Ամոս Գիտայ. «Կինոյի աշխարհում գաղափարների սով է»
«Ես շատ ուրախ եմ այստեղ գալու համար, սա իմ առաջին այցն է Երևան»,- ասաց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի Իսրայելից ժամանած մասնակից-պատվավոր հյուր Ամոս Գիտայը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Կինոփառատոնին Իսրայելից ժամանած հայտնի ռեժիսորը ներկայացնելու է իր «Անա Արաբիա» (2013թ.), «Սահմանազատում» (2007թ.), «Ազատ գոտի» (2005թ.) և «Ավետյաց երկիր» (2004թ.) ֆիլմերը:
Ա. Գիտայի կարծիքով՝ կա որոշակի նմանություն հայ և հրեա ազգերի պատմությունների միջև, քանի որ խոսքը ժողովուրդների մասին է, որոնք տեսել են ջարդեր և ինքնության ու սեփական տարածքը չունենալու խնդիր.
«Չնայած չէի եղել Երևանում, բայց երկար տարիներ մտածել եմ Երևան գալու մասին և ներքուստ միշտ որոշակի համակրանք եմ ունեցել այն խնդրի շուրջ, որ այստեղ կա ժողովուրդ, որոնք ևս անցել են տառապանքի միջով և խնդիր ունեն՝ աշխարհով այդ լուրը տարածելու:Քանի որ կինոյի աշխարհը ընտանիքի պես է, շատ ընկերներ ունեմ հայ կինոյի աշխարհից, օրինակ՝ Ատոմ Էգոյանը և այլք, ովքեր միշտ պատմել են Հայաստանի մասին»:
Ըստ Ա. Գիտայի՝ ամենաառաջնային խնդիրը, որ ռեժիսորն ունի՝ ունակությունն է՝ տեսնելու այն ամենը, ինչ իր շուրջը տեղի է ունենում.
«Բայց կինոն լրագրություն չէ: Պետք է ֆիլմը ոչ միայն տեղեկատվական լինի, այլև արտահայտի ռեժիսորի ամբողջ հայեցակետերը, տեսանկյունը, վերաբերմունքը: Քանի որ Իսրայելի պատմությունն էլ համարվում է ոչ ամբողջացած, դա արտահայտվում է նաև կինոյում»:
Ա. Գիտայը գտնում է, որ կարևոր է պահել բաց հասարակություն, որտեղ արվեստագետները կկարողանան ազատ հարաբերվել իրականության հետ, որպեսզի կարողանան ընդարձակել այն սահմանները, որտեղ հասարակության տարբեր գաղափարներ են արտահայտվում.
«Դա է հենց Երևանի կինոփառատոնի կարևորությունը, որովհետև այն թույլ է տալիս ցույց տալ շատ տարբեր գաղափարներ և մոտեցումներ, ինչը կարող էր սահմանափակվել, եթե մենք ինքներս մեզ սահմանափակեինք՝ զուտ կոմերցիոն կինոյին ծանոթանալով:
Գիտեմ, որ հեշտ չէ փառատոն անելը, բայց իրականում սա մեծ հնարավորություն է բոլորի համար՝ ընդարձակելու կինոյի իմացությունը: Եթե մենք ինքներս մեզ սահմանափակեինք՝ զուտ ամերիկյան կոմերցիոն կինոյով, շատ սահմանափակ կլիներ մեր՝ կինոյի մասին ունեցած պատկերացումները: Նման փառատոները պատուհան են դեպի նոր մշակույթներ, նոր գաղափարներ»:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ Ա. Գիտային մեղադրում են նրա համար, որ նրա ֆիլմերի միջոցով դժվար է պատկերացում կազմել Իսրայելի իրական պատմության մասին, նա այսպես պատասխանեց.
«Ես ամբողջովին համաձայն եմ դրա հետ: Պետք է նշեմ, որ ես պաշտոնական խոսնակ չեմ, և իմ գործը զուտ լրատվություն փոխանցելը չէ: Մյուս կողմից՝ կարելի է նկատի ունենալ, որ լրատվամիջոցներն էլ իրականում սուբյեկտիվ են, և այն, ինչ անում եմ ես, հնարավորություն է տալիս՝ սեփական ընկալումներս ներկայացնելու միջոցով, ի վերջո, ձևավորել անկախ կարծիք և մոտեցում»:
Ա. Գիտայը մասնագիտությամբ ճարտարապետ է, և նրա համար ամենահետաքրքիր մարտահրավերը հենց փոխանցելն է այն գիտելիքն ու փորձառությունը, որ ինքն ունի՝ մի ճյուղից դեպի մյուս ճյուղ.
«Երիտասարդ սերնդի հիմնական խնդիրն այն է, որ նրանց վրա անմիջապես ու արագ հաջողության հասնելու խնդիր է հիմնականում դրվում, բայց իրականում դա այնքան էլ իրատեսական չէ: Ես ինքս մեծ հաջողություններ եմ ունեցել՝ 9 անգամ Կաննի կինոփառատոնում ներկայացված եմ եղել, բայց դա այն բանի արդյունքն է, որ ես համբերատար և երկար այդ ճանապարհն եմ անցել»:
Ըստ իսրայելցի ռեժիսորի՝ այսօր կինոյի աշխարհում գաղափարների սով է, կինոյի աշխարհը շատ հարուստ է փողով, բայց բավական աղքատ՝ գաղափարներով.
«Եթե ունես լավ գաղափարներ և թեկուզ դեռ չունես բավականաչափ հմտություններ, իրականում պետք չէ վախենալ, կարելի է լավ գաղափարով մոտենալ հայտնի մարդկանց և ունենալ իրենց հետ աշխատելու հաջողություն: Կան կինոգործիչներ, ովքեր ամեն ինչ սովորում են կինոյի մասին, տեխնիկապես ամեն ինչին պատրաստվում են և նոր են մոտենում թեմային: Ես հակառակ կողմից եմ մոտենում, որովհետև գտնում եմ, որ կինո ստեղծելը սովորելու գործընթաց է, և ինձ այն շատ դուր է գալիս»: