Ռուսաստանը հասկացել է, որ չի կարող պարտադրել Հայաստանին զիջել Ղարաբաղը. Ում է ձեռնտու սահմանային լարվածությունը. «Մեդիալաբ»
Չնայած պատերազմի վերսկսման հնարավոր կանխատեսումներին, հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին սրացումներն ու լարվածությունը, ըստ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը`Կոմանդոսի, չի նշանակում, թե կրկին կարող է պատերազմ ծագել: «Ադրբեջանը դրանով փորձում է խուճապ ստեղծել Հայաստանում: Մենք չպետք է տրվենք դրան: Ամեն տարի գյուղատնտեսական աշխատանքների սեզոնին երեւույթը կա, ռմբակոծում են, այս տարի մի քիչ ավելի շատ է: Ցավալի է, որ դրա հետեւանքով մեր զինվորները նույնպես զոհվեցին»,- «Մեդիալաբին» ասում է Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Գեներալ-մայորը վստահ է՝ հայկական ուժերն արժանի հարված են հասցնում հակառակորդին եւ ի վիճակի են պահել սահմանը: «Մեր պատասխանները համարժեք են»,- ասում է նա:
Սահմանային լարվածությունը «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով Ադրբեջանի շարունակ սպառազինվելու եւ ռազմաշունչ հռետորաբանության օբյեկտիվ պատճառից բացի նաեւ Արեւմուտքի ու Ռուսաստանի շահագրգռությունը կարող է ունենալ:
«Ծրագրված մեծ պատերազմի առումով ես այդուհանդերձ չեմ տեսնում շահագրգռություն: Կոնֆլիկտի ինտենսիվացման շահը կա, բայց, որ այն չվերածվի մեծ պատերազմի»,- ասում է է Արա Պապյանը: Ըստ փորձագետի, Ռուսաստանը Ադրբեջանին Եվրասիական Միությանն անդամակցելու համար նրան գայթակղելու խնդիր ունի:
«Ռուսաստանը ցանկանում է Ադրբեջանին հասկացնել տալ, որ ԵՏՄ անդամակցության դեպքում նա կփորձի պարտադրել Հայաստանին զիջումներ, բայց կարծում եմ, ռուսները արդեն սկսել են հասկանալ, որ իրենք շատ բան կարող են անել Հայաստանի հետ, շատ բան կարող են պարտադրել, բայց հաստատ չեն կարող պարտադրել Ղարաբաղը տալ, որովհետեւ մենք չափից ավելի թանկ ենք դրա համար վճարել: Ղարաբաղը բաշխիչ ցանց չէ, ատոմակայան չէ, այն ավելի մեծ բան է՝ հայրենիքի մի մասն է եւ մեր ժողովուրդը, ի վերջո, բացի ռացիոնալ մտածողությունից, բավականին հուզական է»,- ասում է Արա Պապյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: