Եթե Ադրբեջանին ջուր է պետք, պետք է ընդունի ԼՂՀ առաջարկը. Դ. Բաբայան

ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը վստահ է` Ադրբեջանը ո´չ թե ցանկանում է Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հարցը լուծել և գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար ջուր ստանալ ու տրամադրել դրա կարիքը ունեցող իր քաղաքացիներին, այլ՝ շահարկել հարցը։

Ըստ նրա՝ փոխանակ Ադրբեջանն ընդունի ԼՂՀ առաջարկը՝ երկխոսություն սկսել ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում շահարկում է հարցը։

Նշենք, որ ԵԽ ԽՎ Բյուրոն որոշում է կայացրել ընթացք տալ Ադրբեջանի նախաձեռնությանը՝ կապված ԼՂՀ Սարսանգի ջրամբարի հետ։ Բյուրոյում բանաձևի նախաձեռնությունը հաստատվել է, նշանակվելու է զեկուցող, ով պետք է պատրաստի համապատասխան զեկույց, որը, հավանաբար, կքննարկվի ԵԽ ԽՎ հաջորդ նստաշրջանում։

Նախաձեռնության հեղինակները նշում են, որ Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկվել են ջրից։ Երկար տարիներ, հատկապես՝ գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է ԼՂՀ տարածքում գտնվող Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայում ամառվա ամիսներին դադարեցվում է։ ԵԽ ԽՎ-ին առաջարկվում է հետաքննություն անցկացնել և ընդունել համապատասխան բանաձև, որը կոչ կանի միջազգային հանրությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել ստեղծված խնդրի լուծման ուղղությամբ:

Դավիթ Բաբյանն Ադրբեջանին զգուշացնում է, որ չի կարող Արցախի հետ պահանջների տեսքով խոսել, քանի որ ջրամբարը համատեղ սեփականություն չէ։
«Պետք է առկա նրբությունները հաշվի առնել, մենք երբեք չենք հայտարարել, որ պատրաստ ենք ջրամբարը համատեղ օգտագործել, քանի որ դա համատեղ սեփականություն չէ, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք որպես բարի կամքի դրսևորում, որպես համակարտության գոտում փոխվստահության ձևավորում, ինչպես նաև՝ տնտեսական փոխշահավետ համագործակցության համար մեկնարկ՝ նման առաջարկ անել»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց նա։

«Մենք, լինելով կառուցողական կողմ,պատրաստակամություն ենք հայտնում ջուր տրամադրել նրանց, որն առաջին երկու նպատակների շրջանակներում է՝ մարդասիրական, զուտ որպես բարի կամքի դրսևորում, և փոխվստահության հաստատման։ Մյուս կողմից՝ մենք հենց այնպես չենք կարող ջուր տրամադրել նրանց, այսինքն՝ պետք է լինի տնտեսական օգուտ երկուսի համար, ինչպես օրինակ՝ մենք կարող ենք ջուր տալ, փոխարենը՝ նավթ վերցնել, այլ կերպ հնարավոր չէ»,-ասաց նա։
Դավիթ Բաբայանը նշեց, որ այսքանից հետո Ադրբեջանը փոխանակ հարցը քննարկի, կրկին սկսել է շահարկել այն։ «Բանաձևեր է փորձում ընդունել Եվրոպական տարբեր կառույցներում, այսինքն՝ նրանք ոտնահարում են բարի կամքի դրսևորումը և տնտեսական փոխշահավետության, համագործակցության մոտեցումները, այդ քայլերով թույլ չեն տալիս, որ փոխվստահության որևէ քայլ կատարվի տարածաշրջանում»,-նշեց նա։

Իսկ թե միջազգային հանրությունը, որին ուղղված էր Ադրբեջանի կոչը, ինչ կարող է անել այս հարցում, Բաբայանը պատասխանեց. «Միջազգային հանրությունն ի՞նչ կարող է ասել: Մենք առաջարկել ենք, ու Ադրբեջանը մերժում է, ի՞նչ կարող ենք անել։ Բայցի այդ՝ նույն միջազգային հանրությունը պետք է նախ՝ կոչ անի, և ավելին՝ ստիպի Ադրբեջանի իշխանություններին՝ հարգել մարդու տարրական իրավունքներն իր իսկ պետութան ներսում, ո´չ թե հարցը դարձնի շահարկման առարկա Ալիևի կլանի կողմից, և հասկանա, որ Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի իր իսկ քաղաքացիներն օգտվեն այդ ջրից՝ շահարկումների միջոցով մեզ ինչ-որ բանաձևերով ինչ-որ բան պարտադրելու փոխարեն»,-նշեց նա։

ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղարի համար զարմանալի է, որ նման պահանջ ներկայացնում է մի պետություն, որն օրումեջ հայտարարում է, թե «խփելու է ԼՂՀ ինքնաթիռները, մի պետություն, որը հերոսացնում է մարդասպանին»։

«Միջազգային հանրությունը պետք է նույն Ադրբեջանին կոչ անի հարգել այդ ամենը»,-ասաց նա։

Դավիթ Բաբայնի համար առավել քան պարզ է՝ նման բանաձև առաջ քաշելու նպատակն է՝ արդարանալ սեփական ժողովրդի մոտ, թե հարցը կախված չէ իրենցից, իրենք ինչ-որ քայլեր ձեռնարկում են. «Սա Ադրբեջանի հերթական ապակառուցողական դիրքորոշումն է. նրանք չեն ուզում գնալ այդ քայլին, բայց որպեսզի ինչ-որ կերպ արդարանան սեփական ժողովրդի առաջ, նման պատաճառաբանություն են բերում»։

karabakh-open.info

 

Տեսանյութեր

Լրահոս