Սարգսյանն ու Ալիեւն ընդգծել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը (լրացված)

Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հույս են հայտնել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ «հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջման միջոցով, այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»: Նա նաեւ ավելացրել է, որ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի:

Ալիեւն իր հերթին ընդգծել  է Ռուսաստանի դերը  խնդրի կարգավորման գործընթացում. «Հուսով ենք, որ մոտ ապագայում բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով կգտնենք այնպիսի լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, ինչպես նաեւ արդարությանը»: Նա նաեւ ավելացրել է, որ հակամարտությունը շատ է ձգձգվել  եւ հույս է հայտնել, որ Պուտինի անձնական մասնակցությունը  խնդրի քննարկմանը «նոր թափ կհաղորդի բանակցային գործընթացին»:

«Ինչպես դուք նշեցիք, արդեն գոյություն ունեն բանակցությունների ձեւաչափ, ինչպես նաեւ հակամարտության կարգավորման իրավական հիմք: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձեւ է ընդունել, որոնք պահանջում են հայկական զինված ուժերի անհապաղ եւ անվերապահ դուրսբերում Ադրբեջանի գրավյալ տարածքներից: Ցավոք, ավելի քան 20 տարի է անցել, իսկ այդ բանաձեւերն այդպես էլ թղթի վրա են մնացել»,- դիմելով Վլադիմիր Պուտինին՝ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»

«Ադրբեջանական կողմն անընդհատ վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձեւերը, բայց այսպիսի հարց պարոն Ալիեւին. իսկ այդ բանաձեւերի ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Այդ բանաձեւերի կետերի միակ կատարողը Հայաստանն է, որն իր ազդեցությունը գործադրել է՝ մարտական գործողությունները դադարեցնելու համար: Եվ եթե մենք վերադառնանք 1990-ական թվականների սկզբի իրադարձություններին, ապա կարծում եմ, որ մի կողմից լավ կլինի, իսկ մյուս կողմից, հնարավոր է, ինչ-որ բան նաեւ կձգձգվի… Եթե մենք նորից սկսենք մեղադրել միմյանց, կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ այդ հակամարտությունը չի լուծվի»,- հակադարձել է Սարգսյանը:

«Ես շնորհակալ եմ, որ դուք տրամադրված եք լուծել այդ խնդիրը: Այդ խնդրի լուծումը բխում է Հայաստանի ազգային շահերից»,- դիմելով Պուտինին՝ ավելացրել է Սարգսյանը:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս