«Մեզ մնում է մխիթարվել ֆուտբոլում Ռուսաստանի անհաջողություններով». Առավոտ»
«Մանկությանս տարիներին ծնողներս ընկեր ունեին, որը չափազանց բացասաբար էր տրամադրված խորհրդային իշխանության հանդեպ (հայրը ստալինյան բռնաճնշումների զոհ էր), եւ նրա այդ զգացմունքներն արտահայտվում էին նախեւառաջ սպորտային իր նախասիրություններում,- գրում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ ավելացնելով,- Մասնավորապես, ֆուտբոլի եւ հոկեյի միջազգային խաղերում ողջ կրքով երկրպագում էր խորհրդային հավաքականի, իր ասած` ռուսների դեմ հանդես եկող ցանկացած թիմի: Խորհրդային ֆուտբոլն այնքան էլ տպավորիչ չէր, բայց հոկեյն աշխարհում լավագույններից մեկն էր, եւ այդ մարդու ատելությունը մեծ մասամբ սեւեռվում էր հենց հոկեյի հավաքականի վրա` նա անչափ ուրախանում էր, երբ հաղթում էին «ռուսների» հիմնական մրցակիցները` չեխերը, որոնց հետ հարաբերությունները հատկապես լարվել էին 1968 թվականի իրադարձություններից հետո, երբ խորհրդային տանկերն իրենց «եղբայրական ձեռքն» էին մեկնել Չեխոսլովակիայի ժողովուրդներին: Ինձ այդ զգացմունքները արտառոց էին թվում ոչ միայն այն պատճառով, որ այն ժամանակ դա մեկ ընդհանուր երկիր էր, եւ, մասնավորապես, ֆուտբոլի խորհրդային հավաքականում խաղում էին նաեւ հայ մարզիկները:
Գլխավոր պատճառն այն էր, որ ես չէի հասկանում` ինչպես կարելի է «բալետ անել» ինչ-որ մեկի դեմ եւ ցանկանալ, որ այդ թիմը պարտվի բոլոր դեպքերում` անկախ նրանից, թե ով է նրա մրցակիցը: Նախորդ գիշեր, երբ աշխարհի առաջնությունում խաղում էր Ռուսաստանի հավաքականը, ես ինձ բռնացրեցի այն բանում, որ իմ մեջ արթնացել է այս վատ, դեստրուկտիվ, անհեթեթ զգացմունքը: Պարզ է, որ Ալժիրի նկատմամբ ես որեւէ առանձնահատուկ համակրանք չունեմ, բայց ուրախացա, երբ այդ երկրի հավաքականը խփեց պատասխան գոլը, եւ չնայած աշխատանքային օրս տեւում էր արդեն մոտ 19 ժամ՝ սպասեցի մինչեւ խաղն ավարտվի, որ համոզվեմ` Ռուսաստանը 1/8 եզրափակիչ դուրս չի գա»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։