Հայաստանը «շատ է ցանկանում» Ղարաբաղը հանձնել Ադրբեջանի՞ն

Հայաստանի իշխանական քաղաքական գործիչներից ոմանց գործունեությունը տպավորություն է թողնում, որ կամ նրանք քաղաքականապես անմեղսունակ են, կամ իրականում ավելի քան մեղսունակ լինելով՝ ծառայում են տակավին ոչ Հայաստանի Հանրապետության շահերին:

Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության կարկառուն անդամներից մեկը՝ Արտաշես Գեղամյանը, ով գտնվում է Բաքվում, հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին և հայտարարել, որ Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի՝ Եվրասիական միությանն անդամակցության հեռանկարով: «Շատ շուտով տեղի կունենա Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Ի դեպ, մենք շատ ենք ցանկանում, որպեսզի Ադրբեջանը ևս անդամակցի այդ միությանը: Դա զգալիորեն կօգնի մեր միջև տարակարծությունների լուծմանը»,- ասել է Արտաշես Գեղամյանը:
Սա վտանգավոր, չափազանց վտանգավոր հայտարարություն է:

Որովհետև Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը գրեթե նշանակում է որևէ ձևակերպմամբ Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին: Բանն այն է, որ Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցությամբ շահագրգիռ, չափազանց շահագրգիռ է Ռուսաստանը:

Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում ռուսական մի քանի՝ բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակություն է մեկնել Բաքու, գրեթե ամենաբարձր մակարդակով Ռուսաստանն Ադրբեջանին որակում է տարածաշրջանում ռազմավարական գործընկեր, և այլն: Այսինքն՝ Ռուսաստանը պատրաստ է գրեթե ամեն ինչի, որպեսզի Ադրբեջանը միանա Եվրասիական տնտեսական միությանը:

Գրեթե բոլորի համար ակնհայտ է, և այդ մասին արդեն համարյա բացեիբաց արտահայտվում են նաև ռուսական քաղաքական-փորձագիտական շրջանակները, որ Ադրբեջանն այդ անդամակցությանը կարող է համաձայնել միայն Ղարաբաղի դիմաց: Նույն փորձագետներն ու Կրեմլին սպասարկող քաղաքական գործիչները չեն թաքցնում նաև, որ Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանի անդամակցության դիմաց «վճարել» Ղարաբաղով:

Ու այս պայմաններում Հայաստանի իշխող կուսակցության խմբակցությունը ներկայացնող պատգամավորը Բաքվում հայտարարում է, որ Հայաստանը «շատ է ցանկանում», որպեսզի Ադրբեջանը նույնպես դառնա ԵՏՄ անդամ: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանը նույնքան շատ ցանկանում է Ղարաբաղի հանձնումն Ադրբեջանին:

Գեղամյանն ու նրա պաշտպանները, իհարկե, կասեն, որ Մամիկոնիչը դա նկատի չի ունեցել, որ նա այդպիսի հանճարեղ միտք է հայտնել որպես տարածաշրջանի խաղաղությամբ շահագրգիռ քաղաքական մտքի տիտան, և այլն:

Բայց սա քաղաքականություն է, ոչ թե պոեզիայի երեկո: Գեղամյանն այդ մասին հայտարարել է Բաքվում, ոչ թե իր հերթական ռուսահաճ գրքի շնորհանդեսի ժամանակ՝ ռուս դեսպանին քծնելու «պետականամետ» մղումով:

Դատելով այն հանգամանքից, թե ինչպես են ռուսական «հայտնի» լրատվամիջոցները տիրաժավորել Գեղամյանի այս հայտարարությունը, դժվար չէ կռահել, որ այն ռուսներին շատ դուր է եկել: Եթե, իհարկե, տեղի չի ունեցել հակառակը: Այսինքն՝ Գեղամյանը դա չի ասել ռուսների հանձնարարությամբ:

Գեղամյանն իր այս հայտարարությամբ, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ է դրել Հայաստանի իշխանությանը: Եթե ՀՀԿ-ն ցուցադրաբար պատգամավորական մանդատից չզրկի սույն նախկին կոմունիստին, կստացվի, որ նա արտահայտում է Հայաստանի դիրքորոշումը:

Սա այն դեպքը չէ, որ գործի «Գեղամյանն արտահայտել է իր անձնական տեսակետը» արդարացումը: Անձնական տեսակետ արտահայտելու համար փաստացի թշնամական հարաբերություններ ունեցող երկրների քաղաքացիները չեն այցելում հակառակորդ պետություն:

Բայց սա այն դեպքը չէ նաև, որ Հայաստանի իշխանությունը հեշտությամբ կարող է ազատվել Գեղամյանից, որովհետև նա արել է Ռուսաստանի համար շատ կարևոր և ցանկալի հայտարարություն: Այսինքն՝ նա պաշտպանված է ոչ թե պատգամավորական, այլ միանգամայն այլ անձեռնմխելիությամբ, որին ձգտում է Հայաստանի ողջ իշխանական վերնախավը:

Տեսանյութեր

Լրահոս