«Ժառանգության» խոսնակ. «Սերժ Սարգսյանն այնքան համարձակություն պետք է ունենար, որ ասեր սեփական տեսակետը»

Սերժ Սարգսյանը ոչ թե պետք է ասեր, որ հայ ժողովուրդը մտահոգված է, այլ հստակ ներկայացներ իր տեսակետը, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելն անընդունելի է: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը:

Նշենք, որ պաշտոնական այցով Հարավային Ամերիկա մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսում հարցազրույց է տվել արգենտինական «Clarin» թերթին և պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ վերջին շրջանում Ռուսաստանը 2 միլիարդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին, նշել է հետևյալը. «Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը շատ մտահոգված է, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին: Բայց ես համոզված եմ, որ Հայաստանը կկարողանա պաշտպանել իր սահմանները: Չնայած նրան, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Բաքվին, ես չեմ կասկածում, որ դժվար պահին Ռուսաստանը կկատարի իր վրա վերցրած պարտավորությունները (ամբողջական հարցազրույցը` այստեղ)»:

Անդրադառնալով Սարգսյանի հայտարարությանը` Դավիթ Սանասարյանն ասաց. «Կարծում եմ` Սերժ Սարգսյանն այնքան համարձակություն պետք է ունենար, որ ասեր սեփական տեսակետը: Հայ ժողովուրդը նաև մտահոգ է, որ Հայաստանն այս վիճակում է, ինչո՞ւ պարոն նախագահը չի խոսում նաև դրա մասին: Խնդիրը հետևյալն է` Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո ներկայացնողը պետք է հստակ դիրքորոշում հայտնի, պետք է ասի, որ դա անընդունելի է, որ ռազմավարական դաշնակցի նման կեցվածքն ուղղակի անթույլատրելի է, ոչ թե մտահոգություններ կան: Ես քիչ առաջ լսեցի Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին, ով ասում էր, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, չի կարող զենք վաճառել Ադրբեջանին: Այսինքն, պետք է շատ հստակ դիրքորոշում արտահայտվի: Թեև համոզված եմ, որ նման հստակ դիրքորոշումներ կլինեն միայն այն ժամանակ, երբ Հայաստանի նախագահը լինի դե յուրե»:

Անդրադառնալով մեր հարցին, թե արդյո՞ք այդ հայտարարությամբ Սարգսյանն ինչ-որ ուղերձ է հղում Մոսկվային, «Ժառանգության» մամուլի խոսնակը նշեց` գուցե դա ինչ-որ ակնարկ է, բայց, միևնույն է, այդ հայտարարությունն իր համար լղոզված դիրքորոշում է:

Տեսանյութեր

Լրահոս