Հեռախոսը փնտրելու նպատակով զինծառայողին մերկացրել են, հայհոյել. Վանիչկա Հովակիմյանի գործը դատարանում է

Հուլիսի 22-ին Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի զիծառայող Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու գործով դատական նիստը: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4անձի, որոնցից երկուսը շարքային զինծառայողներ են:

Կոչումով շարքային զինծառայողներից մեկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 17:00-ից 17:50-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի անգամ վաշտի պահասենյակում նույն վաշտի ժամկետային զինծառայողներից մեկի հետ միասին, առանց բավարար հիմքերի` կամայականորեն ենթադրելով, որ համածառայակցից մեկին պատկանող «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսն իբր գողացել է, համածառայակից, շարքային զինծառայողը, հեռախոսը փնտրելու նպատակով Վ. Հովակիմյանին մերկացրել, ապա ստուգել է նրա ուսապարկի պարունակությունը` զուգակցելով այդ գործընթացը բազմաթիվ և տարաբնույթ հայհոյանքներով:

Դրանից հետո` շուրջ 20 րոպե անց, Վ. Հովակիմյանին կրկին կանչել է պահասենյակ և համածառայակցի հետ միասին, դարձյալ խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, նույն շարժառիթներով Վ. Հովակիմյանից շորթել է 30.000 ՀՀ դրամ գումար, նրա նկատմամբ բռնություն գործադրելու և հետագայում նրա նկատմամբ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնելու սպառնալիքներով իբր գողացված հեռախոսի փոխարեն պահանջ է ներկայացրել նշված գումարը բերել մինչև 2013թ. դեկտեմբերի 15-ը: Գումարը չբերելու դեպքում, դարձյալ հայհոյանքների զուգորդմամբ, նա սպառնացել է նաև Վ. Հովակիմյանի հետագա ծառայության ընթացքում փոփոխել նրա կարգավիճակը, որի հետևանքով նրա ծառայությունը կընթանար անտանելի պայմաններում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ զինծառայողների այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. շուրջ 10 րոպե անց Վ. Հովակիմյանը վաշտի զինանոցում ինքնաձիգով կրակել է կզակի ստորին հատվածի շրջանում և այդ եղանակով ինքն իրեն կյանքից զրկել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ շորթման և զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով և առաջացրել է ծանր հետևանքներ (182-րդ հոդվածի 1-ին մաս, 356-րդ հոդվածի 3-րդ մաս):

Մեկ այլ շարքային զինծառայողի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 17:00-ից 17:50-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի անգամ վաշտի պահասենյակում նույն վաշտի մեկ այլ ժամկետային զինծառայողի հետ, կամայականորեն ենթադրելով, որ իրեն պատկանող «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսն իբր գողացել է համածառայակից, շարքային Վանիչկա Հովակիմյանը, հեռախոսը փնտրելու նպատակով Վ. Հովակիմյանին մերկացրել, ապա ստուգել է նրա ուսապարկի պարունակությունը` զուգակցելով այդ գործողություները հայհոյանքներով:
Դրանից հետո` շուրջ 20 րոպե անց, Վ. Հովակիմյանին կրկին կանչել է պահասենյակ և համածառայակցի հետ միասին, դարձյալ խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, հալածելով և այլ բռնի գործողություններ կատարելով, Վ. Հովակիմյանի նկատմամբ բռնություն գործադրելու և հետագայում նրա նկատմամբ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնելու սպառնալիքներով, պահանջել է նույն օրը` մինչև ժամը 19-ը, վերադարձնել իբր գողացված հեռախոսը: Այն չվերադարձնելու դեպքում, դարձյալ հայհոյանքների զուգորդմամբ, սպառնացել է Վ. Հովակիմյանի հետագա ծառայության ընթացքում անձնակազմի շրջապատում փոփոխել նրա կարգավիճակը, բացի այդ ձեռքով բռնել է Վ. Հովակիմյանի օձիքից և քաշքշելով հարվածել նրա դեմքին, բռնել պարանոցից ու քաշել ներքև:
Այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. շուրջ 10 րոպե անց Վ. Հովակիմյանը վաշտի զինանոցում ԱԿՄ տեսակի ինքնաձիգով կրակել է կզակի ստորին հատվածի շրջանում և այդ եղանակով ինքն իրեն կյանքից զրկել: Նրան մեղադրանք է առաջադրվել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով և առաջացրել է ծանր հետևանքներ (ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մաս):

Երկու զինծառայողներն էլ կալանավորված են:

Զորամասի կապիտաններից մեկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 17:00-ից 17:50-ն ընկած ժամանակահատվածում, ենթականերից իրազեկվելով, որ ստորաբաժանման զինծառայողներ Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի և երկու այլ շարքայինների միջև տեղի է ունենում ոչ կանոնագրքային փոխհարաբերություններ` Վանեչկա Հովակիմյանին մեղադրում են հեռախոս գողանալու մեջ, նաև այդ կապակցությամբ լսելով «այսօր տրուպ ենք տալու» արտահայտությունը, խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի հոդվածների և Կարգապահական կանոնագրքի մի քանի հոդվածների պահանջները, կարգապահական իրավունք կիրառելու, վաշտում ոչ կանոնադրական փոխհարաբերությունները խափանելու, կարգուկանոն հաստատելու և վերադաս հրամանատարությանը զեկուցելու փոխարեն, իրեն ավելորդ աշխատանքով չծանրաբեռնելու, վաշտի վարկանիշը վերադաս հրամանատարության առջև չգցելու, միջադեպերից զերծ մնալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության և Կարգապահական կանոնագրքերով դրված վերը նշված պարտականությունները, դրսևորել է իշխանության անգործություն, չի խափանել ոչ կանոնադրական փոխհարաբերությունները, չի հաստատել ենթակա զինծառայողների միջև կարգուկանոն և կարգապահություն, չի զեկուցել վերադաս հրամանատարությանը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ` երկու զինծառայողներ, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, կատարել են հանցագործություն, որի հետևանքով էլ նույն օրը` ժամը 18-ի սահմաններում, Վանիչկա Հովակիմյանը վաշտի զինանոցում ԱԿՄ տեսակի ինքնաձիգից մեկ կրակոց արձակելով կզակային շրջանում` ինքնասպան է եղել:

Զորամասի կրտսեր սերժանտներից մեկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 17:00-ից 17:50-ն ընկած ժամանակահատվածում լինելով զորամասի օրվա վերակարգում` որպես վաշտի հերթապահ, խախտել է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ հոդվածներով, 308-րդ հոդվածով սահմանված կանոնները, մասնավորապես վաշտի պահասենյակում ականատես լինելով, որ ստորաբաժանման երկու շարքային զինծառայողները ծաղրուծանակի և հալածանքի զուգորդմամբ խախտում են Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի հետ փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, այսինքն կատարում են հանցագործություններ, միջադեպից զերծ մնալու, վերակարգն առանց խնդիրների անցկացնելու դրանով դիտողություններին չարժանանալու նպատակով անհապաղ միջոցներ չի ձեռնարկել կարգուկանոնի հաստատման համար, այդ մասին անմիջապես չի զեկուցել վերադաս հրամանատարությանը, որն առաջացրել է ծանր հետևանքներ` այն է` Վանիչկա Հովակիմյանի և երկու շարքային զինծառայողների միջև շարունակվել և զարգացել են փոխհարաբերությունների ոչ կանոնագրքային կանոնները, ոտնահարվել է զինծառայող Վանիչկա Հովակիմյանի սահմանադրական իրավունքները և ազատությունները, խաթարվել վաշտի և օրվա վերակարգի գործունեության բնականոն ընթացքը:

Քրեական գործին որպես ապացույց կցված են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, փամփշտատուփ, երկու փամփուշտներ, փամփուշտի պարկուճ, Վանիչկա Հովակիմյանի զինվորական բաճկոնը, ներքնաշապիկ, շապիկ, «Ես ոչ մի բանի հետ կապ չունեմ» ձեռագիր գրառմամբ զինապահարանի փեղկ, «Նոկիա» և «Սամսունգ ԴՈՒՈՍ» տեսակի բջջային հեռախոսներ, երկու բջջային հեռախոսաքարտեր:

Տեսանյութեր

Լրահոս