Ինչու են ԵԽԽՎ-ում ՀՀ-ի պատվիրակության անդամները համերաշխորեն լռել
ԵԽԽՎ ամառային նստաշրջանից վերադարձած հայկական պատվիրակության անդամներ Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանն այսօրվա ասուլիսում պատմեցին, թե ինչու են լռել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ: Ըստ բանախոսների՝ հայկական պատվիրակությունը հնարավորություն է ունեցել 30 վայրկյանի ընթացքում ձևակերպել իրենց հարցերը՝ ուղղված Ի. Ալիևին, սակայն իրենք միասնաբար որոշում են կայացրել չօգտվել հարց տալու իրենց իրավունքից, որպեսզի այդպիսով հնարավորություն չտան Ալիևին անհիմն մեղադրանքներ հնչեցնել ՀՀ-ի հասցեին:
«Եթե մենք հակառակորդ երկրի ղեկավարին հարց ուղղեինք, ապա նրան հնարավորություն էինք տալու զբաղվել հակահայկական հիստերիայով»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Իսկ ըստ Հերմինե Նաղդալյանի՝ Ադրբեջանի պատվիրակության անդամները փորձում էին բոլոր հարցերն իջեցնել հայ-ադրբեջանական հակամարտության մակարդակի:
«Ադրբեջանը բազմաթիվ խնդիրներ ունի՝ կապված մարդու իրավունքների, ժողովրդավարության, քաղբանտարկյալների, մամուլի ազատության հետ, ե նրանք բոլոր այդ մեղադրանքներին ի պատասխան մի հնարք ունեին, այն է՝ ամեն ինչ իջեցնել հայ-ադրբեջանական հակամարտության հարթություն»,- ասաց Հ. Նաղդալյանը՝ ավելացնելով, որ իրենք ամեն ինչ արել են, որպեսզի ԵԽԽՎ-ում հայ-ադրբեջանական բանավեճ տեղի չունենա:
Նա նաև վստահեցրեց, որ իրենք մեկ շաբաթ անդադար աշխատել են՝ առավոտյան 8:30-ից մինչև ուշ գիշեր, և նույնիսկ կատակելով ասում էին, որ ԵԵԽՎ շենքի լույսներն իրենք էին անջատում:
«Մենք ծառայել ենք մեր ազգի շահերին, հանուն մեր երկրի և պետության խնդիրների լուծման»,- վստահեցրեց Հ. Նաղդալյանը:
Հարցին, թե ինչու ասուլիսին չեն մասնակցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ոչ իշխանական խմբակցությունների անդամները, Հ. Նաղդալյանն ասաց, որ «այդպիսի ավանդույթ է ձևավորվել»: