Բաժիններ՝

Հայկական արձակուրդներ

Ամառային այս շոգերին հասարակական-քաղաքական ու տնտեսական կյանքը Հայաստանում կանգ է առնում: Համարյա ամբողջությամբ: Բացառությամբ, իհարկե, գյուղմթերք արտադրողներ, ու մթերողների, բոլորն արձակուրդում են: Թե իշխանությունները, թե ընդդիմությունը: Հետևաբար` հրատապ թեմա են դառնում արձակուրդներն ու զբոսաշրջությունը:

Զբոսաշրջության թեմայով մեր երկրում պաշտոնապես վերջին անգամ խոսվել է անցած տարվա նոյեմբերին: Եթե հիշողությունս չի դավաճանում, նախորդ կառավարությունն այս ոլորտը տնտեսության գերակա ճյուղ էր հայտարարել: Բազում այլ ոլորտների նման: Հայտարարել ու պարբերաբար անդրադառնում էր այդ թեմային:
Նախապես, իհարկե, շատ խորը թաքցնելով ոլորտի մասին վիճակագրական տվյալները:

Վերջին տարիներին երբեք պաշտոնապես ստույգ չի հայտարարվում, թե որքան զբոսաշրջիկ է այցելում մեր երկիր: Փոխարենը` մեր լրատվամիջոցները հաշվապահի բծախնդրությամբ ներկայացնում են Վրաստանին վերաբերող տվյալները: Հարևան երկրում զբոսաշրջիկների հաշվառումը տարեկան արդեն 3 մլն մարդուն գերազանցող թիվ է: Իսկ մերոնք 2013թ. նոյեմբերին կառավարության նիստում հաստատեցին «Համաշխարհային զբոսաշրջային շուկայում ՀՀ մրցակցության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը»: Այդ ընթացքում խանդավառությամբ նշելով, որ Հայաստանը 140 երկրների մեջ ինչ-որ ցուցանիշներով զբաղեցնում է պատվավոր 79-րդ տեղը:

Ուրիշ տվյալներ չհրապարակվեցին: Հետո կառավարությունը փոխվեց:

Կարդացեք նաև

Նոր կառավարությունում դժվար թե որևէ մեկը ջանք թափի կարդալու 41 գլուխ ունեցող այդ ստվար ծրագիրը: Ոլորտն էլ սկսեց «զարգանալ» շուկայի դասական կանոններով: Հյուրանոցների, ավիատոմսերի ու սննդամթերքի գների պատճառով իրական զարգացման մասին խոսելն ավելորդ է: 2000-ականների սկզբին Հայաստանն իրանցի զբոսաշրջիկների համար հետաքրքիր էր: Հետո նրանց մեծամասնության համար Հայաստանը դարձավ տարանցիկ ճանապարհ դեպի Վրաստան:

Բայց հենց այս տարիներին նույն Վրաստանը դարձավ մեզ՝ հայաստանցիներիս համար մատչելի տուրիստական երկիր: Կամ երկրներից մեկը: Որովհետև արձակուրդն արտերկրում անցկացնող հայաստանցիները հիմնականում նախընտրում են Վրաստանը, Թուրքիան և Եգիպտոսը: Նույնիսկ հանրահայտ «Արաբական գարունն» իր աղետալի ու վտանգավոր հետևանքներով փոփոխություն չմտցրեց: Այս պարագային բարդ չէ ենթադրելը, որ այս երկրներն ընտրվում են, ոչ թե մեր ազգային նախասիրությունների, այլ դրամապանակի պարունակության պատճառով: Նույնիսկ Թուրքիան: Այս երկիր մեկնող հայաստանցիների ճնշող մեծամասնությունը նախընտրում է թուրքական ծովափը:

Զբոսաշրջությամբ զբաղվող գրասենյակների առաջարկներում Արևմտյան Հայաստանի քաղաքների այցելությունն ու ծովափնյա հանգիստը համարյա չեն համատեղվում:
Հայաստանյան ներքին առաջարկները մեզ համար հրապուրիչ չեն: Վերջին տարիներին տարածված կարծիքի համաձայն՝ Հայաստանում հանգստանալ իրեն կարող է թույլ տալ միայն բավական հարուստ մարդը: Այս մասին, հարկավ, գիտեն նաև Վրաստանում: Աշխարհաքաղաքական տարբեր ուղղություններով կողմնորոշվելու պատճառով օրերս հայտարարվեց, որ Վրաստանը մասնակի կփոխի հայաստանցիների համար Վրաստան այցելելու կարգը:

Մեր Եվրասիական կողմնորոշման պատճառով Վրաստանը «վիզայի» համակարգ կմտցնի: Բայց արդեն հայտարարվել է, որ վիզան պարտադիր կլինի միայն երկարաժամկետ այցելությունների համար: Վրաստան այցելելիս վիզա ստանալը պարտադիր կլինի միայն այդ երկրում աշխատող կամ սովորող հայաստանցիների համար: Կարճաժամկետ՝ հանգստանալու մեկնողների համար մուտքն ազատ է մնալու: Որովհետև հայ զբոսաշրջիկները տարադրամի նկատելի ծավալ են ծախսում Վրաստանում հանգստանալիս: Զբոսաշրջության ոլորտի նման ճկուն մոտեցումը մեր երկրում բացակայում է: Ակնհայտ է, որ մերոնց հույսը հին ու նոր Սփյուռքն է: Հայաստանում զբոսաշրջիկ արձանագրվող անձանց ճնշող մեծամասնությունը մեր հայրենակիցներն են:

Փաստորեն, մեր զբոսաշրջության ոլորտի «զարգացման» հույսը հայրենաբաղձությունն է: Նույնիսկ ամառային շոգ եղանակը չի կարող հակակշիռ փաստարկ դառնալ: Կարոտը ստիպում է առաջին սերնդի արտագաղթածներին` գոնե մի քանի օրով վերադառնալ հայրենիք: Բայց նրանց դասական իմաստով զբոսաշրջիկ չես համարի: Որովհետև բոլորը, համարյա առանց բացառության, մտերիմ հարազատ ու բարեկամ ունեն: Մտերիմ, ում տանը կամ ամառանոցում ապրելու հնարավորություն ունեն: Որքան էլ որ այս մարդկանց պաշտոնական վիճակագրությունը զբոսաշրջիկ «ձևակերպի», միևնույն է, մեր թանկագին հանգստյան տներն ու հյուրանոցները շարունակում են մնալ անապատացված տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս