
ԵԱՀԿ ԽՎ-ի 23-րդ նստաշրջանում Գեղամյանի ելույթը դժգոհություն է առաջացրել ադրբեջանական ու ուկրաինական պատվիրակությունների մոտ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայ պատգամավորները Բաքվում ԵԱՀԿ ԽՎ-ի 23-րդ նստաշրջանում երեկ աջակցություն են հայտնել Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդգրկվելուն և պահանջել են, որ նստաշրջանին մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի պատգամավորները:
ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի ելույթը սկանդալ է առաջացրել մի կողմից հայ, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանցի ու ուկրաինացի պատգամավորների միջև: Իր ելույթում Գեղամյանը մասնավորապես մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե «ներկայիս Հայաստանը ստեղծվել է պատմական Ադրբեջանի տարածքում»:
Գեղամյանը հայտարարել է, որ Հայաստանի մասին գրել են այնպիսի մեծ պատմաբաններ, ինչպիսիք են Հերոդոտոսն ու Պտղոմեոսը, և միայն Ադրբեջանը չի ցանկանում տեսնել իրականությունը:
Անդրադառնալով Խոջալուի (Իվանյան) դեպքերին՝ Գեղամյանը հիշեցրել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը, որի ժամանակ նա հայտարարել է, որ այդ աղետն իրեն գահընկեց անելու նպատակով իրականացրել է Ժողովրդական ճակատը:
Այդ ժամանակ Գեղամյանը լեզվակռվի մեջ է մտել նիստը նախագահող Ազայ Գուլիևի հետ, ով ընդհատել է հայ պատգամավորի ելույթը: Հայ պատգամավորն անդրադարձել է նաև Ղրիմի հարցին՝ հայտարարելով, որ Ղրիմի ժողովուրդն իրավասու է անձամբ վճռել իր ճակատագիրը՝ հենվելով միջազգային սկզբունքների վրա:
Գեղամյանի այդ հայտարարությունը հարուցել է ԵԱՀԿ ԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Օլեգ Զառուբինսկու դժգոհությունը, ով Գեղամյանին հայտնել է, որ գոյություն չունեն «Ղրիմի ժողովուրդ» կամ «Ղրիմի ազգ» հասկացոթյուններ.
«Ղրիմի ինքնավար հանրապետությունը, ուր ապրում են բազմաթիվ ժողովուրդներ, եղել, կա և կլինի Ուկրաինայի անքակտելի մասը: Կցանկանայի տեսնել, թե ինչպես է արձագանքում Հայաստանի կառավարությունը, եթե ձեր պետության մի մասն ինքնաձիգների ներքո անցկացներ երկրի տարածքից անջատվելու մասին հանրաքվե»:
Գեղամյանին պատասխանել է նաև ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան՝ հայտարարելով, որ «Ադրբեջանն այսօր թույլ չի տա իր տարածքում հայկական նոր պետության ստեղծում»: