Արման Նավասարդյան. Այդ ծանրաձողը Յուրի Վարդանյանը չի կարող բարձրացնել

Արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագետ Արման Նավասարդյանի կարծիքով` Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը լուրջ վրիպումներ ունի կադրային քաղաքականության հարցում, քանի որ օտար երկրներում դեսպաններ են նշանակվում ոչ պրոֆեսիոնալները:

Այսօրվա մամուլի ասուլիսում Արման Նավասարդյանն ասաց, որ իր կարծիքով` սխալ էր լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելը: Նա հիշեց, որ նմանատիպ նշանակում եղել է նաև նախկինում, երբ մեկ այլ մեծանուն հային` Շառլ Ազնավուրին նշանակեցին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, որի հետևանքով հանճարեղ շանսոնիեն, լինելով դեսպան, մի քանի անգամ կոպիտ կերպով խախտեց լոյալության կանոնները` քննադատելով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը:

«Եթե մինչ այդ մենք ասում էինք, որ օլիգարխներ են նշանակվում, մեծահարուստներ, ովքեր գնում, բացում են դեսպանություններ և դառնում են դեսպաններ` անկախ արդյունքից, հիմա մենք ունենք դեպք, երբ նախկին շատ լավ սպորտսմեն, ժամանակին նրան ասում էին Սասունցի Դավիթ, և իրոք այդպես էր… Ես չգիտեմ` ինչպիսի նախարար է եղել, և ինչ մոտիվներ են եղել նրան նախարար նշանակելու, բայց կարծում եմ, որ նման քայլը սխալ էր` դեսպան նշանակելն ընդհանրապես և մասնավորապես Վրաստանի նման երկրում, որովհետև Վրաստանն առանցքային նշանակություն ունի մեզ համար: Գոյություն ունեն վրաց-ադրբեջանական հարաբերություններ, վրաց-թուրքական հարաբերություններ, Ռուսաստանի հետ հարաբերություններ, կոմունիկացիաների հարցը, մեր Ջավախքը: Եվ նման պարագայում դեսպան նշանակել անփորձ, ոչ պրոֆեսիոնալ դիվանագետի կամ նրան դարձնել դիվանագետ, կարծում եմ, մեծ սայթաքում էր: Այդ ծանրաձողը նա չի կարող բարձրացնել»,- նշեց Արման Նավասարդյանը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով` տվյալ պրակտիկան նեպոտիստական հասարակության շրջանակներում է, երբ իշխանությունները պաշտոնյաներին նշանակում են արյունակցական, հարազատական կամ ընկերական կապերի հիման վրա: Նա շեշտեց` ավանդույթը խիստ սովետական-բոլշևիկյան է:

«Սա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է` նեպոտիզմի շրջանակներում: Ինչպես իմ գործընկերն ասաց, նույնիսկ անհասկանալի է` ինչու: Հետո խոսում են` Աստանայում ինչ կատարվեց: Հենց Աստանան նախապատրաստվում է այդ ձևով: Ժամանակն է, որ հասարակության մասշտաբով ասվի` անթույլատրելի է»,- ասաց Լևոն Շիրինյանը:

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելուն` Արման Նավասարդյանն ասաց, որ դժվարանում է միանշանակ գնահատական տալ, քանի որ Տիգրան Սարգսյանն ունի համապատասխան կրթական մակարդակ, սակայն դժվար է ասել` նա ինչպիսի դեսպան կլինի: Միաժամանակ հիշեցնելով Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալի մասին` դիվանագետն ավելացրեց, որ նման դեպքերում դիվանագիտության մեջ սովորաբար խուսափում են անձին բարձրացնել դեսպանի աստիճանին` այն էլ Միացյալ Նահանգների նման երկրում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս