Ջոն Քերին հնարավոր է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում պատմական բեկում գրանցելը

Ամերիկյան Washington Post թերթում հրապարակվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հոդվածը: Քերիի խոսքերով՝ «Վեցյակի» հետ բանակցություններում Իրանի դիրքորոշման հարցում շարունակում են մնալ էական խնդիրներ:

Քերին ընդգծել է, որ ցայժմ Իրանի կողմից հրապարակավ հայտնած լավատեսությունը չի համապատասխանել այն դիրքորոշմանը, որը նա ցուցաբերել է փակ դռների հետևում: Քերին մանրամասնել է, որ կողմերի միջև տարաձայնությունների պահպանումը պայմանավորված չէ իրենց կողմից չափազանց մեծ պահանջներ առաջ քաշելու հետ.

«Մենք գնացինք այդ բանակցություններին, որովհետև հավատում էինք, որ իրական հնարավորություն կունենանք հաջողության համար: Այդ հնարավորությունը դեռ պահպանվում է, սակայն ժամանակը սպառվում է, քանի որ կողմերը պայմանավորվել են վերջնական պայմանավորվածության գալ մինչև հուլիսի 20-ը:

Այդ ժամկետի երկարաձգումը չի կարող իրականացվել առանց «Վեցյակի» բոլոր անդամների համաձայնության, իսկ ԱՄՆ-ն ու նրա գործընկերները չեն համաձայնի դրա երկարաձգմանը՝ հանուն բանակցությունների ձգձգման»:

Քերին կարծում է, որ բանակցությունների ժամանակ հնարավոր է պատմական բեկում գրանցելը, սակայն դրա համար անհրաժեշտ է Իրանի քաղաքական կամքը և պատրաստակամությունը:

Քերին կարծում է, որ Իրանը կա՛մ կհամաձայնվի այնպիսի քայլեր կատարելուն, որոնք անհրաժեշտ են՝ աշխարհին ապացուցելու համար, որ իր միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ և ուղղված չէ զենքի ստեղծմանը, կա՛մ էլ նա բաց կթողնի պատմական հնարավորությունը՝ վերջ դնելու համար իր տնտեսական ու դիվանագիտական մեկուսացմանը և բարձրացնելու համար իր ժողովրդի կենսամակարդակը:

Տեսանյութեր

Լրահոս