Ի՞նչ ուղերձ է հղում Ջեյմս Ուորլիքը Հայաստանին և Ադրբեջանին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այս շաբաթ հերթական անգամ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` հայտարարելով` «ղարաբաղյան ստատուս-քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում», այսինքն, հակամարտող կողմերը պետք է ջանքեր ձեռնարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում գործող իրավիճակը փոխելու և խնդիրը լուծելու համար: Կա՞ այլընտրանք ստատուս-քվոյին, և ո՞րն է դա, արդյոք պատերազմը չէ՞: Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով` պատերազմը նույնպես այլընտրանք է, բայց կա մեկ ուրիշ այլընտրանք` խաղաղության գործընթացը և միջնորդ երկրների իրական առաջարկները, և չի բացառվում, որ առաջիկայում լինեն նոր առաջարկություններ այդ հիմնախնդրի լուծման վերաբերյալ: Ալեքսանդր Սկակովը, «168 Ժամի» հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ, ասաց, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի հավանականությունն այնքան էլ մեծ չէ, սակայն նա պատերազմի վերսկման հնարավորությունը կապեց Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման հետ: Նրա խոսքով` եթե Բաքվին հաջողվի խանգարել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը, ինչն էլ նա այժմ փորձում է անել, այդպիսով կվերանան Լեռնային Ղարաբաղի հետ կապված այն երաշխիքները, որը Հայաստանը ստացել էր Ռուսաստանից նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին. «Ադրբեջանը կփորձի ամեն կերպ խանգարել Հայաստանի միացմանը Մաքսային միությանը: Եթե Ադրբեջանը կարողանա համոզել Բելառուսին և Ղազախստանին, որ չընդունեն Հայաստանին Եվրասիական միություն, և Մոսկվան էլ չկարողանա պաշտպանել Հայաստանին, այդ դեպքում պատերազմի վերսկսման սպառնալիքը կմեծանա: Բայց մոտակա 6 ամիսներին պատերազմի իրական վտանգ չեմ տեսնում»: Պատասխանելով հարցին, թե ինչ նպատակներ է հետապնդում Ուորլիքի ուղերձը, Սկակովն ասաց, որ ԱՄՆ-ը դրանով փորձում է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում: «ԱՄՆ-ը ունի բազում խնդիրներ` իրավիճակը Իրաքում, Սիրիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելք ու Ուկրաինա, և այլն, ուստի ԱՄՆ-ը առայժմ չի դիմի լուրջ քայլերի Հարավային Կովկասում, սակայն նա ուզում է պահպանել իր ազդեցությունն այդ տարածաշրջանում, որպեսզի իրավիճակի փոփոխման դեպքում միանա խաղաղության գործընթացին և, իհարկե, թույլ չտա Ռուսաստանի գերիշխանությունն այդ հարցում»,- նշեց մեր զրուցակիցը: Այս համատեքստում քաղաքագետն անդրադարձավ նաև հարցին, թե ինչո՞ւ է, ի վերջո, ձգձգվում Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը: Ըստ նրա` պատճառն այն է, որ Ադրբեջանը լուրջ ճնշում է գործադրում առաջին հերթին` Ղազախստանի, ինչ-որ չափով` նաև Բելառուսի վրա, որպեսզի նրանք արգելափակեն Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը: Ինչ վերաբերում է եվրասիական նախագծին Ադրբեջանի մասնակցության հարցին, Սկակովը կարծիք հայտնեց, թե Ռուսաստանը շահագրգռված չէ, որպեսզի Ադրբեջանը միանա ԵՏՄ-ին, որովհետև դա իրատեսական չէ: Նրա համոզմամբ` դրանք պարզապես խոսակցություններ են. «Ադրբեջանը չի պատրաստվում մտնել Մաքսային միություն և երբեք էլ չի ուզեցել: Ռուսաստանում ոչ ոք չի կարծում, որ Ադրբեջանը կդառնա ԵՏՄ անդամ, դա իրատեսական չէ: Բոլորը գիտեն, որ Ադրբեջանն իրեն համարում է ինքնաբավ երկիր: Ադրբեջանը վարում է ինտեգրացիոն նախագծերին չմիանալու քաղաքական կուրս: Դա վերաբերում է և՛ Մաքսային միությանը, և՛ Եվրամիությանը, և՛ մյուս կառույցներին»: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նույնպես հարցը, ըստ էության, կապեց Եվրասիական միության գործընթացների, ինչպես նաև Ռուսաստանի նկրտումների հետ, սակայն խնդիրը մեկնաբանեց փոքր-ինչ այլ համատեքստում: Բ. Նավասարդյանի կարծիքով` Ռուսաստանի եվրասիական ծրագրերի իրականացման դեպքում Եվրասիական միության տարածքում ընդգրկված բոլոր հակամարտությունները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարցը, լուծվելու են Եվրասիական միության շահերին համապատասխան, ուստի Ջեյմս Ուորլիքն իր վերջին հայտարարությամբ առաջարկ է արել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին` ընտրություն կատարել ղարաբաղյան խնդրի լուծման երկու տարբերակների միջև: «Առաջին տարբերակը` ամեն դեպքում շարունակել այն գործընթացը, որը տեղի էր ունենում Մինսկի խմբի շրջանակներում և այն սկզբունքների շուրջ, որոնք քննարկվել են և եղել են բանակցային սեղանին ու մասամբ նույնիսկ երկկողմանիորեն համաձայնեցվել են, կամ էլ Ղարաբաղի հարցի լուծումը թողնել որպես Ռուսաստանի մենաշնորհ: Հիմա պետք է ընտրություն կատարվի այդ երկու տարբերակների միջև: Եվ, բնականաբար, երկու տարբերակներն էլ գնալով ավելի ու ավելի ակտիվ են առաջարկվելու Բաքվին և Երևանին: Ռուսաստանը կփորձի իր դերը ներկայացնել` կողմերին համոզելով, որ դա ձեռնտու է իրենց, իսկ ի դեմս, առաջին հերթին, ամերիկյան դիվանագիտության` կառաջարկվի շարունակել և խորացնել Մինսկի խմբի գործընթացը: Ռուսաստանն ամեն դեպքում առաջարկել և ստացել է Հայաստանի համաձայնությունը միանալ Մաքսային միությանը, ակնհայտ է, որ հիմա էլ առաջարկ է անում Ադրբեջանին` ավելի ակտիվ մասնակցել եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում: Ակնհայտ է, որ այդ եվրասիական ինտեգրացիոն գործընթացները երբեք չեն կարող սահմանափակվել միայն տնտեսական խնդիրներով, այնտեղ վաղ թե ուշ լինելու է նաև քաղաքական բաղադրիչ, և այդ քաղաքական բաղադրիչը ենթադրում է նաև անդրադարձ ցանկացած հակամարտությանը, այդ թվում` նաև Ղարաբաղի խնդրին: Եվ ուսումնասիրելով այդ ողջ եվրասիական գործընթացը` մենք հասկանում ենք, որ այնտեղ մեխանիզմներն այնպես են դասավորված, որ հիմնական որոշում կայացնողը մնում է Մոսկվան, և պարզ է` եթե դա իրականանում է, և բոլոր կապերը, հարաբերությունները խտացվում են հենց եվրասիական գործընթացների մեջ, ապա այլ երկրները, այլ կառույցները, այդ թվում` նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, կորցնում են իրենց ազդեցությունն ամեն ինչի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց Բորիս Նավասարդյանը: Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով Ջեյմս Ուորլիքի ասածը, հայտարարել է, որ ոչ թե ստատուս-քվոն է վտանգավոր դառնում, այլ Ադրբեջանի պահվածքը: