«Այս ռազմական հաջողությունը և նաև ցավալի կորուստները հենց այնպես պետք է չանցնեն»

Բավական կարճ ժամանակով, բայց իրական ռազմական գործողություններ են տեղի ունեցել, որոնք, ըստ էության, քաղաքական իրավիճակ են փոխել տարածաշրջանում: Անկախ ռազմական հաջողություններից, կամ դրա պատճառաբանություններից, կան մի շարք խնդիրներ, որոնք, իմ կարծիքով, այս պահին պետք է անպայման ֆիքսել:
Նման տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը բավական լուրջ գումարներ է ծախսել և եվրոպական, ամերիկյան ռուսական վերլուծական կենտրոններում զարգացրել է այն թեզը, թե՝ չնայած ռազմաճակատում հայկական կողմը հաղթանակ է տարել, բայց ընդհանուր առմամբ պատերազմում նա պարտվել է, քանի որ արդյունքում իբր Ադրբեջանն այնքան է զարգացել և այնքան է առաջ գնացել իր տնտեսական ռազմական ուժով, որ Հայաստանը մեծ հաշվով նոր պատերազմի պարագայում կպարտվեր ցանկացած դեպքերում.

«Եվ, ըստ այդմ, Ադրբեջանն առաջարկում է բանակցությունների սեղանին հայկական կողմի հետ հարաբերությունները կառուցել իբրև գլոբալ հակամարտության մեջ պարտված կողմի հետ: Այս թեզը զարգացնելու համար բավական լուրջ գումարներ են ներդրվել այնպես, ինչպես իրենց բանակում էին ներդնում: Ըստ էության, օգոստոսյան այս օրերը ցույց տվեցին, որ քարոզչական այդ եզրը իր տակ որևէ հիմքեր չունի, և, մեծ հաշվով, իրավիճակը, ռազմական գերակայության տեսակետից, հայ-ադրբեջանական հարաբերություններում չի փոխվել: Հայաստանը շարունակում է լինել դոմինանտ դերում, և այն քարոզչությունը, թե նրանց ռազմական բյուջեն հավասար է Հայաստանի ամբողջ բյուջեին, և դա իրենց ռազմական առավելություն է տալիս, ըստ էության, այս իրավիճակը փոխում է»,- նշեց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ երկորոդ կարևոր գաղափարը, որը պետք է արձանագրել, այն է, որ 2014 թվականի հուլիսի վերջի և օգոստոսի սկզբի պատերազմը սանձազերծել է հենց ադրբեջանական կողմը և ստիպած է եղել դադարեցնել, քանի որ ստացել է արժանի հակահարված.

«Ըստ էության, հասկացել է, որ ռազմական գործողություններում նա չի կարող իրավիճակ փոխել տարածաշրջանում»:

Քաղաքագետի կարծիքով՝ այս հանգամանքի կարևոր լինելու պատճառներից մեկը հետևյալն է. «Ցույց տալ Ադրբեջանին որպես՝ բանակցությունների մեջ ոչ կոնստրուկտիվ կողմ, ինչը բոլորի համար ակնհայտ էր, և ցույց տալ, որ չցականալով բանակցել՝ Ադրբեջանը նաև չունի  ռազմական ուժով իրավիճակը փոխելու պոտենցիալ: Այս տրամաբանությունից ելնելով՝ դարձյալ շատ կարևոր ինֆորմացիոն և քարոզչական խնդիր է, որը եթե այս պահին չլուծենք, ապա օգոստոսյան բոլոր այս զարգացումները և մեր բանակի հաղթական գործողությունները՝ դիվանագիտական տեսակետից կզրոյացվեն և հետագայում բանակցային գործընթացի վրա որևէ ազդեցություն չեն ունենա: Այնինչ այս ռազմական հաջողությունը և նաև ցավալի կորուստները հենց այնպես պետք է չանցնեն, և պետք է անմիջական արտացոլումն ունենան բանակցային գործընթացի վրա»:

Հ. Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Ադրբեջանը բավականին լավ հասկանում է, որ քարոզչական և տեղեկատավական տեսակետից՝ բավական թույլ դիրքերում է և փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել այլ տեղեկատվական գործընթացների վրա. «Ու, ցավոք սրտի, այս պահին նրանց մոտ դա հիանալի հաջողվում է: Եթե դուք հետևել եք եվրոպական և ամերիկյան լրատվամիջոցների վերջին օրերի հրապարակումներին՝ կտեսնեք, որ բոլորը կենտրոնացած են Ադրբեջանում իրավապաշտպանների ձերբակալությունների, նրանց հանդեպ հալածանքների փաստի վրա, և շատ քիչ ուշադրություն են դարձնում, կամ գրեթե շրջանցում են փաստացի այն պատերազմական իրավիճակը, որին մենք ականատես եղանք ընդամենը մի քանի օր առաջ: Ու այս տեսակետից նրանք փորձում են հենց պատերազմի վերսկսելու և պարտված կողմ լինելու բոլոր այդ հետևանքները չեզոքացնեն, և հարցը շեղեն այլ ուղղություններով՝ եվրոպական խաղեր են առաջին անգամ անցկացվելու, ձերբակալություններ ակտիվիստենրի և այլն:

Մինչդեռ մենք այսօր խնդիր ունենք և՛ քարոզչական տեսակետից, և՛ վերլուծական՝ ֆիքսելու, որ նույն ակտիվիստների հետապնդումները Ադրբեջանում, դա Հայաստանին պատերազմ հայտարարելու, պատերազմը վերսկսելու համար պաշտոնական Բաքվի տեսակետից անհրաժեշտ քայլերից մեկն է: Իրենք փորձում էին վերացնել իրենց պատկերացմամբ 5-րդ շարասյունը՝ հասարակական այն զանգվածը, որը կարող է դժգոհություններ առաջացնել և հասարակության տրամադրությունները փոխել իշխանությունների հանդեպ»:

 

Տեսանյութեր

Լրահոս