«Արարատբանկը» պատրաստ է խոշոր ձեռքբերումների
«Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը երեկ 8-րդ անգամ անընդմեջ ներկայացրեց բանկի գործունեության տարեկան արդյունքները։
Բաժնետերերի տարեկան ժողովի ընթացքում նա փաստեց, որ 2013 թ. հաջող տարի է եղել «Արարատբանկի» համար, և ֆինանսական հիմնական ցուցանիշներով արձանագրել են աճի բարձր տեմպեր։ Տարեվերջին բանկի ակտիվները կազմել են 125 մլրդ 236.5 մլն դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 10.1%-ով։ Ընդհանուր կապիտալն աճել է 19.3%-ով` կազմելով 19.6 մլրդ դրամ։ Զգալի աճ է արձանագրվել ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների գծով։ Ծավալը նախորդ տարվա վերջին աճել է 29.7%-ով` կազմելով 22.4 մլրդ դրամ։ Սա` չնայած այն հանգամանքին, որ ավանդների միջին տարեկան տոկոսադրույքը նվազել է 1 տոկոսային կետով` 8.5%-ից դառնալով 7.5%։
Սա խոսում է բանկի նկատմամբ վստահության աճի մասին։ Ավելի է կատարելագործվել ռիսկերի կառավարման համակարգը, ինչի արդյունքում խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը 2.2%-ից իջել է 1.4%-ի։ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն իր խոսքում նույնպես հատուկ ուշադրություն դարձրեց ռիսկերի կառավարմանը` ընդգծելով, որ վարկավորման ծավալների աճին զուգահեռ` «Արարատբանկին» հաջողվում է ապահովել բարձր վերադարձելիություն։
Բաժնետերերի տարեկան ժողովին ներկա ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն էլ բարձր է գնահատել դեռևս 2007-ին սկիզբ առած համագործակցությունն «Արարատբանկի» հետ։ Վերադառնալով ցուցանիշներին` նշենք, որ նախորդ տարվա ընթացքում հաճախորդների թիվն աճել է 9,6%-ով։ 14.2%-ով աճել է նաև պլաստիկ քարտերի թողարկումը (ավելի քան 125 հազար քարտ` տարվա վերջի դրությամբ): Ընդ որում, աճել է քարտերով կատարվող անկանխիկ գործառնությունների ծավալը` գերազանցելով 11.7 մլրդ-ը։ 2013թ. ընթացքում «Արարատբանկը» միացավ նաև հայտնի Diners Club-ին և սկսեց թողարկել նաև այդ քարտերը։
Բնականաբար, ավելացել է նաև աշխատակիցների թիվը։ 2013թ. վերջին բանկն ունեցել է 664 աշխատակից` նախորդ տարվա 552-ի դիմաց։
Եվ, իհարկե, շահույթի մասին։ Ինչպես միշտ` բանկը տարին փակել է շահույթով. 2013թ. վերջին զուտ շահույթը կազմել է 3 մլրդ 82.7 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ զուտ շահույթը պակասել է շուրջ 250 մլն դրամով։ Դա հիմնականում պայմանավորված է տոկոսային եկամուտների կրճատմամբ. 2013-ին բանկն ունեցել է 5 մլրդ 954 մլն դրամի տոկոսային եկամուտ` նախորդ տարվա 6 միլիարդ 390 միլիոնի դիմաց։ Պատճառը, ինչպես նշեց Ա. Օսիպյանը, թերվարկավորումն է։ Այսինքն` բանկը ներգրավել է մեծ ծավալի վարկային միջոցներ միջազգային կազմակերպություններից, որոնք 2013թ. վերջի դրությամբ ամբողջությամբ չեն տեղաբաշխվել։ Սա նշանակում է, որ բանկն այս պահին ունի բավարար միջոցներ` ֆիզիկական անձանց և բիզնեսը վարկավորելու համար։
Նշենք նաև, որ 3 մլրդ դրամ զուտ շահույթից 297 մլն դրամը վճարվեց` որպես շահաբաժին։ Թեպետ նշվեց, որ ներգրավված միջոցներն ամբողջությամբ չեն տեղաբաշխվել, այդուհանդերձ, 2013-ին վարկային ներդրումներն աճել են 11.1%-ով` վարկային պորտֆելի ծավալը հասցնելով 59.6 մլրդ դրամի։ Ընդ որում, ինչպես նշեց Ա. Օսիպյանը, շեշտադրումները խոշոր վարկերից տեղափոխվել են փոքր ու միջին վարկերի վրա։
Այսինքն, բանկը սկսել է ավելի մեծածավալ ֆինանսական ռեսուրսներ հատկացնել փոքր ու միջին բիզնեսին։ Բանկի գործադիր տնօրենի խոսքով, դրսից միջոցներ ներգրավելու շատ հնարավորություններ կային, և իրենք նպատակ ունեին ավելի շատ վարկավորում իրականացնել. «Սակայն Հայաստանում չտեսանք առողջ վարկային միջոցների պահանջարկ, ինչի հետևանքով վարկային ներդրումների 11% աճ գրանցվեց, մինչդեռ պլանավորել էինք կրկնակին»։
Ի դեպ, 2013-ին բանկն առաջին անգամ իրականացրել է գյուղվարկավորում. ընդհանուր ծավալը կազմել է 200 մլն դրամ: Ինչպես նշեց Ա. Օսիպյանը, ընթացիկ տարում նույնպես գյուղատնտեսական վարկերի տրամադրումը կլինի բանկի ուշադրության կենտրոնում:
Իսկ ինչպե՞ս կազդի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների և միջոցների ներգրավման հնարավորությունների վրա։ Ի պատասխան այս հարցին` Ա. Օսիպյանը նշեց. «Մենք այս պահին համագործակցում ենք 12 միջազգային գործընկերների հետ։ Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։
Բոլորի հետ էլ համագործակցում ենք»։ Նա ավելացրեց, որ «Արարատբանկը» համագործակցում է ինչպես` արևմտյան ֆինանսական կազմակերպությունների, այնպես էլ, օրինակ, Եվրասիական զարգացման բանկի հետ։ Ըստ Օսիպյանի, միջազգային գործընկերներն այս հարցում կարևորում են երկու գործոն` բանկի վճարունակությունը և երկրի ընդհանուր տնտեսական վիճակը։ Այս առումներով, ըստ նրա, խնդիրներ չկան, և բոլոր միջազգային կառույցներն էլ հաճույքով համագործակցում են։
Նշենք, որ միայն անցած տարի միջազգային կազմակերպություններից բանկը ներգրավել է ընդհանուր առմամբ 34.4 մլն դոլար, ինչն ուղղվել է Հայաստանում արտադրության, առևտրի, ծառայությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի բիզնես նախագծերի ֆինանսավորմանը։ Իսկ այս տարի, ինչպես նշեց Ա. Օսիպյանը, պատրաստվում են ներգրավել 27 մլն դոլար։
Ներկաներից մեկն էլ զուգահեռներ անցկացրեց Հայաստանի և Վրաստանի բանկային համակարգերի միջև։ Հայաստանում գործում են 22 առևտրային բանկեր, և ընդգծված առաջատարներ չկան։ Մինչդեռ Վրաստանում գերիշխող դիրք ունեն երկու բանկեր։
Անդրադառնալով այս դիտարկմանը` Ա. Օսիպյանը նշեց, որ ընդհանուր առմամբ իրենք կողմ են ֆինանսական կազմակերպությունների խոշորացման պրոցեսներին։ Ավելին, «Արարատբանկը» պատրաստ է խոշորացման։ «Մենք անցած տարի ձեռք բերեցինք վարկային կազմակերպություն։ Սակայն պատրաստ ենք նաև ավելի խոշոր ձեռքբերումների»,- նշեց Ա. Օսիպյանը։
Բանկի ձեռքբերումների մասին են վկայում նաև 2013-ին ստացած մրցանակները։ Այսպես, NASDAQ OMX ARMENIA-ի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ բանկը հաղթող է ճանաչվել միանգամից 3 անվանակարգերում` Բորսայի լավագույն մասնակից պետական պարտատոմսերի շուկայում, Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում և Բորսայի լավագույն անդամ բոլոր հարթակներում ակտիվ գործունեության համար։ «Արարատբանկը» բարձր որակ է ապահովել նաև SWIFT փոխանցումներ իրականացնելիս և արժանացել է Գերմանական Commerzbank AG-ի «Որակի գերազանցություն» (Relationship Award 2012) մրցանակին։ Իսկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից Առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակներում բանկին շնորհվել է առևտրի ֆինանսավորման գործարքներում «հաստատող բանկի» կարգավիճակ։