Ղարաբաղում էլ բարձրացվեց էլեկտրաէներգիայի սակագինը
ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավոևող հանձնաժողովի այսօրվա նիստում միաձայն որոշվեց բավարարել «Արցախէներգո» ՓԲԸ-ի հայտը՝ սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ։
Հանձնաժողովի որոշմամբ ուղիղ մեկ ամսից 35 կՎ եւ բարձր լարմամբ սնվող սպառողների համար էլեկտրաէներգիայի 1 կՎ-ի գինը կկազմի 32.85 դրամ, 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` նույնպես 32.85 դրամ, 0.38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար ցերեկային սակագինը կկազմի 41.85 դրամ, գիշերային սակագինը` 36.85 դրամ/կՎտժ:
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը տեղեկացրեց, որ բնակչությունն առաջվա պես 1 կՎ էլեկտրաէներգիայի դիմաց կվճարի 25 դրամ, մնացած տարբերությունը կսուբսիդավորի կառավարությունը։
Այսօրվա նիստում որոշվեց բարձրացնել նաեւ «Արցախ ՀԷԿ»-ի կողմից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը, որը կկազմի 21 դրամ/կՎտժ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Այս որոշումը հանձնաժողովի կողմից նույնպես ընդունվեց միաձայն։
Թվում է, թե զարմանալի ոչինչ չկա, եւ սա սակագների սովորական բարձրացում է եւ, ինչպես ներկայացվեց նիստում, բնակիչների գրպանին այն չի ազդի, քանի որ կառավարությունը կսուբսիդավորի։ Ի դեպ, արդեն երկրորդ անգամն է, երբ սակագնի բարձրացման դեպքում կառավարությունը սուբսիդավորում է։ 1կՎ-ի համար կառավարությունը ստիպված կլինի սուբսիդավորել շուրջ 16 դրամի չափով եւ եթե հաշվենք, թե քանի կՎ էլեկտրաէներգիա է սպառում բնակչությունը, ապա կարելի է պատկերացնել, թե որքան գումար է պետբյուջեից՝ բնակչության ընդհանուր գրպանից, ուղղվելու այդ սուբսիդավորմանը։
Այս հարցերի շուրջ ծավալված քննարկումներն այսօրվա նիստում ոչ մի արդյունք չտվեցին, քանի որ հարցերը հիմնականում լրագրողներն էին բարձրացնում, դժգոհություն արտահայտողները նույնպես նրանք էին։ Այս ամենը, բնականաբար, չազդեց հանձնաժողովի անդամների որոշման վրա։
Ի տարբերություն Հայաստանի, այստեղ բնակչության շրջանում հրապարակայնորեն դժգոհություն արտահայտողներ նույնպես չեն լինի, քանի որ կառավարությունը, կարծես թե գտել է, բնակիչներին լռեցնելու ձեւը։ Իսկ թե ինչ ծրագրեր են տուժելու այդ սուբսիդավորման հաշվին՝ դեռեւս պարզ չէ։ Սա «Արցախէներգո»-յի կողմից վաճառվող գազի մասին։
Մեկ այլ զավեշտ է նաեւ «Արցախ ՀԷԿ»-ի կողմից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացումը, որը հիմնավորվում է նրանով, որ ոլորտում նոր ներդրումներ են անհրաժեշտ, ինչը հնարավոր չէ անել միայն եկամուտների հաշվին։
Եւ այս ամենը կատարվում է այն ֆոնին, երբ տարիներ շարունակ բարձրագոչ հայտարարություններ են արվում, թե իբր ՀԷԿ-երի կառուցումը թույլ կտա էլեկտրաէներգիա արտադրող երկրից վերածվել արտահանողի, թե իբր էլեկտրաէներգիայի սակագինը չի աճի։
Այս հայտարարությունները հնչել են բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից, սակայն կարծես թե հիմա ապացուցվում է, որ դրանք լոկ հայտարարություններ էին։
karabakh-open.info