Բաժիններ՝

Վարդան Բոստանջյան. «Ամերիկյան ձայնը մեզ համար հիմք չի կարող դառնալ»

Տնտեսական սանկցիաները, որոնք կիրառվում են Ռուսաստանի դեմ, անշուշտ ավելի գլոբալ, ճակատային տեսք են ստացել: Ի տարբերություն սկզբնական փուլերում կիրառված պատժամիջոցների (որոնք, ըստ էության, մակերեսային բնույթ էին կրում, ու չպետք է, որ Ռուսաստանին մեծ վնասներ պատճառեին)` սրանք ավելի ընդգծված պատժամիջոցներ են, և, բնականաբար, Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին թե՛ ապրանքաշրջանառության, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով ավելի շատ կապեր ունի Ռուասատանի Դաշնության հետ է: Հետևաբար, ՌԴ-ի վրա ունեցող ազդեցություններն չեն կարող իրենց արտացոլումը չստանալ Հայաստանի Հանրապետությունում: 168.am-հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Ըստ Վ.Բոստանջյանի՝ միակ մխիթարական բանն այստեղ այն է, որ հանրապետությունն, ըստ էության, թե՛ տնտեսական առումով, թե՛ քաղաքական առումով մի էական բան իրենից  չի ներկայացնում. «Ու այդ պրոցեսների մեջ, ասենք, սանկցիաները Հայաստանի Հանրապետության համար ավելի ուժեղ նշանակություն չեն ունենա»:

Հիշեցնենք, որ պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունները, որոնք ներգրավված են Հայաստանում, «Գազպրոմբանկ»-ն ու ՎՏԲ-ն են: Նշված երկու բանկերին են պատկանում «Առէկսիմբանկ»-ը եւ «ՎՏԲ-Հայաստան» բանկը:

Վ.Բոստանջյանի կարծիքով՝ պատժամիջոցներն, այդուհանդերձ, ունենալու են նկատելի ազդեցություն. «Բայց այն բանկերի մասնաճյուղերը, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, շրջանառության առումով, բնականաբար չեն գտնվում ամենաճոխ, ամենաբարձր մակարդակների վրա, ու, բնականաբար, այդ պատժամիջոցները, որոնք նշանակվում են ՎՏԲ-ի և այլ բանկերի շրջանառության վրա համաշխարհային մասշտաբով, Հայաստանի վրա անուղղակի ձևով են ազդելու»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ դեսպանատունը հայտարարությամբ հանդես եկավ՝ զգուշացնելով հայաստանյան ընկերություններին՝ խուսափել ռուսական այն ընկերությունների հետ համագործակցությունից, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանված: Հարցին, թե ճի՞շտ է այս պարագայում հայաստանյան ընկերությունների համար հետևել ԱՄՆ դեսպանատան խորհրդին, Վ. Բոստանջյանն այսպես պատասխանեց. «Իմ անձնական տեսակետը հետևյալն է.  ԱՄՆ-ի դեսպանատան կողմից զուսպ չէ նման բան ասելը: Այս պահին երկու գերհզորներ չգիտես ինչի վերաբերյալ ահավոր հարվածում են իրար: Բնականաբար, բոլոր այն տիրույթները, որոնք այսպես, թե այնպես, գտնվում են նրանցից յուրաքանչյուրի ազդեցության գոտում, հակված են ընկերներ գտնել: Ընդ որում, Անդրկովկասի տարածաշրջանի կտրվածքով, Ամերիկան կարողացավ Վրաստանին պոկել, դեպի իր կողմը տանել, Հայաստանի առումով Ռուսաստանը, կարծես թե, այլընտրանք չի թողնում, ուզում է տանել իր կողմ, Ադրբեջանը դեռևս իբր չեզոք կեցվածք է ընդունել: Նման իրավիճակում, բնականաբար, մեսիջներ պետք է ուղարկվեն այդ երկրների կողմից: Ամերիկյան դեսպանատունը նման բան ասաց, ռուսականը ասաց՝ քո գործը չի, դու խառնվում ես ուրիշ երկրի ներքին գործերին: Բնականաբար, այս պահին գնում է այդ կռիվը: Ես չեմ ասում, թե մենք կարող ենք այդպես ընգծված կեցվածքներ ընդունել, բայց, առանց այն էլ, թե՛ տնտեսական առումով, թե՛ սոցիալական առումով գտնվում ենք վատ վիճակում: Եթե համագործակցությունն այդ կազմակերպությունների հետ մասամբ պետք է նպաստի, որ մենք այդ ծանր վիճակների մեջ չգտնվենք, մենք պետք է շարունակենք: Ամերիկյան ձայնը մեզ համար հիմք չի կարող դառանալ, որ ասենք՝ նրանք խռովել են, մենք էլ խռովենք»:

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս