Բաժիններ՝

«Հին Երևան» նախագծի հեղինակ. «Ես պետք է շնորհակալություն հայտնեմ Մշակույթի նախարարությանը և հանրությանը, որ գողացան»

Վերջին շրջանում հանրության հետաքրքրող հարցերից է դարձել Աֆրիկյանների տան շենք ապամոնտաժումն ու վերականգնումը «Հին Երևան» նախագծի շրջանակներում:
«Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանն այսօր խոսեց նախագծի ընթացքի ու գաղափարի ծնունդի մասին: Նա նշեց, որ մինչև 2005 թվականը բոլոր խորհրդային շրջանի «սև շենքներն» ապամոնտաժվում էին և քաղաքային իշխանություններն ասում էին, որ ապամոնտաժումն արվում է նոր տեղում վերականգնելու համար.

«Մինչև 2005 թվականը ապամոնտաժվել էր մոտ 12-14 հուշարձան, բայց թե այդ ապամոնտաժվող շենքներն ուր են գնալու, որտեղ են վերականգնվելու՝ ոչ մի խոսք չկար: Ո՛չ քաղաքացիներից էին իշխանություններին հարցադրում անում, ո՛չ լրագրողներն էին անում»:

Լ. Վարդանյանը պատմում է, որ դիմել է այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանին ու հայտնել նախագծի գաղափարի մասին. «Այն ժամանակ՝ 75 թվականին, երբ մենք ստեղծեցինք հուշարձանների պաշտպանության բաժինը, մենք առաջին անգամ փորձ արեցինք, չափագրեցինք, ֆոտոներ արեցինք, ու ես փորձում էի առաջին հերթին իմ կոլեգաներին համոզել, որ նախասովետական շրջանի այդ ճարտարապետական շերտը պետք է պահվի: Կոլեգաներս այն թվից մինչև այսօր այդպես էլ չեն համոզվել, որովհետև ասում են, որ դա գավառային ցարական Ռուսաստանի ճարտարապետական շերտ է, որը մեզ համար արժեք չունի:

Նրանք կուրացած էին մեր միջնադարյան ճարտարապետության նմուշներով և այսպիսի քաղաքային կառուցապատման ճարտարապետությունը չէին ընդունում»:

Լ. Վարդանյանն ասում է, որ ինքն, այնումանայնիվ, ներկայացրել է նախագիծը. «Որովհետև իմ աշխատելու օրերին քանդվեց պառլամենտի շենքը, այսինքն՝ մեր բոլոր պատմական կառուցները քանդվում էին: Այսինքն՝ քանդում էին Երևանի պատմությունը՝ չգիտակցելով, որ նոր կառույցներով, նույնիսկ գեղեցիկ ճարտարապետական ունիկալ բաներ դնելով՝ քաղաք չի կառուցվում»:

Ճարտարապետը պատմում է, որ երբ 2005 թվականին նախագիծը Ե. Զախրյանն ընդունեց, ներկայացվեց ՀՀ նախագահին. «Ամբողջ նախագիծը ներկայացվել է մասնագիտական խորհրդում, այսինքն՝ Մշակույթի նախարարության ներկայացուցիչների հետ միասին, լրագրողների հետ միասին, նախագիծը ներկայացվեց ու անցավ: Դրանից հետո արդեն տրվեց քաղաքապետարանի, կառավարության որոշումը:

Այսինքն՝ նախագծային պրոցեսը սկսվեց: Բայց հետո իրար հետևից փոխվեցին քաղաքապետները: Մեզ մոտ գիտեք, ամեն նոր պաշտոնյա ամեն ինչ սկսում է նորից: Հետո եկավ ֆինանասական ճգնաժամը: Դրանից հետո՝ 2 տարի առաջ Սերժ Սարգսյանը Թիֆլիսի այցելությունից հետո անմիջապես հրահանգ տվեց (հին Թիֆլիսը տեսնելով՝ հիշեց, որ մենք էլ ունենք ծրագիր), իմ առջև նորից խնդիր դրեցին, որ շարունակում ենք աշխատանքները: Քաղաքապետարանի նոր որոշում կայացվեց»:

Լ. Վարդանյանը նշեց, որ նախագծի շրջանակներում նախատեսվում է մոտավորապես 14 շենք այնտեղ վերականգնել: Մինչ այժմ մոտավորապես 12-13 շենք ապամոնտաժվել է, իսկ ընդհանուր առմամբ՝ Հին Երևան նախագծում պետք է լինի մոտ 36 շենք:

Նա ասաց, որ այս գործընթացին խանգարող միակ հանգամանը իր կոլեգաների, համաքաղաքացիների այդ «բացասական պայքարն է», որ 2005 թվականից մինչև այսօր գնում է. «Աֆրիկյանների տան ապամոնտաժման ծրագիրը ներկայացվել է Մշակույթի նախարարություն 2012 թվականին: 2 տարի տևեց մինչև այդ Աֆրիկյանների տան ապամոնտաժման թույլտվությունը Մշակույթի նախարարությունից համաձայնեցված ստացա: Ու քանի որ այդ տեղի ինվեստորը բնակիչներից ազատել էր շենքը, շենքը անտեր էր: Երևանում, երբ հուշարձան-շենքը բնակիչներից ազատվում է, անմիջապես դռները, լուսամուտները, մետաղական պատշգամբները բոլորը գողանում են: Հոշոտվեց այդ ամբողջ շենքը: Այսինքն՝ ես պետք է շնորահակալություն հայտնեմ Մշակույթի նախարարությանը և հանրությանը, որ գողացան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս