Սերգեյ Մինասյան. «Ռուսները, կոպիտ ասած, փորձում են վախեցնել ադրբեջանցիներին»
Հայաստանի անդամակցությունը Մաքսային/Եվրասիական միությանը հերթական անգամ հետաձգվում է: Այս անգամ ևս հայաստանյան հասարակությանը լուսավորողները Հայաստանի իշխանությունները չեն:
Հուլիսի 2-ին Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը հայտարարեց, որ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու մասին համաձայնագիրը կստորագրի հոկտեմբերին: «Փաստաթղթերի ստորագրումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերին Մոսկվայում` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովին»,- «Ինտերֆաքս-Ղազախստանի» հաղորդմամբ` ասել է Իդրիսովը:
Այս հայտարարությունն արվում է այն դեպքում, երբ մինչ այդ` մայիսի 29-ին, Աստանայում կայացած գագաթաժողովի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կողմերին խնդրել էր Հայաստանի միանալու ժամկետ սահմանել ս. թ. հունիսի 15-ը, որից հետո Եվրասիական միության անդամ երկրների ղեկավարները որոշեցին Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերը լուծելու համար ժամանակ տալ մինչև ս. թ. հուլիսի 1-ը: Ինչո՞ւ է կրկին հետաձգվում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը, ի՞նչ խոչընդոտներ կան այս գործընթացում:
Մի շարք վերլուծաբաններ հարցն ուղղակիորեն կապում են Ադրբեջանին Եվրասիական նախագծի մեջ որևէ կերպ ներգրավելու` Ռուսաստանի անթաքույց ցանկության, ինչպես նաև` ղարաբաղյան հիմնախնդրի հետ:
Քաղաքագետ, Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանի կարծիքով` ձգձգման պատճառները մի քանիսն են:
Քաղաքագետը «168 Ժամի» հետ զրույցում նշեց` առաջին պատճառն այն է, որ Հայաստանն այնքան էլ հետաքրքիր չէ Եվրասիական միության համար, ուստի ԵՏՄ անդամները չեն շտապում, և, ի վերջո, միության առաջատար Ռուսաստանի խնդիրը ոչ թե Հայաստանին Եվրասիական միության մեջ ընդգրկելն է, այլ Հայաստանին թույլ չտալը, որ մասնակցի Եվրամիության ինտեգրացիոն գործընթացներին: Մյուս պատճառն այն է, որ Հայաստանին կախված վիճակում պահելով` Ռուսաստանն ինտենսիվորեն բանակցում է Ադրբեջանի հետ` նրան Եվրասիական միության մեջ ընդգրկելու հարցի շուրջ:
«Այս վիճակը ձեռնտու է Ադրբեջանի հետ բանակցելու համար, որովհետև եթե Հայաստանին ընդգրկեցին, Ադրբեջանի հետ բանակցելու գործիքները կպակասեն: Բայց այստեղ ամենահետաքրքիրն ուրիշ հարց է, որ Հայաստանի փաստաթղթի ստորագրման մասին հայտարարում է Ղազախաստանի արտգործնախարարը: Մեր Արտգործնախարարությունը, կարծես թե, տեղյակ չէ կամ էլ չի հայտնում իր կարծիքը: Սակայն փաստն այն է, որ նորից ղեկը գտնվում է ոչ թե Ռուսաստանի, այլ Ղազախստանի ձեռքում: Դա նշանակում է Հայաստանի անկարևորությունը: Եթե կարևոր լիներ, դրա մասին կարծիք կհայտներ Ռուսաստանը»,- նշեց Աղասի Ենոքյանը:
Ըստ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի` գործընթացի ձգձգման գլխավոր պատճառն այն է, որ ԵՏՄ-ի հիմնադիր երեք երկրները` Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը, լուրջ տարաձայնություններ ունեն, և այդ պայմաններում Հայաստանի անդամակցության հարցն օգտագործվում է` որպես լծակ, կռվախնձոր` «եռյակի» միջև բանակցություններում:
