Հայաստանը կարո՞ղ է դառնալ տարանցիկ երկիր` իրանական գազն արևմտյան երկրներ տեղափոխելու համար
Որպեսզի Հայաստանը դառնա տարանցիկ երկիր իրանական գազը դեպի արևմտյան երկրներ տեղափոխելու համար, անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածք, իսկ դա պահանջում է ժամանակ և հսկայական միջոցներ: Այսօրվա ասուլիսում այսպես արտահայտվեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին, ում հրավիրել էին Մամուլի ազգային ակումբ` մասնակցելու «Հայ-իրանական հարաբերություններ», «Իրանը և տարածաշրջանը» թեմաների քննարկմանը:
Անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է իրանական գազը այլընտրանք դառնալ ռուսական գազին Արևմուտքի համար, և որքանո՞վ է հնարավոր, որ իրանական գազի տարանցումը կատարվի Հայաստանի տարածքով, Իրանի դեսպանը նշեց, թե նախկինում բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Հայաստանի տարածքով էներգակիրների տարանցման համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածք: Միաժամանակ նա ավելացրեց. «Մենք Ռուսաստանի հետ ունենք լավ հարաբերություններ, Իրանը և Ռուսաստանը էներգակիրների, հատկապես գազի ոլորտում կարող են լավ համագործակցել»:
Այդուհանդերձ, Իրան-Հայաստան այսօրվա գազամուղի տրամաչափը թույլ տալի՞ս է գազ տեղափոխել այլ երկրներ: Դեսպանը պատասխանեց` ոչ, այդ տրամաչափով հնարավոր չէ տարանցում իրականացնել:
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա տարանցիկ երկիր: Այս հարցին դեսպանը տվեց հետևյալ պատասխանը. «Եթե կստեղծվի համապատասխան ենթակառուցվածք, այսինքն, համապատասխան տրամագծի խողովակաշար, որևէ խնդիր չկա Հայաստանի միջոցով գազ տարանցելու»:
Իսկ ընդհանրապես Հայաստանի կողմից կա՞ նման նախաձեռնություն, գուցե Հայաստանի իշխանությունները չունե՞ն այդպիսի ցանկություն, գուցե վախենո՞ւմ են: Լրագրողների «գազային» հարցերի գրոհը ոչ մի կերպ չէր դադարում:
Մոհամմադ Ռեյիսիին դա չշփոթեցրեց, և նա նույն հանգստությամբ և ժպիտով շարունակեց. «Ոչ, ոչ, այդպես չէ: Դրա համար անհրաժեշտ են ներդրումներ: Օրինակ, երկաթգծի կառուցման համար 3-ից 4 միլիարդ դոլարի ներդրում է անհրաժեշտ: Նույնը վերաբերում է նաև գազամուղին: Դրա համար պետք են և´ հսկայական միջոցներ, և´ ժամանակ»:
Իրանի կողմից Հայաստանին ավելի մեծ քանակով բնական գազ մատակարարելու հարցն առավել արդիական դարձավ Հայաստանի և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև վիճահարույց պայմանագրի կնքումից հետո, երբ Իրանի դեսպան Մ. Ռեյիսին մի քանի անգամ հանդես եկավ ելույթներով` հայտարարելով, որ Իրանը պատրաստ է բարեկամ Հայաստանին գազ վաճառել ավելի էժան գնով: «Հայկական կողմից որևէ արձագանք եղե՞լ Իրանի այս առաջարկին»,- հետաքրքրվեցինք դեսպանից: Ի պատասխան` Մ. Ռեյիսին ասաց. «Մենք Հայաստանի Հանրապետության հետ ունենք շատ լավ հարաբերություններ: Մինչ այժմ տեղի են ունեցել 11 միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստեր, և շուտով Թեհրանում տեղի է ունենալու նաև 12-րդ նիստը: Մինչ նիստի գումարում Հայաստանի էներգետիկայի նախարարը այցելելու է Իրան, և գուցե այս խնդիրն այնտեղ քննարկվի այցի շրջանակներում: Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում»: