Սահմանադրական փոփոխություններ անելու հասարակական պահանջ չկա
«Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ. հանրաքվեի ինստիտուտի ընդլայնում» թեմայով քննարկման բանախոսներ Արտակ Զեյնալյանն ու Թևան Պողոսյանը նախ անդրադարձան սահամանդրության բարեխումներին ընդհանրապես՝ նշելով, որ այսօր «սահմանադրական փոփոխություններ անելու հասարակական պահանջ չկա» «Հասարակական հարցումները, մասնագետները, քաղաքական կուսակցությունները փաստում են, որ հասարակության մեջ չկա սահմանադրական բարեփոխումների պահանջ»,-պարզաբանեց Արտակ Զեյնալյանը:
Անդրադառնալով հանրաքվեի ինստիտուտն ընդլայնելու մասին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ներառված դրույթին, բանախոսը նշեց, որ «պետք է ստեղծել մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովուրդը կիրացնի իր ինքնիշխանությունը` խուսափելով մայդաններից կամ այլ հախուռն դրսևորումներից: Եթե ժողովուրդը ունենա հանրաքվեներ նախաձեռնելու հնարավորություն, ապա դա մեծապես կբարձրացնի իշխանությունների պատասխանատվությունը, ինչպես նաև ժողովրդի անմիջական մասնակցությունը երկրի կառավարմանը»:
Ըստ Զեյնալյանի` մինչ այս պահը ՀՀ-ում ոչ մի օրենք չի դրվել հանրաքվեի: Եղել են 2 տեղական նշանակության հարցումներ Գյումրի և Վանաձոր քաղաքների անվանափոխության համար:
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն»խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նունպես համարելով, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա, այսպես հիմնավորեց «նախ չկա հասարակական պահանջ, ապա նաև վստահություն ընտրական ինստիտուտի հանդեպ»:
Բանախոսն իր այս տեսակետը հիմնավորեց նաև մեկ այլ հանգամանքով, «Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում սահմանադրական բարեփոխումների մասին որևէ կետ չի եղել: Հետևաբար, եթե անգամ ենթադրենք, որ ժողովուրդը ընտրել է ներկա իշխանություններին, վերջինները չպետք է զբաղվեն մի խնդրով, որի համար քվե չեն ստացել»:
Ինչ վերաբերում է Սահմանադրությամբ հանրաքվեի ինստիտուտի ընդլայնմանը, ապա ըստ Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ դրա անհրաժեշտությունը չկա, գործող Սահմանադրությամբ էլ տրված է դրա հնարավորությունը, «անհրաժեշտ է միայն փոխել հանրաքվեի մասին օրենքը»:
Թևան Պողոսյանի խոսքով` Հայաստանում չի գործում ուղիղ ժողովրդավարության ինստիտուտը, չկա դրա նկատմամբ վստահություն: Դառնալով բուն հանրաքվեի ինստիտուտի ընդլայնմանն ու սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում տեղ գտած այն մոտեցմանը, որ «նախապատվությունը պետք է տալ հանրաքվեի որոշակիացման այն տարբերակին, ըստ որի՝ հանրաքվեի են դրվում այն միջազգային կազմակերպություններին միանալու հարցերը, ինչը հանգեցնում է երկրի ինքնիշխանության մասնակի սահմանափակումների», ԱԺ պատգամավորն ասաց, որ իր կարծիքով՝ հայեցակարգում առաջարկվող այդ դրույթն «ուղղակի հակասահմանադրական է»:
Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ ինչքնիշխանությունը բացարձակ է, այն չի կարող մասնակի լինել, «ինչ վերաբերում է գործող Սահմանադրության 1-ին, 2-րդ հոդվածներին, ապա դրանք կարող են փոփոխվել իհարկե, բայց այդ դեպքում կդառնա նոր Սահմանադրություն»:
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ծրագրվում է անցկացնել մինչև 2016 թվականի սկիզբը: Հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը ՀՀ նախագահին է ներկայացվել 2014թվականի ապրիլին: