
Մեկուկես տարում Վրաստանում ձերբակալվել է «գողական աշխարհի» 100 ներկայացուցիչ

Тбилисская неделя պորտալի փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ը նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությանը մեղադրել է իր հայտարարություններով գերատեսչությանը վարկաբեկելու մեջ՝ նկատի ունենալով նրա այն հայտարարությունը, թե երկրի իշխանությունները հովանավորում են քրեական հեղինակություններին:
Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարել է, որ այդ հայտարարությունը ՄԱՇ-ի հերթական կեղծիքն է. «Նման հայտարարությունները ծառայում են նախարարության վարկաբեկմանը և հասարակությանը մոլորության մեջ գցելուն: ՆԳՆ-ը շարունակում է ակտիվ պայքար մղել այսպես կոչված գողական աշխարհի դեմ, ինչի հաստատումը տվյալ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն են»:
2013 թվականին «գողական աշխարհին» պատկանելու համար ձերբակալվել է 70 մարդ, իսկ այս տարվա առաջին կեսին՝ 25 մարդ: Ընդ որում, 2012 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին ձերբակալվել է 2 «օրենքով գող», իսկ 2013 թվականին` 1 «օրենքով գող», որոնք մեծ ազդեցություն են ունեցել երկրի սահմաններից դուրս: Հետախուզում է հայտարարվել 1 «օրենքով գողի» նկատմամբ: