իշխանություններին՝ վրաց-ադրբեջանական հարաբերություններին ոչ բավարար ուշադրություն դարձնելու համար, այսինքն՝ նա մի կողմից այդ խնդիրն է բարձրացնում, մյուս կողմից՝ կարծես թե հանդես է գալիս, որպես Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակ:

Իհարկե, չի կարելի միանշանակ ասել, թե շատ վատ են վրաց-ադրբեջանական հարաբերությունները, դա ծայրահեղ կլինի, այնուամենայնիվ, բացասական երանգներ վերջին երկու-երեք տարիներն հաղորդվել են այդ հարաբերություններին, սկսած՝ Իվանաշվիլու վարչապետ հանդես գալուց, երբ նա հայտարարեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու աննպատակահարմար լինելու մասին, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների ոլորտում՝ Ռուսաստանի տեսքով, թեև հետագայում Վրաստանի իշխանությունները վերանայեցին այդ հարցադրումները, փորձեցին հարթել խնդիրը, բայց այդ հետքը մնաց»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ընդհանուր վրաց-ադրբեջանական հարաբերություններին, ապա Ալիկ Էրոյանցը նշեց, որ այն կարելի է բաժանել երկու մասին. ավանդական խնդիրների, որոնք առկա են այդ երկու երկրների միջև, և՝ ընթացիկ խնդիրների, որոնք ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս: «Առաջինը՝ սահմանների հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունեն, որի թեժ կետը հանդիսանում է Գարեջի վանական համալիրի հետ կապված պայքարը, նաև ընդհանուր սահմանով անցնող Ալազանի գետի հունի փոփոխության արդյունքում՝ վրացական հողերը ինչ-որ մի չափով անընդհատ հայտնվում են ադրբեջանական տարածքում, ինչը ևս լուրջ խնդիր է Վրաստանի համար և այլ խնդիրներ:

Վերջերս Ադրբեջանի կողմից արգելվեց Վրաստանից Ադրբեջան մինչև 2005թ արտադրության ավտոմեքենաների մուտքը, այսինքն՝ արտահանողները իրավունք չունեն ներմուծել Ադրբեջան, և որ ավելի վատ է՝ այցելուն՝ 2005թ. ավելի հին մեքենայով իրավունք չունի մուտք գործել Ադրբեջանի տարածք: Այս խնդիրը ցավալի ընդունվեց վրացական կողմից: Վրաստանի նկատմամբ օրենքի այդ կետը ուժի մեջ կմտնի հենց այսօրվանից, թեև արդեն մոտ երկու շաբաթ է՝ գործում է, այսինքն՝ այսօրվանից կարգելվի Վրաստանի քաղաքցիների՝ մինչև 2005թ. արտադրության մեքենաների մուտքը Ադրբեջան: Մի փոփոխություն մտցրեցին միայն, որ եթե մարդը ցանկանում է այդ մեքենայով մուտք գործել Ադրբեջան, ապա պետք է համապատասխան գումար գրավ թողնի սահմանակետում և պարտավորվում է վերադառնալ: Այսպես փորձեցին մեղմել, բայց սա շատ լուրջ հարված է վրացի մեքենա արտահանողների համար, բացի այդ, հասարակ քաղաքացիների համար, որոնք բավական ակտիվ կերպով հաճախում են Ադրբեջան»:

Խոսելով վրաց-հայկական հարաբերություններից՝ Ալիկ Էրոյանցն ասաց, որ բավականին նպասավոր իրավիճակ է ստեղծվել. «Հակառուսական ու ադրբեջանամետ քաղաքականությունը, որն իրականացնում էին նախկին իշխանությունները, ներկայիս իշխանությունների կողմից դրա արդյունքը գիտակցվում է, այսինքն՝ իշխանության գալով հասկացան, թե ինչքան լուրջ կախվածության մեջ են ընկել նույն ադրբեջանական էներգետիկ մենաշնորհից, իսկ առևտրային գործընկերն է Թուրքիան: Բավականին լուրջ է թուրք-ադրբեջանական գործոնը Վրաստանի տարածքում, և նոր իշխանությունները այդ խնդիրը հասկանալով՝ փորձեցին ավելի բալանսավորված քաղաքականություն վարել: Այս առումով՝ մեծ չափով շահում է մեր երկիրը և լուրջ հնարավորություն է ստեղծվում՝ հայ-վրացական հարաբերությունները ավելի զարգացնելու առումով:

Իհարկե, մեր և Վրաստանի միջև ևս առկա են խնդիրներ, օրինակ Վրաստանի՝ ասոցացման համաձայնագրի ստորագրումից և սպասվելիք Հայաստանի՝ ՄՄ անդամ դառնալուց հետո, իհարկե սպասելի է, որ կլինեն որոշակի խնդիրներ: Բայց մեր երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները՝ այն երկխոսությունը, այն քննարկման մթնոլորտը, խորհրդատվական, խորհրդակցական մթնոլորտը, որն առկա է, կարծում եմ՝ կնպաստի տարբեր խնդիրների լուծմանը: Խոսքը հիմնականում տնտեսական խնդիրների մասին է, թեև Եվրամիությունը Վրաստանի առաջ խնդիրներ չի դրել՝ մաքսավճարների կամ տրանզիտային գներ բարձրացնելու առումով, մենք էլ տեղյակ չենք, թե ՄՄ-ը մեր առաջ ինչ խնդիրներ կդնի Վրաստանի հետ կապված, այնուամենայնիվ ՀՀ նախագահի՝ Վրաստան այցելության ժամանակ, երկկողմ պատրաստակամություն եղավ, որ եթե նմանատիպ խնդիրներ լինեն, կողմերին կհաջողվի դրանք հաղթահարել: Թե ինչ խնդիրներ կլինեն և որքանով կլուծվեն՝ հետագան ցույց կտա, բայց արդեն հուսադրող է երկուստեք նման բարձր մակարդակի առկայությունը: ԵՄ-ը ևՄՄ-ը այս հարցը հաշվի կառնեն և չեն կարող անտեսել: Հայասստանն ու Վրաստանը հնարավորություն են ստանալու նոր իրավիճակն օգտագործել ի նպաստ իրենց»,- ասաց Ալիկ Էրոյանցը:

 

Տեսանյութեր

Լրահոս