Անդրադառնալով այն տեսակետին, որ Հայաստանի անդամակցության հարցը կարող է օգտագործվել Ռուսաստանի կողմից` Ադրբեջանին շահագրգռելու նպատակով, քաղաքագետն ասաց, որ Ռուսաստանը հասկանալի պատճառներով կցանկանար օգտագործել այդ գործոնը, սակայն այլ հարց է, թե որքանով է դա իրագործելի:
Ըստ նրա` Ադրբեջանն այսօր ունի որոշ տնտեսական հնարավորություններ` դիմակայելու ռուսական տնտեսական ճնշումներին: Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին, միակ լծակը` Ղարաբաղի հարցը, Ս. Մինասյանի կարծիքով` կարող է օգտագործվել զուտ հոգեբանական իմաստով` ադրբեջանցիներին վախեցնելու համար, և ոչ ավելին, քանի որ Արցախը պատկանում է արցախցիներին, և հնարավոր չէ այն խլել և տալ երրորդ կողմին:
«Իրականում ռուսները, կոպիտ ասած, վախեցնում են ադրբեջանցիներին այն փաստով, որ «եթե Հայաստանն անդամակցում է առանց ձեզ, ապա նա անդամակցում է Ղարաբաղով», կարևոր չէ` ինչ ձևաչափով: Եթե Հայաստանն անդամակցի մի ձևաչափով` Ղարաբաղի հետ միասին, նշանակում է` Լեռնային Ղարաբաղը փաստացի Հայաստանի քաղաքական և տնտեսական մասն է, եթե անդամակցի առանց Ղարաբաղի, նշանակում է` Հայաստանը փաստացի ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Հասկանալի է, որ երկու զարգացումներն էլ ձեռնտու չեն Ադրբեջանին: Հետևաբար` ռուսներն այդ լծակն են փորձում օգտագործել` վախեցնելով ադրբեջանցիներին, բայց ես կոնկրետ այս պահին համոզված չեմ, որ դա այդքան հավանական է»,- նշեց մեր զրուցակիցը:
Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ընդհակառակը, կարծում է, որ ղարաբաղյան հարցը շատ գործնական դերակատարություն կարող է ունենալ Ռուսաստանի եվրասիական ծրագրերում: Երեկվա մամուլի ասուլիսում նա կարծիք հայտնեց, որ մոտակա ամիսներին կարող են ի հայտ գալ այնպիսի խոչընդոտներ, որոնք կխանգարեն 2015 թ. հունվարի 1-ից միության գործարկմանը երեք հիմնադիր պետությունների միջև: Սակայն, եթե Ռուսաստանի ծրագիրն, այդուհանդերձ, իրականացվի, և Եվրասիական միությունը կայանա, այդ դեպքում ղարաբաղյան հիմնախնդիրը, նրա խոսքով, կարող է լուծվել նոր Եվրասիական ռազմավարական տարածքի շահերին համապատասխան:
Բ. Նավասարդյանի մեկնաբանությամբ` ներկայումս ձևավորվում է մի նոր, պայմանականորեն ասած, Եվրասիական ճամբար, որն իր բնույթով որոշ չափով նման է նախկին սոցիալիստական ճամբարին, որի մեջ ընդգրկված երկրների նկատմամբ Խորհրդային Միությունը ժամանակին կիրառում էր «սահմանափակ ինքնիշխանության» դոկտրինը, այսինքն` այդ երկրները ներքին կյանքում բավական ինքնուրույն էին, սակայն ավելի լուրջ` առաջին հերթին` արտաքին քաղաքական հարցերում ենթարկվում էին այն ընդհանուր մոտեցումներին, որոնք ձևավորվում էին համակարգի կենտրոնում` Մոսկվայում: Բ. Նավասարդյանի խոսքով` Ռուսաստանը` ի դեմս Եվրասիական միության, մոտավորապես նույնը փորձում է անել նաև այսօր, երբ մի շարք նախկին խորհրդային երկրներ ստիպված են ընդառաջել Ռուսաստանին և հրաժարվել իրենց ինքնիշխանության մի մասից:
Այս համատեքստում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ բոլոր հակամարտությունները, որոնք գոյություն ունեն եվրասիական տարածքում, նույնպես կարող են լուծվել «սահմանափակ ինքնիշխանության» դոկտրինի շրջանակներում: Ղարաբաղյան հակամարտությունը, ըստ նրա` բացառություն չէ, և այսօր հիմնական հարցն այն է, թե ինչպիսի հարաբերություններ կկարողանա ձևավորել Ռուսաստանն Ադրբեջանի հետ Եվրասիական համակարգի ներքո: Եվ եթե Ադրբեջանի հետ ձևավորվեն նոր հարաբերություններ, և Ադրբեջանը նույնպես համաձայնի զիջել իր ինքնիշխանությունը որոշ հարցերում, ուրեմն նաև Ղարաբաղի խնդիրը կամ հայ-ադրբեջանական հակամարտությունն` ինքը, լուծվելու է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունների արդյունքում, այլ այնպիսի շահերի օգտին, որոնք գոյություն ունեն Եվրասիական միության կենտրոնում:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ նա առանձնացրեց երկու գլխավոր խոչընդոտ, որոնցից մեկը Հայաստանի անդամակցությունն է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) և Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովի հայտարարությունը, թե ԵՏՄ-ին միանալու դեպքում Հայաստանը պետք է բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ` փոխհատուցումների հարցի շուրջ: Այսինքն, Հայաստանը, դառնալով ԵՏՄ անդամ և խախտելով իր իսկ պայմանավորվածություններն ԱՀԿ-ի հետ, ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից Հայաստան ներկրվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացման դեպքում պիտի փոխհատուցի այն կորուստները, որոնք ունենալու են ԱՀԿ անդամ բոլոր երկրները. «Ես չգիտեմ` որքանով Հայաստանը կամ ողջ Եվրասիական միությունը պատրաստ կլինի այդ փոխհատուցումներն ապահովել: Ինձ թվում է` վերջնական պատասխան դեռ գոյություն չունի»:
Երկրորդ խնդիրը վերևում արծարծված հարցն է` Եվրասիական միությանն Ադրբեջանի` այս կամ այն ձևաչափով մասնակցությունը, որովհետև Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, ըստ Բ. Նավասարդյանի, Ռուսաստանի համար նույն փաթեթում է գտնվում, ինչ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները: «Քանի դեռ այդ հարաբերությունները վերջնական տեսքի չեն եկել, այն պայմանները, որոնցով Հայաստանը մտնելու է ԵՏՄ, նույնպես պարզ չեն լինելու: Թե ինչպիսի խորություն կունենան Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները, այսօր դեռ պարզ չէ: Իհարկե, առավելագույն նպատակը, որին փորձելու է հասնել Մոսկվան, Ադրբեջանի լիարժեք անդամակցությունն է ԵՏՄ-ին, բայց ես կարծում եմ` փոխզիջումային տարբերակներ նույնպես հնարավոր են, առաջին հերթին` Ադրբեջանի միացումը ռուսական ընդհանուր նավթագազային քաղաքականությանը»,- ավելացրեց Բորիս Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանը ԵՏՄ պայմանագիրը ստորագրելու է հուլիսի 3-ին, նախօրեին բացատրություններ է տվել` ասելով, թե պայմանավորվածություն է եղել, որ նախագահները Հայաստանի անդամակցության հարցի հետ կապված պետք է հանդիպեին հուլիսի 3-ին, սակայն հանդիպումը չի կայացել, իսկ հետաձգման պատճառները հայտնի չեն: