Բաժիններ՝

Հայ-թուրքական կինոպլատֆորմի ֆիլմերի 80 տոկոսն առնչվում է Ցեղասպանության դեպքերին

«Հայ-թուրքական կինոպլատֆորմի ֆիլմերի թեմաների բազմազանությունն առկա է, և պատմությունները, որոնք բերում են մեր աշխատանքային ժողովի ընթացքում և՛ հայ, և՛ թուրք ռեժիսորների կողմից՝ բազմաբնույթ են:

Բայց վերջին երկու տարիների ընթացքում որքան մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, պատմությունները հիմնականում առնչվում են պատմական թեմաների հետ:

Այսինքն՝ այն կնճռոտ պատմական հարցերի, որ այդ երկու ժողովուրդներն ունեն, և բազմաթիվ չպատմված պատմություններ, որովհետև, եթե մենք խնդիր ունենք պատմական արդարությունը հաստատելու, ապա իրենք էլ խնդիր ունեն իրենց պատմությունը վերաճանաչելու և վերաիմաստավորելու: Նաև ինքնության խնդիր ունեն, որովհետև ինքնության հարցն անմիջականորեն պատմության հետ է առնչվում:

Եթե դու քո պատմությունը չես ճանաչում կամ՝ եթե քեզ հրամցնում են սխալ պատմություն, դու ինքդ քեզ էլ չես կարողանում ճանաչել»,- «Ոսկե Ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Նա նշեց, որ արդեն հինգ տարի է, ինչ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի մասնակից ռեժիսորները շփվում և ընդհանուր թեմաներ են քննարկում: Կինոքննադատը նկատեց, որ այս տարի երկու աշխատաժողովների համար Ստամբուլում, Թուրքիայում ստացել են 40-ից ավելի կինոնախագիծ-պատմություններ: Ֆիլմերի 80 տոկոսն առնչվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության դաժան իրողություններին:

«Այս խնդիրները շատ հրատապ են և ակտուալ են հիմա Թուրքիայում, բայց ոչ թե իրենց՝ զուտ պատմական ձևի մեջ, այլ, թե ինչ արձագանք է գտնում այսօր»,- ասաց Ս. Հարությունյանը:

Կինոքննադատը հավելեց, որ ֆիլմերի շատ լավ օրինակներ կան արդեն, ինչպես, օրինակ՝ երկու տարի առաջ ծրագրի կողմից ֆինանսավորված թուրք ռեժիսոր Դևրիմ Ակայայի «Դիյար» ֆիլմը:

The 11th Golden Apricot International Film Festival 07

Ֆիլմը ռեժիսորի հայ պապիկի մասին է, ով վերագտնում է իր ընտանիքի պատմությունը.

«Գնում է, փորձում է հասկանալ, թե իր հայ պապիկը ո՞վ է եղել, և ինչո՞ւ է թաքցրել իր ինքնությունը: Ի՞նչ իրողությունների պատճառով է դա տեղի ունեցել, և ինչո՞ւ են այդ թաքնված պատմությունները հիմա ազդեցություն ունենում իրենց ընտանիքի՝ այսօրվա կարգավիճակի վրա»,- պարզաբանեց Ս. Հարությունյանը:

«Դիյար» ֆիլմը, որը թարգմանաբար նշանակում է՝ երկիր, առաջին անգամ ներկայացվել է Ստամբուլում, այժմ էլ կկայանա ֆիլմի երևանյան պրեմիերան: Ըստ Սուսաննա Հարությունյանի՝ հենց նմանատիպ ֆիլմերի համար է, որ հայ-թուրքական կինոպլատֆորմը գոյություն ունի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս