Պատերազմ կարող է սկսվել թե ոչ. պարզաբանում է Արկադի Տեր-Թադևոսյանը (տեսանյութ). 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ազգային հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։

-Պարոն Տեր-Թադևոսյան, վերջին օրերին իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո ձերբակալված դիվերսանտի նկարները հրապարակվեցին, բայց շատերն ասում են, որ դրանք դիվերսանտներ չեն, որ այս ամենը մտացածին է: Մյուս կողմից, ադրբեջանցի փորձագետ Մուբարիս Ահմեդօղլուն մեզ հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանին մնացել է միայն որոշել, թե կոնկրետ երբ պետք է սկսել պատերազմը, և բլից-կրիգ իրականացնել: Հայաստանը որքանո՞վ է դրան պատրաստ:

-Եթե ադրբեջանցիներն ուզում էին պատերազմ և պատրաստ էին դրան, նրանք դա կարող էին սկսել հուլիսի 1-ին: Նրանք կարող էին ասել, որ հայերը մեզ վրա հարձակվել են, մենք ունենք մարդկային ու տարածքային կորուստներ, ու սկսեին պատերազմը: Ի՞նչն էր խանգարում Ադրբեջանին պատերազմ սկսել:

Հիմա Ադրբեջանում շատ են խոսում բլից-կրիգի մասին ու ամեն անգամ մեկը մյուսի հետևից զորավարժություններ են անցկացնում: Դրանք նպատակ ունեն Ղարաբաղը գրավել 3-րդ, 4-րդ, 1-ին ու 2-րդ կորպուսներով: Նրանք 5 բանակային կորպուս ունեն, բայց բանն այն է, որ նրանք իրենց ունեցած զենք-զինամթերքով չեն կարող այդ տարածքում գործողություններ իրականացնել: Ղարաբաղի տարածքը սարերի վրա է, և պետք է հաշվել, թե ռազմական գործողությունների տարածքում քանի տանկ ու ռազմական տեխնիկա կարող է գործել:

Ադրբեջանցիները զորավարժությունների ժամանակ երեք տարբերակ ունեին, որոնք իրենց հերթին տարբերակներ ունեին: Նրանց զորավարժություններին Թուրքիայի կողմից լավ պատրաստված մասնագետներ են մասնակցում: Այդ տարբերակներով նրանք հաջողություններ կարող են ունենալ առաջին մի քանի օրերին, և Ղարաբաղը մարդկային ու տարածքային կորուստներ կարող է ունենալ, բայց դրանից հետո նրանք կարող են ընկնել վատ վիճակի մեջ, և հետագա քայլերից զրկված կլինեն: Առաջին հերթին վատ վիճակի մեջ է ընկնում նրանց թիկունքը, որը պետք է անհրաժեշտ բաներով մատակարարի առաջին գծին:

Այստեղ սահմանն է Ադրբեջանի, Ղարաբաղի, Իրանի ու Հայաստանի (ցույց է տալիս քարտեզի վրա): Ադրբեջանի տարածքը հարթություն է, իսկ Ղարաբաղը սարերի վրա է, և Ադրբեջանի համար Ղարաբաղը կարծես Շուշի լինի բարձունքի վրա: Այսինքն՝ նրանք պետք է հարձակվեն ներքևից վերև, որտեղ կան բնական ու արհեստական պաշտպանություններ: Երկրորդ՝ մենք այստեղ կենսական անհրաժեշտության ոչ մի օբյեկտ չունենք կորցնելու, իսկ Ադրբեջանը այդ տարածքում նավթատարներ ունի, որոնք գնում են դեպի Թուրքիա:

Պատերազմի դեպքում՝ ղարաբաղցիները առաջին հերթին հենց այդ նավթատարին կխփեն: Այսինքն՝ թեև մեր զենքը քիչ է, բայց մեր 2 հարվածը հավասար կլինի նրանց 30 հարվածին: Հայկական կողմի համար շատ ցավալի կլինի, քանի որ մարդկային ու նյութական կորուստներ կունենանք, բայց Ադրբեջանը դրանով կարող է վերջնականապես կոտրվել ու հանձնվել:

Երրորդ՝ այս տարածքներում գերտերությունները միլիարդավոր դոլարների ներդրումներ են արել, նավթատարներ են կառուցել, ու այդ տարածքները Ադրբեջանինը չեն: Այդ երկրները թույլ չեն տա վտանգի ենթարկել այդ ամենը, երբ պատերազմ սկսվի:

Ադրբեջանում շատ ուժեղ զարգացած են լրատվամիջոցները, որոնք նպատակաուղղված քարոզչություն են իրականացնում, թե մենք պետք է հարձակվենք, բայց փաստն այն է, որ նրանք պատերազմ չեն սկսում: Նրանք կարող էին ինչ-որ առիթ գտնել ու սկսել պատերազմը, բայց իրականում պատրաստ չեն դրան: Մյուս կողմից, ՆԱՏՕ-ն, Ռուսաստանն ու նաև Թուրքիան նրանց նման պատրաստություն չեն տա, այնպես չէ, որ այս հակամարտությունը երկու երկրների հարցն է միայն:

-Կա՞ն վախեր, որ պատերազմ կարող է սկսվել:

-Ոչ, վախ չկա ու չի կարող լինել, բայց նրանք ինչ-որ չափով իրենց ուզածին հասնում են, մեր ժողովուրդը խուճապի մեջ է, Ղարաբաղում զանգահարում հարցնում են, Արցախի ճանապարհը բաց է, թե ոչ: Ադրբեջանական կողմն ուզում է խուճապ առաջացնել, բայց շնորհիվ հայկական լրատվամիջոցների՝ բոլորը կարդում ու հասկանում են, թե իրականում ինչ է կատարվել:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս