Թուրքիան հավատում է, որ Հայաստանն ու Հայկական սփյուռքը կընտրեն «համարձակ քայլերի» ուղին. Դավութօղլու
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հոդված է հրապարակել Turkish Policy Quarterly պարբերականում, որում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին:
Դավութօղլուն գրում է, որ Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունները կարող են թևակոխել «նոր ժամանակաշրջան», եթե Հայկական սփյուռքը որոշի ձեռնարկել «համարձակ քայլեր», ինչպես որ ապրիլին արեց Անկարան, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ցավակցական ուղերձ հղեց:
Դավութօղլուն չափազանց կարևորել է Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների ապագան, Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը և համայն աշխարհում հայ-թուրքական (հայերի ու թուրքերի) հարաբերությունների կարգավորումը:
Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան հավատում է, որ Հայաստանն ու Հայկական սփյուռքը կընտրեն «համարձակ քայլեր» կատարելու ուղին, որը տեղի ունենալու դեպքում հայ-թուրքական հարաբերությունները կթևակոխեն «նոր ժամանակաշրջան»: Դավութօղլուն ընդգծել է, որ Էրդողանի ցավակցական ուղերձը պետք է հիմք հանդիսանա հետագա համարձակ քայլերի համար.
«2009 թվականին Հայաստանն ու Թուրքիան արձանագրություն ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին: Եթե կողմերի մտավորականներն ու քաղաքական գործիչները կատարեն հոգեբանական արգելքների հաղթահարման գծով աշխատանքի իրենց մասը, ապա դա կօգնի կառուցել «արդար հիշողություն»:
«Արդար հիշողությունը» ստեղծվել է 1915 թվականի իրադարձությունների շուրջ՝ որպես հայերի ու թուրքերի ընդհանուր անցյալի ու ապագայի առավել կարևոր օրինակ: Կողմերի միջև պետք է լինի բաց և շարունակական երկխոսություն: «Արդար հիշողություն» հայեցակարգը, որը մենք հաճախ ենք կիրառում այս գործընթացում, ունի առանցքային կարևորություն:
Որպեսզի հայերն ու թուրքերը հասկանան, թե նրանցից յուրաքանչյուրն ինչեր է վերապրել, շատ կարևոր է, որ նրանք հարգեն միմյանց անցյալը: Հայերի համար 1915 թվականը հանդիսացել է տեղահանության տարի, որի ժամանակ գրանցվել են մեծ աղետներ: Մինչև 1915 թվականն ու դրանից հետո ընկած ժամանակները մեծ աղետ են հանդիսացել Անատոլիայի թուրքերի համար:
Դրանք եղել են այնպիսի ժամանակներ, երբ թուրքերն իրենց գոյատևման համար պայքար են մղել Բալկանյան պատերազմներում, Չանաքքալեում (Դարդանել) և Անկախության պատերազմում (Քեմալական շարժում): Իրականում դա եղել է «ընդհանուր ցավի» ժամանակաշրջան»: