Բաժիններ՝

«Ո՞վ չգիտի, որ ավելի թանկ է Ծաղկաձորում հանգստանալը, քան Միջերկրական ծովում»

«Հայաստանում տուրիզմի ծավալը մոտենում է մեկ միլիոնին, դա շատ մեծ առաջընթաց է, բայց եթե կառուցվածքին նայենք, ապա ո՞վ չգիտի, որ հայերն ունեն շատ բարեկամներ այլ երկրներում, ու այդ բարեկամների գալը նույնպես հաշվառվում է այդ ցուցակի մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Նա հիշեցրեց, որ զբոսաշրջիկ է համարվում այն մարդը, որը մեկ օրից ավելի և մեկ տարուց պակաս գտնվում է տվյալ երկրում. «Ու այստեղ կա ոչ ճիշտ ինֆորմացիա: Ինքն իր համեմատ՝ դրական է շարժը, բայց մենք պետք է նայենք հարևաններին: Այսինքն՝ մենք հետ ենք մնում: Ես պետք է ասեմ, որ ամենամեծ տնտեսագետներից մեկը` Աբել Աղանբեկյանը, ինձ անձամբ ասաց.

«Եթե մարդ ուզում է տեսնել քրիստոնեական արժեքներ, որտե՞ղ նա կգնա. էլ ո՞ւր՝ բացի Հայաստանից ու մեկ էլ Երուսաղեմից: Մենք այդ շանսերը լավ չենք օգտագործում»:

Ըստ Ա.Պողոսյանի՝ տուրիզմի բնագավառում կարևորը մատչելիությունն է և գնային համադրությունը.

«Այս դեպքում մենք տուժում ենք, բայց ո՞րն է բանալին. դա համապատասխան մասնագիտական կառույցների խնդիրն է: Ո՞վ չգիտի, որ ավելի թանկ է Ծաղկաձորում հանգստանալը, քան Միջերկրական ծովում: Սա հանելուկ է, որը լուծման կարիք ունի, և ես չունեմ այդ լուծումը»:

Ա. Պողոսյանը նկատեց, որ հայաստանցիները մեկնում են Սև ծով, քանի որ այնտեղ հանգիստը կազմակերպելն ավելի մատչելի է, քան, օրինակ, Սևանում կամ մեկ այլ հանգստավայրում: Ըստ Ա. Պողոսյանի՝ պետք է զարգացվի նաև գյուղական տուրիզմը.

«Եթե ես գնայի Արգենտինա, կամ Արգենտինայից գայի Երևան, ինձ չէր հետաքրքրի հյուրանոցը: Ինձ կհետաքրքրեր արգենտինացու տանն ապրելը՝ գյուղում կամ որևէ մոտիկ տեղ, շփվել իրենց հետ: Օրինակ, շատ մարդիկ կուզենային Գառնիի շրջակայքում կամ հենց գյուղում էլ ապրել»:

Նա ասաց, որ Հայաստանում վերջերս բնակություն հաստատած հայերից մեկը Գառնիի մոտակայքում հիմնադրել է ընտանեկան բիզնես, որը հաջողությամբ գործում է.

«Տուն, կանաչեղեն… Հավեր են վազվզում, մարդիկ ապրում են, իրենք պատրաստում են սնունդ, ու դա հարյուր անգամ հոյակապ, գրավիչ և մատչելի է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս