
Վահագն Խաչատրյան. Մինչև առաջին դեմքը չի ասում ինչ-որ բան, ոչ մեկն իր վրա պատասխանտություն չի վերցնում գահատական տալու

ՀՀ կառավարությանն ու բիզնեսին ուղղված ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը՝ պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունների հետ համագործացությունը դադարեցնելու վերաբերյալ, զարմանալիորեն չի արժանանում ՀՀ կառավարության ներկայացուցիչների գնահատականին: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, ստեղծված իրավիճակում կարևոր է, որ իրենք գնահատական տան ու մեկնաբանեն, թե ինչ են նշանակում այս պատժամիջոցները ՀՀ-ի համար, որովհետև Հայաստանի կախվածությունը ռուսական տնտեսությունից շատ էական է՝ հաշվի առնելով նաև, որ այս տարվա նախատեսված 4.2% տնտեսական աճի մեջ ռուսական ներդրումների ու տրանսֆերտների դերը հաշվվարկված էր: Ըստ նրա՝ հիմա իրավիճակը փոխվում է, ՌԴ-ից կապիտալ ներդրումներն ու տրանսֆերտները պակասում են, «Ռոսնեֆտի» ներդրումների մասին այլևս ոչ մի խոսք չկա:
Վ. Խաչատրյանը նկատեց, որ ի տարբերություն հայկական պաշտոնյաների, ռուսական կողմը գնահատականներ ու կանխատեսումներ հրապարակում է, այսինքն՝ նրանք շատ ավելի լուրջ են վերաբերում իրենց գործին և առանց վախենալու հայտարարում են, որ ՌԴ տնտեսությունը շատ բարդ վիճակում է հայտնվել.
«Պարզ է, ՀՀ-ում էլ պետք է այդպես լինի, բայց գնահատական չեն տալիս: Կարծում եմ, պատճառն այն է, որ իրականում չգիտեն, կամ չեն պատկերացնում, կամ հրահանգ չկա, թե ինչ պատասխանեն: Մեզ մոտ սա է մեր իշխանական համակարգի ամենամեծ թերությունը, որ մինչև առաջին դեմքը չի ասում ինչ-որ բան, ոչ մեկն իր վրա պատասխանտություն չի վերցնում գահատական տալու»:
«Իմ կարծիքով՝ շատ վտանգավոր ժամանակաշրջանում ենք ապրում: Ես չեմ հիշում, որ նման դեպք եղած լինի, որ ԱՄՆ-ն այսպիսի պատժամիջոցներ է կիրառել, և առանձնահատուկ շեշտում է բոլոր երկրներին, այդ թվում ՀՀ-ին, որոնք տնտեսական կապերի մեջ են գտնվում իրենց նշած կազմակերպությունների հետ: Նույնիսկ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ժամանակաշրջանում նման ծավալով գործընթաց չկար, միայն բանկերի մասով էր: Բնականաբար, դա պայմանավորված էր նրանով, որ իրանական կապիտալի ներկայությունը և ազդեցությունը ռուսականի հետ անհամեմատելի է: Բոլոր դեպքերում սա առանձնահատուկ երևույթ է և, ես կարծում եմ, որ ԱՄՆ հայտարարության մեջ քաղաքական ենթատեքստ կա, կապված ՀՀ վարած քաղաքականության հետ, որն, ամենայն հավանականությամբ, դժգոհությունների տեղիք է տվել, կամ չի մտնում այն շրջանակների մեջ, որ Արևմուտքը պատկերացնում էր, որ ՀՀ-ն կարող էր այդ ծրագրերին մասնակից դառնալ»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Նրա բնորոշմամբ՝ Հայաստանն այսօր շատ թույլ վիճակում է, և´ քաղաքական, և´ տնտեսական առումով շատ խոցելի է, ինքնուրույնությունը և որոշում ընդունելու կարողությունը 0 է, և մի այնպիսի վիճակում է հայտնվել, որ չգիտի, թե որ կողմ գնա՝ աջ, թե ձախ. «Սրա մասին մենք զգուշացնում էինք և այն ժամանակ, երբ ոգևորությամբ ԵՄ ասոցացված անդամ էին ուզում դառնալ՝ չներկայացնելով հանրությանը, թե ինչ է դա, և նույն ոգևորությամբ շարունակում են ՄՄ-ի կամ Եվրասիակամ միության անդամ դառնալու գործընթացը, կրկին ամբողջական չներկայացնելով, թե ինչ վտանագներ են մեզ սպասվում:
Այս պայմաններում զարմանալի է բիզնեսի ներկայացուցիչների լռությունը: Ի վերջո, առաջին հարվածն իրենք են ստանալու և որևէ ձևով արձագանք չկա, թե ինչ է նշանակում այս ամենը: Բիզնեսը ծրագրեր էր կազմել տարվա համար, սպասելիքներ ուներ, բայց դրանք չեն իրականանում ու իրենք լռում են: Այսինքն՝ մեզ մոտ բիզնեսն էլ որպես այդպիսին չկա: Հակառակ դեպքում իրենք կարող էին այդ հարցադրումներն անել իշխանությանը՝ ինչ է լինելու: Առանց այդ էլ մեր ներդրումային դաշտը ողբալի վիճակում է: ԱՄՆ կոչն իր քաղաքացիներին՝ զերծ մնալ ՌԴ-ում ներդրումներից, վերաբերում է նաև Հայաստանին: Իսկ մենք պատրա՞ստ ենք արդյոք դրան, մեր տնտեսությունը, մեր հասարակությունը պատրա՞ստ է դրան: Այս խնդիրների մասին չի խոսվում: Մինչդեռ կառավարությունը պետք է արտառոց միջոցառումների ցանկ մշակի, որովհետև վաղը կարող է ուշ լինել»: