Էլեկտրաէներգիան շուտով՝ ընդամենը մի քանի ամսից կրկին թանկանալու է. «ՀԺ»

«ՀՀ կառավարությունը երեկ որոշում կայացրեց 105 հազար աղքատ ընտանիքներին էլեկտրաէներգիայի 10 տոկոս թանկացման դիմաց փոխհատուցում տրամադրել»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Այս տարվա օգոստոսի մեկից աղքատության ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված այդ ընտանիքները ամսական կստանան լրացուցիչ հազար դրամ: Այլ կերպ ասած, նրանց ընտանեկան նպաստը օգոստոսի մեկից կլինի ոչ թե 29 հազար 350 դրամ, այլ 30 հազար 350 դրամ: Ինչպես «կարգն է», այս որոշումը ընդունվեց մեծ աղմուկով, համապատասխան գովազդային նախաարշավով:

Նախ՝ Սերժ Սարգսյանը դիմեց կառավարությանը՝ հրահանգելով աղքատ ընտանիքներին համապատասխան փոխհատուցումներ տրամադրել էլէներգիայի սակագնի բարձրացման հետեւանքները մեղմելու համար, հետո կառավարությունը այդ առաջարկը քննարկեց իր նիստում, հայտարարվեց, որ էլէներգիայի թանկացումը ամսական ընդամենը մի 700 դրամի հավելյալ ծախս է առաջացնում այդ ընտանիքների մոտ, սակայն կառավարությունը այնքան բարեհոգի է եւ իր երկրի քաղաքացիների մասին այնքան մտահոգ է, որ որոշել է ամսական հազար դրամ ավելացնել նպաստին:

Հետո այդ քննարկումը լայնորեն լուսաբանվեց… Մի խոսքով, այդ փոխհատուցումը ավելի մեծ աղմուկով է արվում, քան էլէներգիայի թանկացումը: Բայց դիմենք թվերին: Պաշտոնապես Հայաստանի բնակչության մեկ երրորդը, այսինքն՝ մոտ մեկ միլիոն մարդ ապրում է աղքատության գծից ցածր եկամուտներով:

Այսինքն՝ հազիվ գոյատեւում է: Փոխհատուցումը հատկացվել է 105 հազար ընտանիքների կամ՝ մոտ կես միլիոն մարդու: Մնացած կես միլիոնը այդ փոխհատուցումից չի օգտվելու: Իսկ դա նշանակում է, որ հազիվ ծայրը ծայրին հասցնող կես միլիոն մարդ իր ամսական խղճուկ եկամուտներից կկորցնի, ըստ կառավարության երեկ ներկայացրած հաշվարկի, եւս 700 դրամ:

Իսկ սա էլ նշանակում է, որ կես միլիոն մարդ Հայաստանում էլէներգիայի դիմաց վճարումները կատարելու համար պետք է ամսական 7 հատ փոքր հաց քիչ գնի: Կամ կես կիլոգրամ պանիր: Կամ 300 գրամ միս:

Կամ երկու կիլոգրամ մակարոնեղեն… Կառավարությունում նման հաշվարկներից տեղյա՞կ են: Իսկ հիշո՞ւմ են, որ միայն մեկ տարվա ընթացքում էլէներգիան թանկացել է մոտ 40 տոկոսով:

Ամեն ինչ գնում է նրան, որ էլէներգիան շուտով՝ ընդամենը մի քանի ամսից կրկին թանկանալու է: Խնդիրն այն է, որ հավանաբար հաջորդ տարվանից ատոմակայանը կանգնելու է հիմնարար նորոգման, որը կտեւի մեկուկես-երկու տարի:

Իսկ էլէներգիայի վերջին թանկացումը հիմնավորվել էր նրանով, որ այդ նույն ատոմակայանը անցած տարի 88 օր նախատեսվածից ավելին է կանգնած եղել: Եւ եթե սա հիմնավորում է, ապա ատոմակայանի մեկուկես-երկու տարվա կանգառը պետք է հանգեցնի էլէներգիայի եւս 25-30 տոկոսով թանկացման:

Այն, որ հենց այդպես էլ լինելու է, երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի հերքել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Հարցին, թե գարնանը հավանաբար ատոմակայանը կկանգնի երկարատեւ նորոգման, եւ արդյո՞ք դա չի հանգեցնի էլէներգիայի նոր թանկացման՝ նախարարը պատասխանել է.

«Չեմ կարող ասել, դա հաշվարկների բան է, կտեսնենք՝ ինչ հնարավորություններ կլինի, ու եթե հնարավորություն եղավ, որ չթանկացնեն, չի թանկանա»,- ասել է նա»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս