Բաժիններ՝

Օթար Իոսելիանի. «Ես ռումբեր սարքել չէի ուզում և փախա այնտեղից: Սկսեցի ֆիլմեր նկարահանել»

«Ոսկե Ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացնում է «Հարգանքի տուրք ծրագիր»՝ ի պատիվ հռչակավոր ռեժիսոր Օթար Իոսելիանիի 80-ամյա հոբելյանի: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն ռեժիսորի «Տերևաթափ», «Ապրում էր մի երգող կեռնեխ», «Հովվերգություն», «Խաժամուժ» ֆիլմերը: «Բարի օր, երեխեք: Հիմա իրենք կդադարեն լուսանկարել ինձ՝ ինչպես բալերինային…»,- ողջունեց լրագրողներին լեգենդար կինոռեժիսոր Օթար Իոսելիանին և ավարտելով խոսքը՝ սպասեց, մինչ իր շուրջը հավաքված լուսանկարիչները կդադարեն իրեն լուսանկարել:

Նա խոստովանեց, որ կինոն իր համար այն անհրաժեշտ բանն է, որն ուղեկցում է կյանքի ընթացքում.

Otar Iosseliani2

«Ցավոք, ես ուրիշ ոչ մի բան չեմ կարողանում անել, ես մի ժամանակ երաժշտությամբ, մաթեմատիկայով եմ զբաղվել, բայց երաժիշտ չդարձա, քանի որ այն ժամանակ, երբ ես երաժշտությամբ էի զբաղվում, ես դաշնակահար էի, ջութակ էլ էի նվագում:

Մի անգամ նստած պարապում էի, ինձ մոտեցավ հորեղբայրս, նայեց նոտաներին և ասաց՝ այդպես էլ շարունակելո՞ւ ես ամբողջ կյանքդ կարդալ ուրիշների տեքստերը: Դա ինձ այնքա՜ն վշտացրեց: «Իսկապե՛ս,- մտածեցի ես,- նրանք գրել են, իսկ ես նվագում եմ: Ինչի՞ համար է պետք»: Միգուցե դա նրանից էր, որ ինձնից Ռիխտեր դուրս չեկավ»:

Նա այդ ժամանակ որոշում է զբաղվել մաթեմատիկայով: Պատմում է, որ լավ էր սովորում:

«Շատ լավ կրթաթոշակ էի ստանում` Նյուտոնի կրթաթոշակ: Դրանով հնարավոր էր ապրել: Եկան գեներալներ, նայեցին դոսյեները, վերցրեցին մի քանի ուսանողների. նրանց հետաքրքրում էր ռումբեր և հրթիռներ պատրաստելը: Ես հասկացա, որ իրենք ուզում են օգտագործել այնպես, ինչպես ժամանակին վարվեցին Սախարովի հետ: Եվ ես թողեցի մաթեմատիկան: …

Otar Iosseliani1

Տեսա՞ք՝ ինչ տեղի ունեցավ: Այդ ծերուկ Կալաշնիկովը ստեղծեց մի գործիք, որն անապատում, ավազի մեջ, ջունգլիներում, ջրի մեջ, սարերում՝ ամենուր, սպանում է մարդկանց ամբողջ աշխարհով մեկ: Սոլժենիցինը մի խոսք է ասել՝ կարևորը՝ չմասնակցել չարիքի իրագործմանը: Ես ռումբեր սարքել չէի ուզում, և փախա այնտեղից»,- հավելեց Օթար Իոսելիանին:

Դրանից հետո Օթար Իոսելիանին որոշել է զբաղվել կինեմատոգրաֆիայով.

«Այդ ժամանակ Խորհրդային Միությունում նկարահանում էին 6 կինոնկար: Մեկ տարվա ընթացքում իմ ուսուցիչն է եղել Ալեքսանդր Դովժենկոն: Հետո նա մահացավ ինֆարկտից: Ծանր ժամանակներ էին. այդ թվերին կինեմատոգրաֆիստները մահանում էին ինֆարկտից, հուսահատությունից: Մենք ավարտեցինք ուսումը: Ես գնացի Վրաստան: Վրաստանը տարբերվում էր Մոսկվայից ավելի թեթև մթնոլորտով, և այն հեռու էր «Պետֆիլմից»:

Սկզբում մոնտաժում էի ուրիշների կինոնկարները: Հետո նկարեցի առաջին կարճամետրաժ ֆիլմը, արգելեցին: Նկարահանեցի մեկ այլ կինոնկար՝ «Ապրիլը», կրկին արգելեցին, «Չուգուն» կարճամետրաժ ֆիլմը՝ արգելեցին, և այդպես շարունակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս