Հայաստանի պատմությունն առաջին անգամ կներկայացվի գավառ առ գավառ, յուրաքանչյուրը` գյուղ առ գյուղ

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց «Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարի և Արևմտյան Հայաստան կատարած վերջին ճամփորդության արդյունքների մասին և ասաց, որ սա 14-րդ ճամփորդությունն էր դեպի Արևմտյան Հայաստան.

«Հիմնականում մեր ճամփորդությունները տևում են մեկ ամիս: Սովորական, ճանաչողական, հնարավորինս աշխատանքային ճամփորդություն էր, և այս իմաստով՝ առանձնահատուկ մի բան չկա, նախորդների նման է, միայն այս անգամ կարող եմ ասել, որ Կարսի մարզի Կարս և Սարիղամիշ գավառների, Էրզրումի նահանգի Բասեն գավառի տարածքներում ավելի շատ շրջեցինք, և դեպի հարավ տեղափոխվելով` Հայոց ձոր, Շատախ, Նորդուզ գավառներ:

Շատ հետաքրքիր հուշարձաններ արձանագրվեցին հատկապես Կարսի և Սարիղամիշի շրջաններում, մասնավորապես տպավորիչ էին վիմափոր կառույցները, որոնք հիմնականում եկեղեցիներ էին կամ վանքեր: Մեզ հանդիպած հուշարձանների մեջ գնալով սկսում են գերակշռել վիմափոր հուշարձանները, և դա՝ ոչ այն պատճառով, որ վիմափոր հուշարձաններ ավելի շատ են կառուցվել, հակառակը` դրանք շատ քիչ են կառուցվել, բայց պահպանվել են, որովհետև վիմափոր են: Իսկ քարաշեն կառույցների թիվը տարեցտարի պակասում է, որովհետև դրանք ավելի հեշտ է քանդել:

Նույնիսկ վիմափորներն են քանդում, այսինքն` ժայռերը պայթեցնում են, որովհետև թուրքական իշխանությունները տասնամյակներ շարունակ հիվանդացրել են իրենց իսկ քաղաքացիներին` անվերջ թմբկահարելով հայերի թողած գանձերի մասին լեգենդներ, որին հավատալով` ժողովուրդը դեռ փնտրում է այդ գանձերը: Ամեն ինչ գնում է դեպի հայկական հուշարձանների, հայկական հետքերի լիակատար անհետացում, և մենք աշխատում ենք գոնե թղթի վրա փրկել այդ ամենը»:

Խոսելով «Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարի մասին՝ նա ասաց, որ արդեն մի քանի տարի է, որ իրենց հիմնադրամում մտածում էին մի լուրջ աշխատություն ստեղծելու մասին, որը նվիրված կլինի Հայաստանի պատմությանը և կներկայացնի մեր հայրենիքը գավառ առ գավառ, յուրաքանչյուրը` գյուղ առ գյուղ.

«Մշակութային հուշարձանները որևէ բնակավայրի պատմության համար շատ կարևոր են. գերեզմանոց ասվածը, կարծես, յուրաքանչյուր գյուղի անձնագիրը լինի, այսպես նաև՝ մյուս հուշարձանները: Մեր հիմնադրամն արդեն մոտ հիսուն անուն զանազան գրքեր, քարտեզներ, գրքույկներ, տպագիր միավորներ է հրատարակել վերջին 15 տարիների ընթացքում, բայց այս մեկն առանձնանում է՝ իր ծավալով, ընդգրկումով, նշանակությամբ, առաքելությամբ:

«Հայաստանի պատմություն» խորագիրը կրող գրքաշարը բաղկացած է լինելու 36 հատորից, յուրաքանչյուրը` կախված ծավալից, ընդգրկելու է մեկ կամ մի քանի գավառ: Խորհրդանշական ձևով որոշեցինք, որ առաջին հատորը պետք է նվիրված լինի Հայոց ձոր գավառին, որովհետև մեր ազգի անվանադիր Հայկ նահապետը հաղթական ճակատամարտից հետո հենց այստեղ հիմնեց իր տունը:

Այս տարածքում է գտնվում հռչակավոր Հայկաբերդը, որը հիմա անվանել են Չավուշ Թեփե և գիտական շրջանառության մեջ փորձում են ամեն կերպ մոռացության տալ Հայկաբերդ անվանումը: Առաջին հատորը, որը լույս կտեսնի այս աշնան վերջին, կներկայացնի Հայոց ձոր գավառի հարյուրից ավելի գյուղեր»:

Հաշվի առնելով գրքաշարի զուտ գիտական ուղղվածությունը` նախագիծը, միևնույն ժամանակ, ներառում է յուրաքանչյուր հատորի համառոտ և հանրամատչելի տարբերակի լույսընծայում, որն էլ կարող է օգտակար լինել ինչպես՝ հասարակության ավելի լայն շրջանակներին, այնպես էլ՝ զբոսաշրջիկներին:

«Այնպես ենք կազմել գրքաշարը, որ յուրաքանչյուրի կողքի հատվածն իրար միացնելով՝ կամբողջանան պատմական Հայաստանի` Մեծ և Փոքր Հայքերի քարտեզները: Այս առումով` հեռվից հեռու ճանաչելի մի մատենաշար կլինի, որովհետև նման լուծում ունեցող գրքաշար մեր իրականության մեջ ինձ չի հանդիպել:Սա նաև խայծ է, որ եթե մեկը մի հատորը ձեռք բերի, ստիպված լինի նաև մյուս հատորներն էլ ունենալ, որ քարտեզն ամբողջանա»,- պարզաբանեց Սամվել Կարապետյանը:

Խոսելով գրքաշարը ստեղծելու համար անհրաժեշտ գումարի ու ծախսերը հոգալու տարբերակների մասին՝ նա ասաց.

«Յուրաքանչյուր հատորը ստեղծելու և 1000-ական օրինակ տպագրելու համար անհրաժեշտ ծախսը (ներառյալ՝ համառոտ տարբերակը) կազմում է 13.000.000 դրամ, որը բավականին լուրջ գումար է, և մեր հիմնադրամը չի կարող հոգալ այդ ծախսը: Տարբեր տեղեր դիմելով և աջակցություն չստանալով` որոշեցինք բաժանորդագրության միջոցով հոգալ ծախսերը, որովհետև չհրատարակել այս մատենաշարն ուղղակի չի կարելի:

Մեր հաշվարկները ցույց են տվել, որ յուրաքանչյուր հատորի համար եթե ունենանք 800 բաժանորդ, ապա տվյալ հատորը լույս կտեսնի: Հատորի գիտական տարբերակը, որը տպագրությունից հետո կարժենա 36.000 դրամ, բաժանորդները կարող են ձեռք բերել 12.000 դրամով, իսկ փոքր տարբերակը կարժենա 3000 դրամ: Գրքաշարի յուրաքանչյուր հատորը պարունակելու է ավելի քան 1000 լուսանկար, տարաբնույթ տասնյակ քարտեզներ, չափագրություններ, գրչանկարներ և օժանդակ այլ նյութեր»:

Առաջին հատորին կարելի է բաժանորդագրվել մինչև 2014թ. սեպտեմբերի 20-ը:
Յուրաքանչյուր հերթական բաժանորդագրությունը կսկսվի արդեն լույս տեսած հատորը բաժանորդներին փոխանցելուց անմիջապես հետո: Հատորները լույս կտեսնեն 4-5-ամսյա պարբերականությամբ:

Բաժանորդներն իրենց վճարումները կարող են կատարել.

1. Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հաշվեհամարին («Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, Կասկադ մասնաճյուղ, 2474501494110000)` պահելով կտրոնը

2. Այցելելով հիմնադրամի գրասենյակ (Բաղրամյան 24գ, սենյակ 61):

Տեսանյութեր

Լրահոս