Բնակարանների վաճառքը կրճատվել է. պատճառն արտագաղթն է
ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2014թ. մայիս ամսվա վերլուծության մեջ նշվում է, որ 2014 թվականի մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 17980 գործարք, որոնց քանակը 2014 թվականի ապրիլի համեմատ նվազել է 3.7 %-ով, իսկ 2013 թվականի մայիսի համեմատ` աճել 26.3 %-ով: Թե ի՞նչն է պատճառն այս կտրուկ փոփոխությունների, 168.am-ը փորձեց պարզել «Էլիտա» անշարժ գույքի գործակալության տնօրեն Նաիրա Հայրապետյանից:
Մեզ հետ զրույցում Ն. Հայրապետյանն ասաց, որ ինքը հակառակն է նկատել՝ անցած տարվա համեմատ շատ է կրճատվել թե՛ վաճառքը, թե՛ վարձակալությունը. «Հիմնական պատճառն արտագաղթն է: Մարդիկ երկրից գնում են, բոլորը տները վաճառում են, գնորդ չկա, իսկ վարձակալություն էլ չկա, որովհետև տուրիստ չունենք: Ամիսների կտրվածքով, հնարավոր է՝ աճել է գործարքների թիվը, բայց եթե նայենք՝ այս տարի շատ-շատ նվազել է անցած տարվա համեմատ: Իսկ ամիսների միջև տարբերությունը նրանից է կախված, որ ամառվա սեզոն է՝ դրսում գտնվող հայերն ամեն դեպքում այցելում են Հայաստան: Տուրիստներ այդքան չունենք, գալիս են, բայց այդքան շատ չեն»:
Նաիրա Հայրապետյանը նշեց, որ Երևանում բնակարանների միջին գները պահպանվել են: Նրանք, ովքեր շտապ են վաճառում՝ շատ էժան գներով են վաճառում, իսկ ովքեր չեն շտապում՝ շուկայական գներով: «Գների նվազում այդքան ես չեմ նկատում, չեն էլ բարձրացել»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեկ այլ անշարժ գույքի՝ «Ալֆա ռիելթի» գործակալության տնօրեն Արտյոմ Վարդանյանը նույնպես համարում է, որ բնակարանների գները չեն բարձրացել և ոչ էլ նվազել են. «Ոչ մի գնային աճ չի գրանցվել այս տարվա ընթացքում»:
Ըստ անշարժ գույքի գործակալությունների տնօրենների՝ Երևանի կենտրոնում բնակարանի 1 քառ. մետրի գինը տատանվում է 1200 դոլարից՝ մինչև 3500: «Նայած՝ ինչ բնակարան է. վերանորոգվա՞ծ կլինի, թե՞ կլինի զրոյական վիճակի, պետական վիճակի… Ներսի շուկան է հիմնականում և դրսից՝ Ռուսաստանից»,- ասաց Նարիա Հայրապետյանը:
Նա հավելեց, որ շուկայում գների բարձրանալու կամ նվազելու միտում չի նկատել. «Չեմ կարծում, որ կբարձրանան, որովհետև մեր երկիրը հիմա տնտեսական այնպիսի վիճակում է գտնվում, որ եթե գները բարձրանան, չգիտեմ արդեն՝ ժողովուրդն ինչ պիտի անի: Նաև չեմ կարծում, որ կիջնեն գները, որովհետև ամեն մարդ ունի իր գույքը և ուզում է այն համապատասխան գնով վաճառել: Ճիշտ կլիներ՝ իջնեին գներն այսօրվա դրությամբ, բայց կարելի է սեփականատերերին էլ հասկանալ, որ եթե ժամանակին բարձր գնով են ձեռք բերել, հիմա չեն ուզում էժան վաճառել»:
Բավական Ափիցարյան