
Էրդողանն ափսոսանք է հայտնել, որ այլևս ուղիղ շփում չունի Օբամայի հետ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը ATV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ափսոսանք է հայտնել, որ այլևս ուղիղ շփում չունի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Էրդողանը հիշեցրել է, որ նախկին ուղիղ շփում ուներ Օբամայի հետ, մինչդեռ ներկայումս իրենք շփվում են արտգործնախարարների միջոցով: Էրդողանն այդ պլանում հիշատակել է, որ միայն մեկ անգամ Իրաքի հարցով շփվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Էրդողանն իր և Օբամայի հարաբերությունների վատթարացումը պայմանավորել է Սիրիայի հարցում նրանից ունեցած խորը հիասթափությամբ, երբ Օբաման հրաժարվեց ռազմական միջամտություն իրականացնել Սիրիայում: Էրդողանն ընդգծել է, որ նման բան չէր սպասում արդարության համար պայքարի առաջամարտիկից:
Հիշեցնենք, որ 2014 թվականի փետրվարի վերջին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց էր ունեցել Ռեջեփ Էրդողանի հետ, ինչը տեղի էր ունեցել վեցամսյա ընդմիջումից հետո: