Գերեզմանները «խեղդում» են Երեւանը. «Այն, ինչի վերածվում է մայրաքաղաքը, ուղղակի այլանդակություն է». medialab.am
medialab.am-ը գրում է. Տարիներ շարունակ Հայաստանի մայրաքաղաք Երևանը, որը բանաստեղծություններում և երգերում որակվում է որպես վարդագույն քաղաք, մի քանի տասնամյակ անց հավակնություն ունի վերածվելու գերեզմանների քաղաքի տարբեր ոլորտների մասնագետների խոսքով` հայերի մեռելապաշտության և հսկայական գերեզմաններ կառուցելու մոլուցքի պատճառով:
Քաղաքային իշխանությունների պնդմամբ` այս ոլորտում բավական բարդ իրավիճակ է ստեղծվել, և մինչև 2020 թ. Երևանի կարիքների համար անհրաժեշտ է 46,5 հա մակերեսով նոր գերեզմանատուն կառուցել, հակառակ դեպքում հանգուցյալների համար ուղղակի տարածք չի լինի:
«Նման տեմպերով գնալու դեպքում Երևանում արդեն 20 տարի հետո ազատ գերեզմանատարածք չի լինելու»,- ասում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ ինժեներ Ռազմիկ Հարությունյանը:
Ըստ վիճակագրության` Երևանում ներկայումս գոյություն ունեցող 21 գերեզմաններից, որոնք զբաղեցնում են 540,3 հա հողային տարածք, բաց են միայն չորսը` «Աջափնյակը», «Սպանդարյանը», «Շենգավիթը», «Արին-Բերդը», սակայն շատ դեպքերում էլ հարազատին «արժանի հարգանք» մատուցելու և հսկայական դամբարաններ կառուցելու հետևանքով այդ գերեզմաններն էլ արդեն մոտեցել են բնակելի տներին: Ըստ մասնագետների գնահատականների` գերեզմանների զբաղեցրած տարածքները իրականում երկու անգամ ավելի են և զբաղեցնում են մայրաքաղաքի առնվազն 10 տոկոսը:
«Այն, ինչի վերածվում է Երևանը, ուղղակի այլանդակություն է: Եթե քաղաքին նայես մի բարձրադիր կետից, կտեսնես, որ այն չորս կողմից շրջապատված է գերեզմաններով, և այդ օղակը աստիճանաբար սեղմվում է: Այսպես շարունակվելու դեպքում կգա մի ժամանակ, երբ մայրաքաղաքն ուղղակի կվերածվի գերեզմանոցի»,- «Մեդիալաբին» ասում է ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Վլադիմիր Բադալյանը:
2006-ին ընդունված «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով, որի հեղինակը հենց Վլադիմիր Բադալյանն էր, իրավիճակն ինչ-որ առումով պետք է որ շտկվեր:
Օրենքը նախատեսում էր մեկ մարդու համար 2,5 քմ, իսկ ընտանեկան գերեզմանի համար 12,5 քմ անվճար տարածք տրամադրել, սակայն ստեղծված իրավիճակում, երբ քաղաքային իշխանությունները պնդում են, որ 2020-ին Երևանում հանգուցյալներին հողին հանձնելու տեղ այլևս չի լինի, գերեզմանային տարածքները շատ դեպքերում վերածվել են կոռուպցիայի առումով գրավիչ վայրերի:
Նույն օրենքի մեջ դրույթներ կային նաև դիակիզարանների մասին, որոնց առկայությունը միայն, ըստ Բադալյանի և ոլորտի մասնագետների, կարող է իրավիճակը փոխել: Թեև 2006-ին ուժի մեջ մտած օրենքը ենթադրում էր դիակիզարանի նախագծում և կառուցում, սակայն միայն վերջերս է դիակիզարանի համար 12,0 հա տարածք հատկացվել: Թեև ներկայումս խոսվում է 2014-ին Հայաստանում դիակիզարան կառուցելու մասին, այնուամենայնիվ, դարձյալ հստակ ժամկետներ չեն նշվում:
«Դիակիզարանը պարտադիր է Հայաստանի, հատկապես Երևանի համար, քաղաքը խեղդվում է,- ասում է Բադալյանը` ակնարկելով գերեզմանոցներում հատկացվող հսկայական տարածքները և կառուցվող դամբարանները,- հատկապես որ մայրաքաղաքում հողերը սահում են, այսինքն` վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Ի վերջո, Երևանը մայրաքաղաք է, իսկ դուք տեսել եք` ի´նչ է կատարվում գերեզմաններում: Ես ինքս 260 քմ տարածքով գերեզման եմ տեսել Երևանում»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ Medialab.am-ի