«Մեր իշխանությունները լուրջ անելիքներ ունեն հասարակության հավատը վերականգնելու հարցում»
«Ֆլեշ» ընկերության, Ստեփանակերտի կոնյակի գործարանի և մի շարք այլ ընկերությունների սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը հարցազրույց է տվել ԱՄՆ-ում հրատարակվող «Armenian Express» պարբերականին՝ մտահոգություն հայտնելով Հայաստանում մի շարք արժեքների վտանգված լինելու վերաբերյալ:
Նա խոսել է հայերի՝ եվրոպակա՞ն, թե՞ ասիական արժեհամակարգին պատկանելու, որակյալ կրթության, ինչպես նաև Հայաստանում հասարակության և իշխանությունների միջև առկա անջրպետի մասին: Գործարարի խոսքերով՝ Հայաստանում այսօր հոգևոր ճգնաժամ է տիրում:
«Իմ խորին համոզմունքն է, որ մենք եվրոպոիդ ենք, և այսպես ասած՝ եվրոպական արժանիքների դավանողներից մեկն ենք՝ որպես ազգ: Վե՞ց, թե՞ 8 դար՝ շատ վիճելի է դա, չունենք մենք պետականություն: Այսինքն՝ համարում ենք, որ Կիլիկիայի Թագավորությունը, որ հայկական թագավորություն է, 12-րդ դարում անկում ապրեց և կործանվեց: Հաշվի առնելով, որ ութ դար մենք անընդհատ եղել ենք Եվրոպայի և Ասիայի միջնամասում՝ այդ գծի վրա: Մեզ վրա շատ մեծ ազդեցություն է թողել ասիական մենթալիտետը:
Մենթալիտետ հասկացողությունը շատ խորը և բարդ հասկացողություն է: Դա գենետիկական առումով էլ, գուցե՝ հոգեկերտվածք, մտածելակերպ, կենցաղ, կացութաձև՝ չգիտեմ, թե ինչպես թարգմանեմ, բայց ասիական այդ խորը ազդեցությունը մեր մեջ կա: Մեր բարքերի, մեր սովորությունների, ինչո՞ւ չէ՝ նաև մեր ավանդույթների մեջ ասիական մեծ ազդեցություն կա:
Պատահական չէ, որ մեր մտքերի, բառերի մեջ կան արաբական, թուրքական և իրանական փոխառություններ: Բայց գիտեք, որ հայերենը հնդեվրոպական լեզվի ճյուղերից մեկն է: Այս առումով՝ մենք եվրոպոիդ ենք մտածելակերպով:
Նախկին Սովետական Միությունում ապրելով շուրջ 70 տարի՝ մեզ վրա խորը ազդեցություն է թողել նաև ռուսական մենտալիտետը: Չեք պատկերացնի, թե ինչպիսի համակարգ էր Սովետական Միությունը՝ բռնի կոլեկտիվացում, կոլխոզացում, մարդկանց թույլ չտալ ինքնուրույն մտածել: Մարդն իրեն ինքնուրույն դրսևորելու ոչ մի հնարավորություն չուներ: Այս 20 տարիները շատ քիչ են, որպեսզի մարդիկ կարողանան ինքնուրույն մտածել, նույնիսկ պետության անկումը, որ մի քիչ առաջ ասացինք՝ 800 տարի, չնայած՝ այդ 800 տարին շատ խիստ կասկածելի թիվ է:
Ես ավելի շատ կասկածում եմ, որ հայ ազգը դեռևս 4-րդ, 5-րդ դարից ինքնուրույնություն չի ունեցել: Պետության դերը հիմնականում կատարել են հոգևորականները և մեր եկեղեցին, որի դերը շատ մեծ է հայ ազգի պահպանության համար: Այսօր արժեքային համակարգ չկա, այսօր մեր պետությունը, մեր ժողովուրդը, մեր հասարակությունը չունի այն ուղենիշը, որով ինքն ուղղորդվի: Կիսամարգինալ, մարգինալ վիճակում ենք. կարծես թե հասարակության մեջ շատ լուրջ շերտավորումներ կան: Սիմվոլիկ ձևով եմ ասում՝ վերևներ և ներքևներ, էլիտա, որը կարծես թե ձևավորված չէ:
Ուզենք թե չուզենք՝ կան իշխանություններ, մտավորականություն, մշակույթ: Սրանք հեղհեղուկ վիճակում են, ձևավորման ընթացքում են: Սա շատ բնական է, որովհետև մենք անկախացումից հետո անմիջապես մտել ենք պատերազմի մեջ և այդ պատերազմում, բարեբախտաբար, Աստծո կամոք մենք ունեցել ենք հաջողություն: Ես այդ պատերազմը միշտ անվանում եմ խոշոր ճակատամարտ: Բայց դեռ պատերազմը շարունակվում է: Առավելևս՝ տնտեսական և հոգևոր դաշտում»:
Իշխանության տարբեր ձևերի և արժեքների մասին
«Երկրի թագավորներ, միապետեր, տոտալիտար… դեմոկրատիան, որ այսօր թևակոխել է Հայաստան, սրանք բոլորը գործիքներ են քաղաքականության մեջ, որպեսզի կարողանան երկրին, ժողովրդին տիրել:
Տեղեկատվությունը հասարակատնտեսական, ստրկատիրական, ֆեոդալիստական, կապիտալիստական, իմպերիալիստական, սովետական՝ այս բոլորը ձևական կողմեր են: Դեմոկրատիա կոչեցյալը և մենթալիտետ կոչեցյալը մարդու խորքից և սրտից է գալիս: Իմ խորին համոզմամբ՝ հայ ժողովուրդը շատ դեմոկրատ ժողովուրդ է, շատ դեմոկրատ ազգ է:
Պետք է իմանալ, թե որոնք են այն աքսիոմատիկ սահմանումները, որոնցով մեր ազգը պետք է առաջնորդվի: Իմ խորին համոզմամբ՝ դրանք քրիստոնեական արժեքներն են, որոնք խաթարվել են վերջին 70-80 տարիների ընթացքում: …
Այն ժամանակ ժողովրդին թույլ չէին տալիս ինքնուրույն մտածել, բայց այն ժամանակ բոլոր օրենքները գրված էին իդեալական ձևով: Այն ժամանակվա բարոյական նկարագիրը շատ հետաքրքիր էր, թղթի վրա ամեն ինչ բարձր որակի վրա էր գրած, բայց այն գլխից, որ գրված էր՝ Աստված չկա, սա արդեն ինքնըստինքյան խաթարում է մարդու հոգեբանությունը և մտածելակերպը: Այս իմաստով, իհարկե, դեմոկրատիան շատ լավ, շատ նորմալ գործիք է, բայց բոլոր դեպքերում, ցավոք սրտի, այսօր ամբողջ Եվրոպան ուզում են՝ միանման մտածեն, փորձում են շատ տարբեր բաներ նույնացնել, ազգային ինքնորոշումը, ազգի հոգեկերտվածքը ուզում են խառնել:
Ես, իհարկե, եվրոպական շատ արժեքներ, համամիտ եմ, որ մտնեն Հայաստան, և մենք՝ հայերս, փորձենք ընդօրինակել այդ լավն ու այդ ճիշտը: Եվ մենք դա մեր ներքին ենթագիտակցությունով ենք զգում, որ պետք է այդ լավը վերցնել: Բայց, բնականաբար, վատերն էլ են ներս գալիս, որը, իհարկե, անխուսափելի է:
Հայ ժողովուրդը, լինելով շատ հոգևոր, լինելով առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունող ժողովուրդ, ցավոք սրտի, մեր ազգում կա ցավալի մի արտահայտություն, որ՝ որտեղ հաց, այնտեղ կաց: Ես շատ-շատ եմ վախենում այդ արտահայտությունից, և կարծես մեր ժողովուրդը մի փոքր սիրում է նաև թափառաշրջիկ կյանքով ապրել: Այդ իմաստով՝ պետության դերը և պետության կայացումը շատ կարևոր եմ համարում»:
Ըստ Բարսեղ Բեգլարյանի՝ Հայաստանում հասարակությունը լուրջ անվստահություն ունի իշխանությունների և գործարարների հանդեպ, և այդ առումով իշխանությունները լուրջ անելիքներ ունեն:
Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք տեսագրությամբ.