«Հայաստանի համար վտանգն այս նոր բանտին կամավոր կերպով միանալն է»

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը հունիսի 16-18-ը Բաքվում էր, որտեղ Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հերթական սեմինարին և հայ պատգամավորների հետ միասին դիմակայեց ադրբեջանցիների բանավոր հարձակումներին: Ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցն այդ այցելության և մի շարք այլ հարցերի շուրջ:

– Դուք Բաքվից այսպիսի գրառում էիք արել. «Առանց ղարաբաղյան հակամարտության` Ադրբեջանի դիվանագիտությունն ու անվտանգությունը կսասանվի: Մեկ հիմնահարցի վրա հիմնված ռազմավարության սահմանափակությունը»: Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում այդ այցը և ի՞նչ տպավորություն ունեք Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների պահվածքից. Բաքվում կա՞ քաղաքական կամք` գնալու ղարաբաղյան հարցի լուծմանը, թե՞ ճիշտ հակառակը:

– Քանի որ ես առաջին անգամ էի այցելում Բաքու, ինձ ամենաշատը հետաքրքրում էր քաղաքական կամքի հարցը: Իրականում Ադրբեջանի ներսում քաղաքական կամք կա, սակայն սխալ ուղղությամբ: Քաղաքական կամքը հիմնված է Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցման վրա, և այդ քաղաքական կամքը չի ընդունի այլ տարբերակ, քան Հայաստանի կողմից Ղարաբաղն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելը: Դա նշանակում է, որ դիվանագիտական առումով ես այնքան էլ լավատես չեմ: Այլ կերպ ասած` Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարությունը ո՛չ ռազմավարություն է, ո՛չ էլ դիվանագիտություն:

– Ընդհանուր առմամբ, հայկական պատվիրակության անդամների ելույթները Հայաստանում շատ դրական գնահատվեցին, սակայն քաղաքական գործիչներից մեկը նաև ասաց, որ, ի տարբերություն Ադրբեջանի ներկայացուցիչների, ովքեր սեմինարին ներկայացնում էին Ադրբեջանի պետական տեսակետը, մեր պատվիրակության անդամները, կարծես, յուրաքանչյուրն իր անձնական մոտեցումն արտահայտեր:

– Մենք կարող ենք ասել, որ Ադրբեջանի հետ համեմատած` Հայաստանում բազմակարծությունն անհամեմատ շատ է, և ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանի քաղաքացիական հասարակության շրջանում կա այդ կարծիքների բազմազանությունը, որը կարող է գործել: Ադրբեջանում վախի մթնոլորտ է, բայց այդ հյուսիսկորեական ոճով կարծիքի միասնությունը չի նշանակում, որ իրականում Ադրբեջանում բազմազանություն չկա: Ավելին, կարող ենք ասել, որ տարբերակված կարծիք ունեցող մարդիկ վախենում են իրենց տեսակետն արտահայտել:

– Նույն օրերին, երբ Դուք Բաքվում էիք, պաշտոնական այցով Ադրբեջան էր մեկնել նաև ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

– Եվ, ի դեպ, ես տեսել եմ նրան Բաքվում` նույն հյուրանոցում, որտեղ մենք էինք իջևանել: Ամենամտահոգիչն այն էր, որ նրա հետ Բաքու էր եկել նաև Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը եղել է Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկերոջ բանակցությունների օրակարգում: Պատվիրակության կազմում կային նաև ռուսաստանյան երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ընդգրկված են Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացում: Լավրովի այցը Բաքու ցույց է տալիս, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի հետ նոր ռազմավարական հարաբերություններ կառուցելու ուղղությամբ:

– Լավրովը Բաքվում և Երևանում ղարաբաղյան հակամարտության առնչությամբ միանգամայն տարբեր հայտարարություններ արեց: Բաքվում նա, ըստ էության, կրկնեց Նազարբաևի ասածը` նշելով, որ Եվրասիական տնտեսական միությունը որևէ կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ, և «Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կանդամակցի ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով»:

– Հետևաբար` Հայաստանին այլևս չպետք է բավարարի պարզապես հայտարարելը, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակում են բարեկամական մնալ: Հայաստանն ավելի մեծ հարգանք պետք է պահանջի Ռուսաստանից և նրա հետ հարաբերություններից: Օրինակ, ՌԴ արտգործնախարար Լավրովը երևանյան այցի շրջանակներում այցելեց Ցեղասպանության հուշահամալիր: Դա, իհարկե, գեղեցիկ քայլ էր, բայց ավելի լավ կլիներ, եթե Ռուսաստանը դադարեր Ադրբեջանին զինել:

– Այն, որ այլ հարցերի համատեքստում Ղարաբաղի մասին խոսում են անգամ ամենաբարձր մակարդակով, չի՞ նշանակում, որ խորքերում ինչ-որ խմորումներ կան:

– Այո՛, իրականում դա մտահոգության լուրջ առիթ է: Դա նաև բերում է մի իրատեսական եզրահանգման. եթե նայենք Մինսկի խմբին` Ֆրանսիային, ԱՄՆ-ին և Ռուսաստանին, կտեսնենք, որ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Ֆրանսիան երկար ժամանակ անփոփոխ դիրքորոշում ունեն Լեռնային Ղարաբաղի հարցում: Վտանգավորն այն է, որ Մինսկի խմբի միակ երկիրը, որը կարող է փոխել ղարաբաղյան հարցում իր քաղաքականությունը, Ռուսաստանն է, չնայած հայ-ռուսական պատմական, բարեկամական հարաբերությունների մասին ստանդարտ հռետորաբանությանը: Եվ պետք է շեշտել, որ ուկրաինական ճգնաժամից հետո Ռուսաստանն ավելի անկանխատեսելի է դարձել: Պուտինն անում է այն, ինչն, իր կարծիքով, առավելագույն օգուտ կարող է տալ Ռուսաստանին: Սա բնական է, բայց միամտություն կլինի կարծելը, թե Պուտինը միշտ պաշտպանելու է Հայաստանի շահերը:

– Որքանո՞վ է ղարաբաղյան հարցը կապված եվրասիական գործընթացների և Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցման հնարավորության հետ:

– Այդպիսի խոսակցություններ կան, բայց իրականում իրատեսական չէ մտածելը, որ Ադրբեջանը կամ Թուրքիան կարող են երբևէ անդամակցել Եվրասիական միությանը: Բայց դա նաև ցույց է տալիս, որ այս նախագիծը ո՛չ տնտեսական է, ո՛չ էլ կապ ունի առևտրի հետ: Այն ավելի շատ իրենից ներկայացնում է քաղաքական և աշխարհաքաղաքական նախագիծ` ռուսական գերակայությամբ: Հայաստանի համար վտանգն այս նոր բանտին կամավոր կերպով միանալն է: Դրա հետևանքով Հայաստանը կհայտնվի պատմության սխալ կողմում և նոր «երկաթե վարագույրի» ետևում:

– Հիմա պատմության մասին: Հասարակական և քաղաքական որոշ շրջանակներ այսօր մտավախություն ունեն, որ Լեռնային Ղարաբաղը հերթական անգամ կարող է դառնալ առևտրի առարկա Մոսկվայի և Բաքվի միջև, և Ռուսաստանը, ինչպես 1921 թ., այնպես էլ այսօր կարող է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել հօգուտ Ադրբեջանի: Այդպիսի զարգացումն այսօր հնարավո՞ր է:

– Իհարկե, դա շատ հնարավոր է: Երկրորդ պատճառն այն է, որ անգամ մեր հաղթանակը Լեռնային Ղարաբաղում ոչ թե շնորհիվ Ռուսաստանի էր, այլ ի հեճուկս: Հայաստանը ոչ միայն ավելի իրատեսական պետք է լինի իր ընկերներին վստահելու հարցում, այլև ստուգի` արդյո՞ք նրանք կատարեցին իրենց տված խոստումները:

– Իր վերջին ելույթներում Սերժ Սարգսյանը շեշտեց, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է, ղարաբաղյան հարցը Մաքսային միությունում չի լուծվելու: Մի կողմ դնելով հարցի մյուս կողմը` արդյո՞ք սա նաև որոշակի ուղերձ էր Ռուսաստանին, որ ղարաբաղյան հարցի լուծումը չի կարող Մինսկի խմբի ձևաչափից անցնել Ռուսաստանի լիակատար վերահսկողության ներքո:

– Դա ակնհայտ է, և նախագահը շատ ճիշտ էր` այն իմաստով, որ եթե անգամ Հայաաստանը դառնա Եվրասիական միության անդամ, Լեռնային Ղարաբաղն իր հետ միասին չի միանա այդ կառույցին: Սակայն Հայաստանը պետք է կանխի Ղարաբաղը Հայաստանից մեկուսացնելու կամ կտրելու որևէ նախաձեռնություն: Բայց եկեք անկեղծ լինենք: Եթե անգամ Հայաստանը ստորագրեր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղը դրանում ընդգրկված չէր լինի:

– Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը նախորդ շաբաթ հանդես եկավ մի ուշագրավ նախաձեռնությամբ` ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին իր պատկերացումները: 10 կետերից մեկում նշվում է, որ կողմերի համաձայնությամբ ԼՂՀ-ն պետք է ճանաչվի Հայաստանից անկախ, և Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է պարտավորվեն չբարձրացնել երկու պետությունների միավորման պահանջ: Կարելի՞ է սա ինչ-որ իմաստով համարել Մոսկվայի դիրքորոշման արտահայտումը` ոչ պաշտոնական խոսնակի միջոցով:

– Այո՛, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նախկին և ներկա դեսպանների ապուշ հայտարարությունները: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի հարգում Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, և մենք պետք է ավելի խիստ արձագանք ակնկալենք Հայաստանի ոչ կառավարական, ռուսամետ փորձագետներից:

Ինչ վերաբերում է կետերին, տեքստի օրիգինալ տարբերակում, որը ես կարդացել եմ, նշվում է, թե Լեռնային Ղարաբաղը պետք է ճանաչվի Հայաստանից անկախ, բայց մի մոռացեք, որ Հայաստանից անկախ լինելը կարող է նշանակել վերադարձ Ադրբեջանի կազմի մեջ:

– Ձեր կարծիքով` Հայաստանում չե՞ն մոռացել այն մասին, որ արցախյան շարժումը սկսվել է «Միացում» կարգախոսից:

– Ես այդպես չէի ասի: Ղարաբաղի միացումը Հայաստանին ավելի իրատեսական է, քան Ղարաբաղի անկախացումը: Սակայն խնդիրը ղարաբաղյան հարցի վերաբերյալ հասարակական բանավեճի ցածր մակարդակն է:

– Ամեն դեպքում, Ղազախստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից կա՞ նախաձեռնություն` Լեռնային Ղարաբաղը Հայաստանից անջատելու նպատակով:

– Ոչ, չկա, բայց դա չի նշանակում, որ այդպիսի նախաձեռնություն չի կարող լինել:

– Այս իրավիճակում իմաստ տեսնո՞ւմ եք Եվրասիական միությանն անդամակցելու մեջ:

– Ոչ: Չեմ կարծում, որ դա երբևէ իմաստ է ունեցել, իսկ տնտեսական առումով այդ քայլն ինքնասպանություն կլինի: Բարեբախտաբար անգամ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը կարող է երբևէ չմիանալ Եվրասիական միությանը: Վերջին մարտահրավերը Ռուսաստանի փոխվարչապետ Շուվալովի հայտարարությունն էր: Նա ասաց, որ Հայաստանը խնդիրներ կունենա Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, եթե միանա Եվրասիական միությանը:

– Լավրովի երևանյան այցի ժամանակ ևս չեղավ որևէ կոնկրետ հայտարարություն:

– Ասեմ ավելին, կողմերից ոչ մեկը չկարողացավ նշել որևէ մանրամասնություն կամ կոնկրետ ամսաթիվ, թե երբ է Հայաստանը միանալու Եվրասիական միությանը: Սա ինձ ավելի կասկածամիտ է դարձնում:

– Այդ դեպքում ինչո՞ւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Հայաստանը Եվրասիական միությանը միանալու մասին պայմանագիրը կստորագրի հուլիսի 3-ին:

– Գիտեք, ես մինչ օրս չգիտեմ, թե վարչապետն ինչպես է կատարում իր վերլուծությունները:

Տեսանյութեր

Լրահոս